Ի՞նչ առաջարկեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանին
Քրեակատարողական հիմնարկների անկախ հանձնաժողովները հասել են նրան, որ տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ: Այսօր Աժ-ում` «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին առաջարկեց ուսումնասիրել այս խնդիրը. «Մենք այս մասին բազմիցս խոսել ենք, ժամանակը գնում է, սակայն ոչինչ տեղի չի ունենում, անկախ հանձնաժողովները գործում են սեփական հայեցողությամբ: Նրանք հրաժարվում են պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հարցերը լուծել, նույնիսկ դատարանի որոշումները չեն կատարում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նա պատրաստ է աջակցել այս հարցում պաշտպանին` տրամադրելով տեղեկություններ, որոնք կհաստատեն իր խոսքերը: Պարոն Մարուքյանը նաև կարծիք հայտնեց, որ անարդյունավետ աշխատանքի համար պետք է նշյալ հանձնաժողովները լուծարվեն. «Պետք է ընդհանրապես նման հանձնաժողովներ չլինեն, իսկ նրանց գործառույթը այլ բազայի վրա գործի»,- շեշտեց պատգամավորը:
Աղբյուր՝ Իրավաբան.net
Բաժին: Մամուլ