Կատարողական ծախսերի բռնագանձման նոր մեխանիզմ կկիրառվի
Կատարողական ծախսերի բռնագանձման նոր մեխանիզմ է կիրառվելու: Այս մասինLife.panorama.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը Ազգային ժողովում բարձրացրել էր կատարողական ծախսերի անհամաչափության հարցը: Մասնավորապես, գործող օրենքով սահմանված է, որ եթե կատարողական վարույթը մինչև 100 հազար դրամի շրջանակում է, ապա պարտապանից գանձվող կատարողական ծախսը 5 հազար դրամ է: Ստացվում է, որ եթե քաղաքացին խախտում է կատարել և 5 հազար դրամով տուգանվել է, ապա նա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը որպես կատարողական ծախս պետք է վճարի ևս 5 հազար դրամ:
«Բացի այդ, ես ընդգծեցի այն հանգամանքը, որ ստացվում է 5 հազար դրամ տուգանված քաղաքացին էլ այդ չափով կատարողական ծախս պետք է վճարի, 90 հազար դրամ տուգանված քաղաքացին էլ: Այստեղ ակնհայտ անհամաչափություն է և անհեթեթության հասնող իրավիճակ»,-ասաց Էդմոն Մարուքյանը: Պատգամավորն առաջարկել էր այդ հարցի կարգավորման նպատակով նախաձեռնությամբ հանդես գալ: Իր առաջարկին արձագանք արդեն կա: Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ առանձին նախագիծ շրջանառության մեջ չի դնի, որովհետև կառավարությունն արագ արձագանքել է և նախատեսում է խնդրին լուծում տալ:
«Երկու օր առաջ ես մասնակցեցի Արդարադատության նախարարությունում կազմակերպված քննարկմանը: Նախարարությունը նոր նախագիծ է պատրաստել մի շարք հարցերի հետ կապված, որում լուծում է տրվում նաև իմ բարձրացված հարցին»,-ասաց պատգամավորը: Մասնավորապես, նախարարության նախագծով նախատեսվում է համապատասխան օրենքում փոփոխություն կատարել, ըստ որի, եթե տուգանքը 5000 դրամից ցածր է, ապա կատարողական ծախսը չպետք է գերազանցի տուգանքի չափը: Իսկ արդյո՞ք Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող այս տարբերակը խնդրին լուծում է տալիս: «Այո, ըստ էության, խնդրին լուծում է տրվում: Այլ առաջարկներ նույնպես քննարկվում էին, մասնավորապես, տոկոսային տարբերակ կիրառելը, սակայն քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այդ տարբերակն առավել նպատակահարմար է»,-ասաց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարության նախագիծը գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Այն կքննարկվի կառավարությունում: Գործադրի կողմից հավանության արժանանալու դեպքում կմտնի Ազգային ժողով:
Աղբյուր՝ life.panorama.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ