ԱԺ պաշտպանության հանձնաժողովն Արցախում է. այցելությունն իր արդյունքները կունենա՝ համոզված է Էդմոն Մարուքյանը
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի մի շարք պատգամավորներ այս օրերին գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, շրջայցեր են կատարում պաշտպանության բանակի տարբեր զորամասերում և մարտական դիրքերում:
Հանձնաժողովի անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց այցը վաղուց էր պլանավորված, որ հանձնաժողովն իր ամբողջական կազմով այցելի և ուսումնասիրի իր ոլորտի շրջանակներում առկա խնդիրները:
«Մեր այցը պարզապես համընկավ օգոստոսյան դեպքերի հետ: Մենք այս օրերին այցելում ենք զորամասեր, մարտական հենակետեր, ոստիկանության ստորաբաժանումներ և նաև հանձնաժողովի լիազորությունների շրջանակում գտնվող այլ հիմնարկներ: Պետք է ասեմ, որ այցելությունների շրջանակում ծանոթանալով մարտական դիրքերի, զինվորների, սպայական կազմի հոգեվիճակին, ես՝ որպես քաղաքացի, հիացած եմ նրանց թե՛պատրաստվածությամբ, թե՛ հոգեվիճակով և թե՛ հայրենասիրությամբ»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այս օրերին դիրքերում իրավիճակը բավականին հանգիստ է, կրակոցներ չկան:
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի այցը սկսվել է Հայաստանյան մարզերից՝ Վայոց ձոր, Սյունիք և հետո՝ Լեռնային Ղարաբաղ, որտեղից պատգամավորները կվերադառնան վաղը:
Մարուքյանի խոսքով՝ այս օրերին հանձնաժողովի անդամներն ուսումնասիրում են, վեր են հանում առկա խնդիրները, որպեսզի առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ պաշտպանության և մյուս ոլորտներում առկա խնդիրների մասով առաջարկություններ ներկայացնեն: «Միանշանակ, արդեն կան որոշակի խնդիրներ, որոնք անպայման կբարձրաձայնվեն առաջիկա բաց նիստերի քննարկումների ժամանակ: Իսկ մի քանիսի մասին դուք չեք իմանա, քանի որ հայտնի է, որ պաշտպանության հանձնաժողովի բյուջետային քննարկումները փակ են: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ այս այցելությունն իր արդյունքները կունենա թե՛ առաջարկությունների և թե՛ տարբեր այլ խնդիրներ բարձրացնելու առումով»,- նկատեց Մարուքյանը: Նրա խոսքով՝ ԱԺ ներկայացվող առաջարկությունները չեն սահմանափակվի միայն հանձնաժողովի լիազորությունների շրջանակում առկա խնդիրներով: «Մենք այստեղ տարբեր հարցերով ենք: Մենք այստեղ որպես ԱԺ պատգամավորներ ենք, և մեզ հանդիպում են հարցեր, որոնք պաշտպանության հանձնաժողովի լիազորություններից դուրս են, որոնք մենք ֆիքսում ենք և փորձելու ենք անպայման լուծում տալ»:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: featured