Էդմոն Մարուքյան. Մի ստիպեք մեզ կուսակցական նշանները ամրացնել հագուստին

01/12/2014

Խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգին անցնելը կխանգարի անկախ պատգամավորներին, դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, ոչ իշխանական  ուժերը փոխզիջման կգան իշխանության հետ եւ կբավարարվեն մեծամասնական շրջանների կրճատմամբ, ասենք, ներկայիս 41-ից մինչեւ 20-21: Մարուքյանը հավելել է, որ այդ դեպքում  կպարտվեն անկուսակցականները, որոնք ցանկանում են պատգամավոր դառնալ. Շրջանն այնքան խոշոր կդառնա, որ առանց մեծ փողերի, առնվազն 1-2 մլն դոլարով,  հաղթելն անհնար կլինի:

Նա ընդգծել է, որ իր զրույցներն ընտրողների հետ հաստատում են այն վարկածը, որ 100%-անոց համամասնական համակարգ նրանք չեն ցանկանում: Պատճառն այն է, որ կուսակցություններում ընտրողները չեն կարող մարդիկ գտնել, որոնք իրենց խնդիրները կհասցնեն իշխանությանը:  «Իսկ հիմա մարդիկ, լավ, թե վատ, գիտեն թե ով է իրենց պատգամավորը: Բարեխիղճ է նա, թե ոչ,  միլիոնատեր է, թե «հեղինակություն», գոնե մարդ կա, որին կարելի է ինչ-որ բան  հասկացնել: Ցանկանում ենք, թե ոչ, սակայն ընտրողներն ի դեմս մեզ տեսնում են իշխանության առաջ միջնորդների: Ժողովուրդն այդ մեխանիզմն իր համար պետքական  է համարում»,- ասել է Մարուքյանը: Իսկ հույս ունենալ, թե կուսակցությունները իրենց ցուցակներում կներառեն նման մարդկանց, ըստ նրա, հարկավոր չէ: «Մոլդովայում խորհրդարանական վերջին ընտրությունները   ցույց տվեցին, որ ցուցակում ընդգրկված պատգամավորների 90%-ին Քիշնեւից են վերցնում: Մարզերի խնդիրները բարձրացնող չկա:  Ո՞վ կերաշխավորի, որ նույնը տեղի չի ունենա մեզ մոտ: Բացի այդ, ինչո՞ւ  անկուսակցականների առաջ նման պահանջներ դնել եւ ստիպել կոստյումին կուսակցական նշաններ ամրացնել՝ ընտրվելու հնարավորություն տալու համար:  Սա հակասում է ընտրվելու սահմանադրական իրավունքին»,-ամփոփել է Մարուքյանը:

Աղբյուր՝ news.am

Բաժին: featured, Մամուլ