Էդմոն Մարուքյանը ներկայացրել է գրավոր առաջարկություն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

26/08/2014

«Հետք. հետաքննող լրագրողներ» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կողմից երեկ՝ օգոստոսի 25-ին, հրապարակվել է «Հանեք հայրենասիրության բաճկոնը և փոխեք օրենքը» վերնագրով հոդված , որում բարձրացված խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կատարել է օրենսդրության ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ կարգավորումները ոչ թե օրենքի, այլ կառավարության որոշումների մակարդակով են, և ըստ այդմ, Էդմոն Մարուքյանը ներկայացրել է հետևյալ գրավոր առաջարկությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 2000 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին 778 թվակիր որոշումը: Նշված որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն շահառուները (համապատասխան մարմինների համակարգերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք), ովքեր ծառայության անցկացման վայրում չեն ապահովվել ծառայողական բնակելի տարածությունով և ծառայության անցկացման վայրի վարչական տարածքի ու շահառուի մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի հեռավորությունը կազմում է 30 և ավելի կիլոմետր: Նույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ շահառուն չի օգտվում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից նրա ընտանիքի անդամի կողմից շահառուի ծառայության անցկացման վայրի վարչական տարածքից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ միանձնյա սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում: Կառավարության մեկ այլ՝ 2007 թվականի մարտի 07-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» թիվ 384 որոշման 5-րդ կետով սահմանվում է, որ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում և բնակարանային հաշվառման ենթակա են (…) սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող այն զինծառայողները, որոնց բնակարանում բնակվող օրենքով սահմանված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 7 ու 7-ից պակաս քառակուսի մետր կամ ընտանիքներում, բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք կամ բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից: Գործնականում այս կարգավորումն առաջացնում է նպատակին անհամաչափ սահմանափակումներ, քանի որ բազմաթիվ զինծառայողներ դուրս են մնում բնակարանի հերթից, չեն ստանում վարձակալված բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում՝ ֆորմալ առումով չբավարարելով նշված պահանջները: Այսպիսով, գործուղվելու դեպքում նրանցից շատերն անձամբ են վճարում վարձակալության գինը, ինչն իրականում բեռ է նրանց ստացած վարձատրության պայմաններում, իսկ զինծառայողների սոցիալական ապահովվածության կարևորությունը դժվար է գերագնահատել: Խնդիրն այն է, որ 30 կմ-ը չափազանց հեռու է մշտական բնակության վայրից, և բազմաթիվ զինծառայողներ, ովքեր դրանից ավելի պակաս հեռու վայրում են անցնում ծառայությունը, սակայն իրականում այնքան հեռու, որ հնարավոր կամ նպատակահարմար չէ շարունակել բնակվել իրենց մշտական բնակության վայրում, այլ անհրաժեշտ է վարձակալել ծառայության վայրին առավել մոտ բնակարան, իրենց միջոցներից են վճարում վարձակալված բնակելի տարածության վճարը: Մյուս կողմից, բնակարան ստանալու համար խոչընդոտ է 7 քմ սեփականության իրավունքով բնակելի տարածության սեփականատեր լինելը: 7 քմ-ն այնքան փոքր տարածություն է, որ բազմաթիվ զինծառայողներ, ովքեր իրոք ունեն բնակելի պայմաների բարելավման խնդիր, զրկվում են այդ իրավունքից ու հնարավորությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետը՝ նշված խնդիրների լուծման համար առաջարկում եմ. – Նվազեցնել Կառավարության թիվ 778 որոշմամբ սահմանված 30 կմ-ի շեմը մինչև իրատեսական մակարդակի, մասնավորապես, Կառավարության 778 թվակիր որոշումը խմբագրել այնպես, որ ծառայողները, ովքեր բնակվում են վարձակալությամբ, ստանան բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում, եթե նրանց մշտական բնակության վայրը կամ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը ծառայության վայրից հեռու է առնվազն 10 կմ-ով կամ եթե զինծառայողը ներկայացնում է այլ օբյեկտիվ հիմնավորումներ առ այն, որ սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն կամ իր ընտանիքի անդամին պատկանող բնակարանում տրված պայմաններում հնարավոր չէ բնակվել: – Ավելացնել Կառավարության թիվ 384 որոշմամբ սահմանված 7 քմ-ի շեմը, ինչպես նաև նորմը սահմանել այնպես, որ հաշվի առնվի ոչ միայն զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, այլ նաև այնտեղ փաստացի բնակվող անձանց քանակը:» 

 

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ