Եթե ցածր որակի շինարարությունների փոխարեն գումարներն ուղղված լինեին բնակարանների ձեռքբերմանը, անօթեւանների խնդիրը լուծված կլիներ

09/12/2014
1988 թվականի երկրաշարժից արդեն 26 տարի է անցել, սակայն աղետի հետեւանքով անօթեւան դարձած շատ քաղաքացիներ Գյումրիում եւ ՀՀ այլ բնակավայրերում դեռեւս բնակարաններ չունեն: Այս հարցի շուրջ «Ասպարեզը» զրուցել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարոն Մարուքյան, Սպիտակի երկրաշարժի հետեւանքով Գյումրիում եւ Հայաստանի այլ բնակավայրերում մինչեւ այժմ կան անօթեւաններ, երկար տարիներ ապրում են բնակարան ունենալու փափագով: Ձեր կարծիքով, մեր իշխանությունը մինչեւ այժմ կարո՞ղ էր բնակարաններով ապահովել անօթեւաններին:

-Եթե հարցին հակիրճ պատասխանելու լինեմ, պետք է ասեմ, որ այո՛, այս 20 տարիների ընթացքում հնարավոր էր երկրաշարժից տուժած անօթեւանների բնակարանային խնդիրները լուծել: Ավելի մանրամասն խնդրին անդրադառնալով՝ ակնհայտ է դառնում, որ մինչ օրս իրականացված ծրագրերը արդյունավետ չեն եղել: Այդ իսկ պատճառով մինչ օրս չենք կարողանում երկրաշարժի հետեւանքով առաջացած խնդիրների թեման փակել: Մենք բավական ժամանակ ենք ունեցել, որ աղետի գոտու բնակիչների խնդիրները լուծենք, սակայն դա տեղի չի ունեցել եւ ամեն տարի՝ դեկտեմբերի 7-ին, բոլորը հիշում են, որ խնդիրները դեռ առկա են ու անցնում են առաջ: Դրանից հետո թեման այլեւս ամբողջ տարվա ընթացքում քննարկման առարկա չի դառնում: Մինչդեռ, իմ կարծիքով, մենք պետք է անընդհատ խնդիրը բարձրացնենք պատկան մարմինների առջեւ, որպեսզի կարողանանք խնդրի լուծման համար միջոցներ ներգրավել աղետի գոտի:

-Այդ առումով ինչպիսի՞ն է վիճակը Լոռու մարզում:

-Լոռու մարզի վիճակն անհամեմատելի է Շիրակի մարզի անօթեւանների քանակի եւ տնակային ավանների հետ, բայց Լոռու մարզում էլ, 26 տարի անց, տնակային ավաններ ունենք, չամրացված վթարային շենքեր, քանդման ենթակա շենքեր, որտեղ մարդիկ ապրում են, ամեն քնելուց առաջ աղոթելով, որ առավոտյան արթնանան՝ շենքը կանգուն լինի:

-Գյումրիում հերթացուցակներում առկա անօթեւանների մի մասին ԲԳՎ-ներ են բաժանում: Արդյո՞ք նոր բնակարաններ կառուցելու փոխարեն ԲԳՎ-ների բաժանումը կարելի է արդարացված համարել:

-Գիտե՛ք, բնակարանների կառուցումն արդարացված էր 10-15 տարի առաջ, երբ կարիք կար բնակֆոնդը վերականգնելու, իսկ այսօր բազմաթիվ կիսադատարկ շենքեր կան, որտեղ սեփականատերերը վաճառում են իրենց բնակարանները: Կարծում եմ, նոր բնակարաններ կառուցելը երկար, ժամանակատար եւ ավելի մեծ միջոցներ պահանջող լուծում է, քան ԲԳՎ-ների կամ ուղղակի անշարժ գույքի շուկայում վաճառվող բնակարանների ձեռք բերումն ու անօթեւաններին բաշխումը: Եթե մինչ օրս կատարված ցածր որակի շինարարությունների փոխարեն այդ գումարներն ուղղված լինեին անշարժ գույքի շուկայից բնակարանների ձեռքբերմանը, ապա անօթեւանների խնդիրը վաղուց լուծված կլիներ:

-Կառավարությունն էլ պատճառաբանում է, թե ֆինանսների բացակայության պատճառով է, որ մինչեւ հիմա անօթեւանության խնդիրը չի լուծվում:

-Այո՛, ֆինանսները միշտ էլ սուղ են եղել, բայց մենք տեսնում ենք, որ այդ սուղ ֆինանսները որտեղ որ պետք է խնայվեն, չեն խնայվում եւ որտեղ պետք է ներդրվեն, այնտեղ խնայվում են:

Անահիտ Սիմոնյան

Աղբյուր՝ asparez.am

Բաժին: featured, Մամուլ