Էդմոն Մարուքյանը դիմելու է Վերահսկիչ պալատին, որ զբաղվի «Հարավկովկասյան երկաթուղիներով»

13/11/2014

2015-ի բյուջեին տարբեր անուններ են տալիս՝ սոցիալական բյուջե, զարգացման բյուջե, առաջընթացի բյուջե, «յոլա գնալու» բյուջե, աղքատության հաղթահարման բյուջե: Այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, որ այս բյուջեն զարգացման բյուջե չէ: Որպեսզի ունենայինք զարգացման բյուջե, պետք է ամբողջ տարին խորհրդարանը բարեփոխումների փաթեթներ ընդուներ, որը կտաներ զարգացումների: Բայց մենք եւ մեր խորհրդարանը նման բանով չենք զբաղվում: Եթե չունենք այդպիսի օրենքներ, ո՞նց էինք ուզում ունենալ զարգացման բյուջե: Դրա պահանջն անհիմն է: Այս բյուջեն եղածը պահպանելու բյուջեն է: Այսինքն, ինչ ունեցել ենք 2014-ին, փորձենք պահել 2015-ին, գումարած աշխատավարձերի բարձրացում, ուրիշ բան ես չեմ տեսնում»: Էդմոն Մարուքյանը նորից դժգոհեց ռեսուրսների անարդարացի բաշխումից՝ համայնքների մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ. «Ում հարցնում ես՝ ասում է տարածքային համաչափ զարգացում, ապակենտրոնացում եւ այլն: Բայց ինչ են հետո ասում՝ որտեղ շատ մարդ կա, այնտեղ շատ ենք փող դնում, որտեղ քիչ կա՝ քիչ ենք դնում: Բայց հիմա որտեղ շատ մարդ կա, մարդիկ ավելի են շատանում, որովհետեւ կյանքի որակն այստեղ ավելի լավն է: Եթե ռեսուրսներ չկան մարզերում, ո՞նց կարող է ծնելիությունն ավելանա, մարդիկ էլ շատանան: Վերջին 15 տարիներին մենք դոտացիաներ բաշխել ենք այդ սկզբունքով, արդյունքում՝ մեր պետությունը վերածվել է մայրաքաղաքի: Ուզո՞ւմ ես լավ առողջապահություն՝ արի մայրաքաղաք, ուզո՞ւմ ես լավ կրթություն ստանաս՝ գնում ես մայրաքաղաք, ուզո՞ւմ ես լավ ծառայություններից օգտվել՝ գնում ես մայրաքաղաք»: Պատգամավորն ասաց, որ առողջապահության նախարարությունը մարզերում որոշել է մեծ հիվանդանոցներ կառուցել, բայց մինչեւ կառուցվի, կարող է ոչ մասնագետ լինի մարզերում, որ այնտեղ աշխատի, ոչ էլ հիվանդ. «Դրա համար առաջարկում եմ ծայրից ծայր վերանայել այս մոտեցումը: Այս բյուջեում 44 մլրդ դոտացիայից 12 մլրդ –ը գնում է Երեւանին: 2 մլրդ դրամ տրվում է 4-րդ կարգի վթարային շենքերի համար: Վանաձորում 84 հատ վթարային շենք կա, ոչ թե 4-րդ կարգ, այլ՝ 67-րդ կարգ: Մարդիկ վախենում են մեջն ապրել: Ասում ենք՝ ի՞նչ պիտի անեք, ասում են՝ փող չկա: Խնդիր չկա, բայց ինչքան գումար կա, պիտի դա հավասարապես բաշխեք: Ես առաջարկում եմ Վանաձորի շենքերի համար ամրացման գումար տվեք: Որովհետեւ այս ձեւով ռեսուրս բաշխելը չեմ կարծում, որ արդար է»: Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներին» տրամադրված սուբսիդիաներին. «Այդ մասնավոր ընկերությունը գործում է, գործունեության արդյունքում վնասներ է կրում՝ մենք բյուջեից հատուցում ենք: 2011-ին 167 մլն-ի վնաս, 2014-ին՝ 550 մլն-ի: Չե՞նք նայում սկզբում տեսնենք, թե աուդիտը ո՞նց է անցկացվում: Այդ վնասները կրելու լինեինք՝ մենք կկրեինք դրա վնասը, ինչի՞ ենք տվել կոնցեսիոն պայմանագրով այլ ընկերության»: Էդմոն Մարուքյանն ասաց, որ պատրաստվում է դիմել Վերահսկիչ պալատին, որ զբաղվի այդ խնդրով եւ կոնկրետ ուսումնասիրություններ իրականացնի: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ