Ընտրողների հետ խոսե՞լ եք, նրանք ուզո՞ւմ են, որ 100 տոկոսանոց համամասնական լինի. Էդմոն Մարուքյան

01/12/2014

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը չի տա բոլոր խնդիրների լուծումը, այս մասին պատգամավորն ասաց Աժ-ում «ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկելու մասին» ՀՀ Աժ որոշման նախագծի քննարկման ժամանակ:

«Եթե ես լինեի 5 հոգանոց խմբակցության անդամ, ես կխոսեի 10 տոկոսանոց համամասնականի մասին, կասեի, որ դա շատ կարևոր է: Բայց ասել, որ բոլոր պրոբլեմների լուծումը 100 տոկոս համամասնականի մեջ է, այս նախագծում էլ շատ խնդիրներ իդենտիֆիկացվել են, համաձայն եմ: Բայց պրոբլեմների լուծման ձեր ներկայացրած ճանապարհը պրոբլեմների հետ կապ չունի: Փաստարկները, որ բերվում են. օրինակ՝ կուսակցությունների դերի բարձրացում, կուսակցությունների դերը ո՞նց պետք է բարձրանա: Համամասնական ցուցակները մեր երկրում կազմվում են ամենախայտառակ ձևով: Իմ պատգամավոր դառնալու համար հազարավոր մարդիկ իրենց ներդրումն ունեցել են: Ցուցակով ընտրված մարդկանց պատգամավոր դառնալու համար կամ կուսակցական մի փոքր խորհուրդ է որոշում, կամ՝ մի մարդ»,- իր խոսքում ասաց Մարուքյանը: 

Պատգամավորը մի փաստարկ ևս առաջ քաշեց. նա հարց ուղղեց նախագծի հեղինակներին. «Ընտրողների հետ խոսել ե՞ք, նրանք ուզո՞ւմ են, որ 100 տոկոսանոց համամասնական լինի: Ես ում հետ խոսել եմ, ասել են չենք ուզում»,- շեշտեց պատգամավորը:

Աղբյուր՝ araratnews.am

Բաժին: Մամուլ