ՀՀ վարչապետը կընդունի քիմպրոմցիներին
Քիչ առաջ Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանից տեղեկացավ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` վերջինիս կողմից «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցների ընդունելու վերաբերյալ: «ՀՀ վարչապետի հետ պայմանավորվեցի, որ երկուշաբթի ընդունի «Քիմպրոմի» մի խումբ աշխատակիցների, որպեսզի վերջիններս իրենց խնդիրները, իրենց հուզող հարցերը անմիջականորեն ներկայացնեն ՀՀ վարչապետին»,-տեղեկացրեց ԱԺ պատգամավորը: Ընկերության աշխատակիցների խոսքով՝ լուծում չստացած է մնում Վանաձորի քիմիական կոմբինատի (նաև ողջ համալիրի) աշխատողների ինչպես հետագա աշխատանքի, այնպես էլ կուտակված աշխատավարձերի վճարման հարցը: Նրանք հայտնում են, որ աշխատողների գրեթե կեսը, այսինքն` մոտավորապես 250 հոգի, իսկ ՋԷԿ-ում մոտավորապես 80 հոգի 129 հաստիքային աշխատողից, այսինքն, ավելի, քան 300 հոգի, դեռևս հունվարից գտնվում են հարկադիր պարապուրդում` 2/3 աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, աշխատակիցներն արդեն 10 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Չստացած աշխատավարձերն ու գործարանի հետագա ճակատագրի անորոշությունն էլ այս մարդկանց ստիպում են պարբերաբար հանդես գալ բողոքի ցույցերով:
Աղբյուր՝ Aravot.am
Բաժին: Մամուլ