Ինչպիսին է սեպտեմբերի 1-ը Էդմոն Մարուքյանի և Լոռու մարզպետի հիշողություններում(ֆոտո)
Այսօր սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի միջազգային օրը: Ոմանց համար սեպտեմբերի 1-ը քայլ է դեպի ապագա, ոմանց համար էլ` հաճելի հիշողություններ է արթնացնում և մտովի տեղափոխում դեպի առաջին սեպտեմբերի 1 և դպրոցական պայծառ օրեր: Lorinews.am Լոռու մարզային լրատվական կայքը շնորհավորում է գրի և դպրության տոնի առթիվ` մաղթելով ձեռքբերումներ և հաջողություններ: Եկեք միասին թերթենք, թե ինչպիսին է սեպտեմբերի մեկը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարոքյանի հիշողություններում: Արթուր Նալբանդյան /Լոռու մարզպետ/ «Սովորել եմ Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցում: Առաջին սեպտեմբերի մեկն այնքան էլ լավ չեմ հիշում, միայն հիշում եմ, որ շատ ուրախ էի, ոգևորված, քանի որ մանկապարտեզից դպրոց պետք է գնայի: Ոգևորված էի, որովհետև նոր գրենական պիտույքներ և հագուստ էին գնել ինձ համար: Դպրոցում շատ լավ եմ սովորել: Դպրոցական տարիներն իսկապես հետաքրքիր են անցել` ընկերներով շրջապատված, լոռեցու ասած` թասիբով էինք »: Էդմոն Մարուքյան /ԱԺ պատգամավոր/ «Սովորել եմ Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 դպրոցում: Առաջին սեպտեմբերի 1-ը լավ չեմ հիշում: Տխուր հիշողություն ունեմ, հիշում եմ երկրաշարժի օրը. այդ ժամանակ ես առաջին դասարանում էի սովորում: Մեր դպրոցը շատ էի սիրում, ընդհանրապես չեմ սիրել բացակայել դասերից, եթե անգամ` հիվանդ եմ եղել: Ուսուցիչներս ինձնից շատ էին բողոքում, կարգապահ չէի, բայց ընդունակ էի: Դպրոցական տարիներին միշտ կազմակերպչի դերում եմ եղել: Դպրոցական շատ հիշողություններ ունեմ: Մեր դպրոցական տարիներին ամեն ինչ քաղաքականացված էր, հայրս էլ էր քաղաքականությամբ զբաղվում: Մի անգամ, հանձնարարված դասի փոխարեն հայրս ինձ ասաց, որ Անդրանիկ Օզանյանի մասին կարդամ և սովորեմ: Այդպես էլ արեցի` հանձնարարված դասի փոխարեն իմ սովորածը պատմեցի և երկուս ստացա: Մի օր էլ Անդրանիկ Օզանյանի նկարով մեդալներ էի տարել դպրոց, բաժանեցի համադասարանցիներիս, ամրացրեցին հագուստների վրա, և երբ ուսուցիչը մտավ դասարան, բոլորս մեդալներով էինք: Որքան էլ ասեց, որ հանենք, մեկ է` չհանեցինք: Այդտեղ էլ կազմակերպիչը ես էի: Ամեն մի նոր ուսումնական տարվա,սեպտեմբերի մեկի սպասում էի ամենից շատ ընկերներիս տեսնելու համար, իմանալու, թե նրանք ինչպես են ամառային արձակուրդներն անցկացրել: Հումանիտար հոսքում եմ սովորել և անգլերենի ամբողջ բազան հենց դպրոցում եմ ստացել »:
Պատրաստեց՝ Անի Աղաջանյանը
Աղբյուր՝ Lorinews.am
Բաժին: Մամուլ