Մարտի 1-ին թալանված խանութների տերերը փոխհատուցում ստացել են, իսկ զոհվածների ընտանիքները` ոչ. Էդմոն Մարուքյան

17/10/2014

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր քննարկման դրվեց ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ պետությունը պետք է փոխհատուցի այն մարդկանց ընտանիքի անդամներին, ովքեր զոհվել են բռնության հետևանքով: Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը համաձայն է ներկայացված նախագծի հետ և նշեց. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարտի 1-ին այրված մեքենաների և թալանված խանութների տերերը փոխհատուցում են ստացել, իսկ զոհվածների ընտանիքները` ոչ»,- հարցրեց Մարուքյանը: Նախագծի գլխավոր զեկուցող Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ինքը համաձայն է Մարուքյանի առաջ քաշած տեսակետի հետ: ՀԱԿ պատգամավորի համոզմամբ` իրենց խմբակցության ներկայացրած նախագիծը ավելացնում է ֆինանսական բեռ, ինչի պատճառով էլ Կառավարությունը չի ընդունում նախագիծը: «Ասում եք մարդու կյանքը բարձրագույն արժեք է, բայց երբ մեքենայի ակը ծակվում է կամ մեկի խանութից 5 հատ գինի են գողանում, փոխհատուցում եք, բայց մարդու կյանքի համար չեք ցանկանում փոխհատուցել»,- ընդգծեց Ջհանգիրյանը, որի խոսքից հետո, որպես հավելում, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական պատճառներով չեն ցանկանում ընդունել նախագիծը:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Բաժին: Մամուլ