Հարցականներ առաջ քաշող հարկային արտոնություններ սահմանամերձ համայնքներին

21/10/2014

Սահմանամերձ համայնքների համար Կառավարությունը մի շարք արտոնություններ է սահմանել: Դրանց թվում նաև իրենց գործունեության մասով առաջացող հարկերից, մասնավորապես շրջանառության հարկից ազատումն է, ինչը կնշանակի, որ գործունեության մասով վճարվելու են միայն ֆիզիկական անձանց աշխատավարձից գոյացող սոցհարկերը: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու հարակից նախագծերի փաթեթը:

Նրա խոսքով՝ նմանատիպ արտոնությունները պարունակում են նաև հարկերից խուսափելու որոշակի ռիսկեր, ինչի համար մշակված են հատուկ մեխանիզմներ, որպեսզի բացառվի արդեն իսկ գրանցված բիզնեսները սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հնարավորությունը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ օրենքը երաշխիք տալիս է սահմանամերձի բնակիչներին, որ արտադրություն հիմնելով մեկ կամ երկու տարի հետո իրենք չեն բախվի օրենքի հերթական փոփոխությանը, ինչը Հայաստանում սովորական երևույթ է և հարկեր ստիպված չեն լինի վճարել: Այլ կերպ ասած՝ օրենքը ժամկետային հստակ մեխանիզմներ նախատեսո՞ւմ է, որ առաջիկա, ասենք, տասը տարիներին այլևս բան չի փոխվի:

Վ.Միրումյանը նման երաշխիք չմատնանշեց, քանի որ օրենքում նման ժամկետային սահմանափակում ամրագրված չէ:

«Օրենքը ժամկետային սահմանափակումներ չի նշել: Բայց նույն տրամաբանությամբ կարող է լինել այնպես, որ վաղը չէ մյուս օրը հարկավոր լինի քայլեր ձեռնարկել այդ ակտիվությունը նվազեցնելու համար»,- պարզաբանեց նա՝ նկատելով, որ տրամադրվող արտոնությունները կարող են բերել անկանխատեսելի իրավիճակի:

Հիշեցնենք, ըստ Կառավարության՝ այս նախագիծը միտված է սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացմանը:

Աղբյուր` Panorama.am

Բաժին: Մամուլ