Թուրքիայի հետ դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնումն այլընտրան չունի

18/12/2014

Շատերն են դրամի արժեզրկման վերջին զագացումները համեմատում Վրաստանի այսօրվա զարգացումների հետ, բայց մեր պարագայում պետք չէ մոռանալ, որ Վրաստանը նորմալ զարգացող առևտրատնտեսական հարաբերություններ ունի թե Ադրբեջանի թե Թուրքիայի հետ, ինչը մենք չունենք:
Հայաստանն իր չորս հարևաններից առևտրատնտեսական հարաբերություններ ունի միայն Վրաստանի և Իրանի հետ, Իրանի մասով այդ հարաբերությունները նորմալ չի կարելի անվանել, քանի որ մենք չենք կարողանում օգտագործել այդ երկրի ամբողջ հնարավորությունները արևմտյան սանկցիաների և այլ պատճառներով: Դե Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում էլ, ինչպես գիտեք, հարաբերություններ չունենք: Արդյունքում նորմալ առևտրատնտեսական կապեր մեր հարևան երկրներից ունենք միայն Վրաստանի հետ, որը մեզ միակ կապող օղակն է Ռուսաստանի Դաշնության հետ:
Ադրբեջանի հետ նման հարաբերություններ ունենալը դեռևս անհնար է, իսկ Թուրքիայի հետ նման հնարավորություններ եղել են և կան:
Դրամի արժեզրկման վերջին զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի մեր դիվանագիտական հարաբերությունները վերականգնենք Թուրքիայի հետ և նորմալ առևտրատնտեսական շփումներ զարգացնենք 75 միլիոն բնակչություն և զարգացած տնտեսություն ունեցող մեր հարևան երկրի հետ:
Այսօրվա վիճակում ենք հայտնվել նաև այն պատճառով, որ մեր ունեցած «բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ ենք դրել», այսինքն մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից պետք է նվազեցվի մեր հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում, իսկ այդ հարևան երկրների ցանկում առաջին տեղում է Թուրքիան, որի հետ նորմալ հարաբերություններ ունենալը մեզ շատ է անհրաժեշտ, քանի որ ոչ Թուրքիան ոչ էլ մենք տարածաշրջանի քարտեզից չենք տեղափոխվելու:

Էդմոն Մարուքյան

Աղբյուր՝ fact.am

Բաժին: Մամուլ