Էդմոն Մարուքյան. «Եթե հետ ստանանք գոնե Կարեն Պետրոսյանի դիակը, կապացուցվի, որ նա սպանվել է խոշտանգումներից»
«Ընդդեմ Ադրբեջանի Եվրոդատարանում 2 գործ կա գրանցված: Մեկը Մանվել Սարիբեկյանի գործն է, նա մահացել էր՝ խոշտանգումների արդյունքու: Այդ գործը ներկայացվել է հետմահու,եւ Արթուր Բադալյանի գործը: Բարեբախտաբար, նա կենդանի փոխանակվեց, բայց լուրջ հիվանդություններ ունի այդ մարդը, բուժվում է եւ մինչ օրս տառապում է: Արթուր Բադալյանի գործը ես եմ Եվրոպական դատարան ներկայացրել: Կարեն Պետրոսյանի գործով մենք Ադրբեջանի դեմ պետք է ներկայացնենք հերթական հայցը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանում գերեվարված, այնուհետեւ մահացած Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի խոշտանգումների հետ կապված այսպիսի գնահատական տվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա ասաց, որ գերիներին խոշտանգելն ու սպանելն արդեն պրակտիկա է դարձել Ադրբեջանի համար: Ըստ պարոն Մարուքյանի, բացի Եվրոպական դատարան դիմելը, քաղաքական եւ դիվանագիտական հարթակներում անընդհատ պետք է այդ հարցը բարձրացվի՝ ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵԱՀԿ-ում, բոլոր հարթակներում. «Առողջ մարդը, քաղաքացիական անձը գերի է ընկնում եւ նա խոշտանգումների արդյունքում սպանվում է: Այստեղ խոսքը չի գնում զինվորականի մասին՝ կոմբատանտի մասին: Անգամ զինվորականի դեպքում, որը ներկայացվում է որպես դիվերսանտ, այդ առումով էլ ոչ մի նորմ չի պահպանվել: Եթե հնարավորություն ունենանք հետ ստանալու գոնե Կարեն Պետրոսյանի դիակը, փորձաքննությունը կապացուցի, կտեսնեք, որ նա ուղղակի խոշտանգումների արդյունքում է սպանվել»: Ըստ Էդմոն Մարուքյանի, Կարեն Պետրոսյանի դեպքում ադրբեջանցիներն իրենք են մեզ լուրջ փաստեր ներկայացրել՝ տեսանյութերի, լուսանկարների տեսքով, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են հայ գերուն խոշտանգել. «Այդ տեսանյութը բավարար փաստ է, որ գերու հետ վարվել են դաժան, նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է ցուցաբերվել: Ակնհայտ երեւում է, որ նա խոշտանգումների է ենթարկվել: Այդ փաստերը բավարար են՝ ապացուցելու, որ առողջ մարդն ուղղակի սպանվել է»: Կարեն Պետրոսյանի՝ իբր թե հանկարծակի մահը ինչքանով կապ ունի Ալիեւ-Սարգսյան հանդիպման հետ՝ հաշվի առնելով, որ վաղը նախատեսված է այդ հանդիպումը ՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Կարող է կապ ունենան: Հնարավոր է դա արվում է, որ սրվի վիճակը կամ Հայաստանը հրաժարվի այդ հանդիպումից՝ իր հետագա բոլոր հետեւանքներով: Ամեն բան հնարավոր է: Բայց այն, որ Ալիեւի Twitter-յան քարոզարշավը նույնպես կապ ունի այդ հանդիպման հետ, սկսում եմ դրանում համոզվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Աղբյուր՝ aravot.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ