Կոստանյանը կդիմի, բայց հարց է՝ ռուսական կողմը կբավարարի՞ մեր պահանջը

17/01/2015

Անկախ պատգամավոր, իրավաբան ու նախկինում փաստաբան Էդմոն Մարուքյանը Գյումրու ոճրագործության մեջ մեղադրվող ռուս սահմանապահի՝ Հայաստանում դատապարտվելու ու պատասխանատվության ենթարկվելու մասին մեզ հետ զրույցում ասաց. «Ծայրահեղ դեպքում, եթե մեզ հանձնման խնդիրը չլուծվի, ու ռուսական կողմը չբավարարի մեր դատախազության պահանջը, ապա գոնե դատավարությունը կլինի ռուսական զինվորական կայազորային դատարանում, եւ մեր հանրությունը, բոլոր շահագրգիռ մարդիկ հնարավորություն կունենան գոնե հետեւելու այդ դատավարությանը եւ տեսնելու, որ ոճրագործն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության է ենթարկվում»: Հարցին՝ Գյումրիում գործող ռուսական ռազմաբազան Հայաստանի՞ տարածք է համարվում, թե՞ Ռուսաստանի, պատգամավորն ասաց, որ խոսքը տարածքի մասին չէ, այլ՝ իրավազորության: Նա նշեց, որ այդ անձը ռուսական պետական մարմնի իրավազորության ներքո է գտնվում, եւ ռուսական մարմինները փաստարկում են, որ իրենց Սահմանադրության համաձայն՝ իրենք իրավունք չունեն նրան հանձնելու այլ երկրի: – Ելնելով այս տրամաբանությունից՝ եթե մեր իրավապահ մարմինները նրան հայտնաբերած եւ բռնած լինեին, կպահեի՞ն իրենց մոտ, թե՞ էլի ստիպված կլինեին հանձնել ռուսներին, որովհետեւ օրենքն այդպես է: – Ես չեմ կարող ասել, թե ինչ կանեին, բայց եթե մեր իրավապահ մարմինները հայտնաբերած եւ ձերբակալած լինեին, ապա նման փաստարկ չէր կարող բերվել: – Իսկ հնարավո՞ր է, որ այդ դեպքում արդեն ռուսները պահանջեին իրենց քաղաքացուն: – Կարող է՝ այո, ինչո՞ւ ոչ, իրենց քաղաքացուն կարող էին պահանջել եւ ասել, որ բազայի տարածքում նա նույնպես հանցագործություն է կատարել: – Մի շարք իրավաբաններ պնդում են այն թեզը, որ հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքում, բացի այդ, նա բերման է ենթարկվել կրկին Հայաստանի տարածքում՝ հայ-թուրքական սահմանի մոտ, եւ ռուսներն ուղղակի պարտավոր էին հանձնել հայ իրավապահներին: Հիմա, ըստ Ձեզ, ստեղծված իրավիճակն օրինակա՞ն է: – Ստեղծված իրավիճակի օրինականությունը կքննարկվի դատարանում: Թե ինչ քայլեր են տեղի ունեցել, այդտեղ բազմաթիվ հարցեր կան՝ ինչպե՞ս է այդ մարդը հասել սահման, ինչպե՞ս ստացվեց, որ մերոնք չկարողացան բռնել, եւ ռուս սահմանապահները բռնեցին… սրանք հարցեր են, որոնք քննարկման առարկա են, եւ մեր պահանջն այն է լինելու, որ էդ բոլոր հարցերին պատասխան տրվի: – Գեւորգ Կոստանյանը երեկ խոստացավ պահանջ ներկայացնել ՌԴ իր գործընկերջը՝ Պերմյակովին մեզ հանձնելու վերաբերյալ: Իրականում հենց սկզբի՞ց չպետք է նա այդ պահանջը ներկայացներ, ոչ թե հիմա՝ ժողովրդի ճնշման ներքո: – Ես կարծում եմ՝ այդ հայտարարությունը, որ նա կդիմի, դա դեռ չի նշանակում, որ ռուսական կողմը կբավարարի: Այն փաստարկը, որ Սահմանադրության հետ խնդիր կա, դա շատ անբեկանելի իրավիճակ է ստեղծում: – Մեր Սահմանադրությունն արդյոք չի՞ ստորադասվում այստեղ, որ սեփական երկրում այլ երկրի՝ Ռուսաստանի օրենքներ են գործում: – Չեմ կարծում: Մեր երկրում Ռուսաստանի օրենքներ չեն գործում: Էդ փաստարկը, որ բերվում է, դա չի նշանակում, որ մեր երկրում իրենց օրենքներն են գործում: Դա ասում է, որ ՌԴ օրենքը գործում է իրենց համար, որովհետեւ իրենցից ենք մենք պահանջում: – ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանվում են այն տարածքները, որոնք համարվում են Ռուսաստանի տարածք, եւ հենց այդ տարածքներում հանցագործություն կատարած անձին իրենք չեն կարող հանձնել այլ երկրի, իսկ նշյալ ռազմաբազան ՌԴ տարածք չի համարվում կարծես թե: – Միայն տարածքի հարցը չէ, դրա համար ես ասում եմ, էստեղ նաեւ իրավազորության հարց կա: Նա հիմա՝ պայմանագրով ու ՌԴ օրենսդրությամբ, գտնվում է ՌԴ իրավազորության տակ: – Այս դեպքում Դուք լուծումն ինչպե՞ս եք տեսնում: Եթե ռուսական կողմն իրականացնի դատավարությունը, հանցագործը գոնե պատիժը Հայաստանում կկրի՞: – Ես ասացի արդեն՝ ծայրահեղ դեպքում գոնե դա պետք է արվի, որ դատավարությունն ամբողջությամբ, այդ պրոցեսը թափանցիկ լինի եւ Հայաստանում լինի, որ մեր հասարակությունը տեսնի, որ ոճրագործը պատասխանատվության է ենթարկվում: Իսկ պատժի կրման հարցն արդեն դատավարությունից հետո քննարկման հարց է, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ նա պատիժը կկրի Ռուսաստանում: – Երեկվա բախումների ու այդ բողոքի ցույցերի հարցում իշխանությունները կարծես փորձում են մեղադրել քաղաքական այլ ուժերի՝ հատուկ հրահրելու, քաղաքական դիվիդենտներ կորզելու եւ խնդիրը քաղաքականացնելու մեջ: Դուք նման բան նկատե՞լ եք: – Ես քաղաքական ուժերի կողմից որեւէ նման բան չեմ տեսել, որ հրահրեն, բորբոքեն, որովհետեւ քաղաքական ուժերից շատ քիչ արձագանքներ եղան, ու նրանցից էլ քիչ մարդիկ կային այնտեղ, ովքեր էլ որ կային, նրանք կոչ էին անում հանդարտության: Այս առումով ես չեմ կարծում, թե քաղաքական ուժերը ցանկանում են կրակի վրա յուղ լցնել… ինքնաբուխ հավաք էր դա: – Ժողովրդի պահանջը ճի՞շտ էր եւ ճի՞շտ էր ձեւակերպված: – Ժողովրդի պահանջը ճիշտ է ձեւակերպված եւ արդար է, բայց թե որքանով է ժողովրդի պահանջն այսօրվա իրավիճակի հետ համահունչ եւ իրագործելի, դա տեսնում ենք պրակտիկայում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ