Իմ տեսլականը…

25/08/2014

Շատերն են ինձ հարցնում թե ինչը ստիպեց թողնել սիրած գործը` իրավապաշտպան գործունեությունը – փաստաբանությունը և զբաղվել քաղաքականությամբ: Պատասխանը շատ պարզ է և միևնույն ժամանակ կապված է Հայաստանի մասին իմ տեսլականի իմ երազանքի հետ:
Ես քաղաքական գործունեությամբ զբաղվում եմ մի պատճառով, որ Հայաստանը դարձնենք «Հնարավորությունների երկիր Հայաստան», որտեղ ամեն ՀՀ քաղաքացի և Հայաստանում բնակվելու ցանկություն ունեցող ցանկացած հայ մարդ, օգտվելով պետության կողմից ստեղծված հնարավորություններից, կկարողանա ձգտել իր բաժին երջանկությանը և հասնել իր երազանքին, որտեղ մեր երեխաները և եկող սերունդները չեն քննադատի մեզ իրենց հնարավորությունները վատնելու, նորերը չստեղծելու և բևեռացված հասարակություն ժառանգելու համար:

Հնարավորությունների երկիր ասելով` ես հասկանում եմ պետություն, որտեղ ամեն բան արվում է քաղաքացու իրավունքների և ազատությունների պատշաճ իրացման համար, որտեղ քաղաքացին կարող է սեփական գործ սկսել առանց կոռուպցիոն գործարքներ հաղթահարելու, որտեղ քաղաքացին հավասար հնարավորություններ ունի մյուս բոլոր քաղաքացիների նման զբաղվելու իր ընտրած գործով, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև և հավասարապես պաշտպանվում են օրենքով, որտեղ քաղաքացին կարող է կանխատեսել պետության գործողությունները, որտեղ պետության գործողությունները համաչափ ու արդար են, որտեղ քաղաքացին գիտի, որ իր իրավունքները կարող են խախտվել, սակայն դատական իշխանությունն այն ատյանն է, որն արդարադատություն իրականացնելով` կպաշտպանի և կվերականգնի իր խախտված իրավունքները:

Հնարավորությունների երկրում պետությունը ձեռնպահ է մնում անհարկի միջամտություններից և չի խանգարում իր իսկ քաղաքացիներին ձգտելու այն երջանկությանը, որն ազատ կամաարտահայտությամբ ընտրել է յուրաքանչյուր ոք:

Հնարավորությունների երկրում պետությունը միայն ստեղծում է հնարավորություններ և պայմաններ, կարճ ասած արդարացի խաղի կանոններ, որպեսզի հասարակությունը զարգանա: Միևնույն ժամանակ պետությունը գործի է դնում պետական պատժիչ մեքենան միայն այն դեպքերում, երբ վտանգվել կամ խախտվել են քաղաքացիների երջանկությանը ձգտելու իրավունքը, երբ սահմանափկվել են քաղաքացիների հնարավորությունները և անհավասար պայմաններ են ստեղծվել` խախտելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը:

Թե ինչու այսօր այդ հնարավորությունների երկիր Հայաստանը չունենք օրինակները բազմաթիվ են: Ես կփորձեմ շատ հակիրճ ու ընդհանուր նկարագիր տալ այդ խնդիրներին: Այսօր բազմաթիվ ոլորտներում մարդկանց նախաձեռնությունները սահմանափակվում կամ խոչընդոտվում են երկու պատճառով. առաջինը` հավասար հնարավորությունների բացակայությունն է, իսկ երկրորդը` առկա հնարավորություններից օգտվելու համար ստեղծված արհեստական սահմանափակումներն են: Այս երկու դեպքերում էլ բազմաթիվ ՀՀ քաղաքացիցիների երազանքներ չեն իրացվում Հայաստանում, ինչն էլ, ըստ իս, արտագաղթի ամենահիմնական պատճառն է:

Գիտեմ, որ շատերը կասեն, որ «Հնարավորությունների երկիր Հայաստան» տեսլականն անիրագործելի է և այդ փաստարկն ամրապնդելու համար կարող են հազարավոր հիմնավորումներ բերել և դեպքեր պատմել, որ անհնար է… Տվյալ պարագայում, եթե մի վարկյան անգամ ինքս կասկածեմ, որ դա հնարավոր չէ, ապա ետ կքաշվեմ` հայտարարելով որ դա ահնար է և մենք դատապարտված ենք, բայց նման բան չկա և այս դեպքում նույնպես ահնար բան չկա:

Այդ անհնարինության մասին հիմնավորումներն ու օրինակները ես ինքս էլ լավ գիտեմ, բայց մի բան հստակ ասում եմ, որ ես հավատում եմ, որ հնարավոր է Հայաստանը դարձնել «Հնարավորությունների երկիր Հայաստան» և ես իմ ամենօրյա գործունեությամբ ձգտելու եմ իմ տեսլականի, իմ երազանքի իրագործմանը և իմ բոլոր հնարավորություններով շարունակելու եմ կանգնել այն մարդկանց կողքին ում մերժել են իրացնել իր իրավունքները, ում խոչընդոտել են օգտվել եղած հնարավորություններից կամ ստեղծել նոր հնարավորություններ…

Ովքեր կիսում են իմ տեսլականը կարող ենք միասին առաջ քայլել, ովքեր չեն կիսում` խնդիր չէ. ժամանակը կգա և միասին կվայելենք «Հնարավորությունների երկիր Հայաստան»-ի բարիքները…

Բաժին: featured