Գյումրին դաս է՝ մեր քաղաքական ուժերի տեղն ու դերը մեր հասարակության մեջ պատկերացնելու համար. Է. Մարուքյան

19/01/2015

ԱԺ անկախ  պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Գյումրիի իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքական ուժերի պասիվության պատճառով Գյումրիի ժողովուրդն արեց այն, ինչ պետք է աներ: Իսկ պասիվությունը նա պայմանավորում է ռուսական թեմաներին անդրադառնալու՝  չափից շատ զգուշավորությամբ: Նա նաև կարծում է, որ որոշակի շանտաժի դրսևորում է, երբ  ռուս որոշ քաղաքական գործիչներ կամ ռուսական ԶԼՄ-ներ խոսում են այն մասին, թե մարդիկ պահանջում են ռուսական բազան հանել Հայաստանից։
-Պարո՛ն Մարուքյան, վաղը ԱԺ-ում կլինեն լսումներ Գյումրիի դեպքերի վերաբերյալ, մի պահ խոսվեց այն մասին, որ խորհրդարան քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն կանեն, ինչը չեղավ: Ձեր կարծիքով, ԱԺ-ն՝ որպես օրենսդիր քաղաքական մարմին, այնուամենայնիվ, չպե՞տք է ընդուներ նման տեքստ: Եվ, առհասարակ, նկատվեց պասիվություն, երբ որոշ քաղաքական ուժեր հանդարտության մասին հայտարարություն ընդունեցին միայն Գյումրիի բողոքի ցույցերից հետո:
-Կան նման կարծիքներ, որ այո՛, քաղաքական ուժերը պասիվ են եղել և իրապես պասիվ են եղել այդ օրերին, այսինքն՝ իրական հայտարարությունները սկսվեցին տարածվել պոստֆակտում, այսինքն՝ հուզումներից հետո կամ դրանց ընթացքում: Այսինքն՝ կոնկրետ դեպքից հետո դեպքին ադեկվատ հայտարարություններ մեծ հաշվով չեղան: Եվ այս առումով նաև Գյումրիի մեր քաղաքացիները, ակտիվիստները նաև պնդում էին, որ գայի՛ք, այստե՛ղ լինեիք, ասեի՛ք, առաջնորդեի՛ք: Կարծում եմ՝ քաղաքական ուժերից պահանջը արդար է: Ինչ վերաբերում է ԱԺ-ի կողմից միասնական հայտարարություն ընդունելուն, նախ, ԱԺ-ն այդ ընթացքում արձակուրդի մեջ էր, և որպես օրենսդիր մարմին, չկար օրենսդիր գործառույթ: Կար քաղաքական գործառույթ, իսկ այն քաղաքական ուժերը առանձին-առանձին փորձեցին իրացնել՝ մեկը ավելի արագ, մեկը ավելի դանդաղ, մեկը՝ ավելի հստակ՝ դատապարտելով, մեկը՝ լղոզված: Այսինքն` այս առումով ևս կարծում եմ, որ սա մեր քաղաքացիների համար ևս մեկ դաս է՝ քաղաքական ուժերի տեղն ու դերը մեր հասարակություն մեջ պատկերացնելու համար:

-Սա կգնահատեիք որպես զգուշավորությո՞ւն։ Եթե, այո, ապա ինչո՞ւ: Ինչո՞ւ մեր քաղաքական ուժերին՝ մեծ հաշվով, ու կուսակցական անհատներին՝ մի քանի բացառություններով, կա՛մ այնքան էլ չէր հետաքրքրում Գյումրու այդ օրակարգը, կա՛մ հետաքրքրում էր, սակայն չէի արտահայտվում:

-Կարծում եմ, որ չափից շատ զգուշավորություն է դրսևորվում հիմնականում ռուսական թեմաներով: Նման զգացողություն ես ունեմ: Եվ ավելին ասեմ՝ ռուս քաղաքական գործիչները, անգամ իշխանական թևի քաղաքական գործիչները, հատկապես վերջին երկու-երեք օրերին ավելի խիստ էին խոսում որոշ առումով, քան մեր քաղաքական գործիչները, քան ես այստեղ լսել եմ:

-Այսինքն, ըստ Ձեզ, կարելի է համարձակորեն քննադատել ՀՀ իշխանություններին, բայց ոչ ռուսական:

-Միանշանակ տպավորությունն այդպիսին է: Որ ամեն ինչ կարելի է ներսում ասել, բայց եթե խոսքը վերաբերում է գերտերությանը, ռազմավարական գործընկերոջը, ինչ-որ ավելորդ զգուշավորություն է։ Ավելորդ, որովհետև չէ՞ որ քաղաքական ուժերի ազդակների արդյունքում է, որ ինչ-որ բաներ փոխվում են: Հիմա, ի՞նչ եղավ, որ վերջին երկու-երեք օրերին ռուսական հեռուստաընկերությունները, հայտնի գործիչները մեկը մյուսի հետևից ներողություն են խնդրում, սգում են: ՌԴ նախագահն է զանգահարում, ի՞նչ փոխվեց։ Այսինքն՝ փոխվեց այն, որ Գյումրիի ժողովուրդը այդ դերը կատարեց: Այն դերը, որ պետք է կատարեր քաղաքական համակարգը:

-Ռուսական լրատվամիջոցները, յոթ օր ուշացմամբ հաղորդելով այս փաստի մասին, իհարկե, նշեցին, որ որոշ սադրիչներ, օգտվելով առիթից՝ պահանջել են հանել ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիից: Ինչպե՞ս կմեկնաբանեիք:

-Կարծում եմ, որ այն, որ որոշ ռուս քաղաքական գործիչներ և որոշ ռուսական ԶԼՄ-ներ խոսում են, որ մարդիկ պահանջում են ռուսական բազան հանել, սա որոշակի շանտաժի դրսևորում է: Ինչո՞ւ, որովհետև ես մինչ օրս դեռ չեմ լսել , որ մեկը Գյումրիում պահանջած լինի ռուսական բազան հանել: Եթե կա, այդ հիպերլինքը, այդ տեսանյութը ցո՛ւյց տվեք: Ես ռուսական բազայի հանման մասին քննարկում, տեղեկատվություն տեսել եմ ռուսական ԶԼՄ-ներում: Եվ սա դիտում եմ շանտաժ, որ, այ, եթե սենց շարունակեք, մենք բազան կհանենք:

-Ի դեպ, մինչ Գյումրիի հուզումները, որոշ ռուսական լրատվամիջոցներ էլ հաղորդեցին, որ Հայաստանում «մայդան» է սկսվել:

-Դա աբսուրդ է, փորձ է արվում այդ արդար, ազնիվ մարդկանց դժգոհությունը վերագրել 5-րդ շարասյանը, ինչ-որ գաղտնի ուժերի, ինչ-որ աղանդավորական կազմակերպության կողմից ուղարկված և բանակ եկած Պերմյակովի արածի համատեքստում… Չգիտեմ, աբսուրդ… ինչ-որ կոնսպիրացիոն ցիկլի մեջ են, և դուրս է գալիս, որ պատրաստ են ամեն բան տեսնել դրա տակ, բացի այն, որ մարդիկ արդարացի կերպով պահանջում են, որ հանցագործությունը բացահայտի  հայկական արդարադատությունը: Ուրիշ ոչ մի բան չեն պահանջում՝ բազան հանել, կամ ինչ-որ մեկը ռուսների նկատմամբ ատելություն ունի: Ինչո՞ւ են մարդիկ գնում հյուպատոսություն: Որ հյուպատոսարանում գտնվող ռուս պաշտոնյաներին ասեին, որ մենք պահանջում ենք, որ նրան հանձնեք Հայաստանին: Նույնը պահանջը եղել է մեր գլխավոր դատախազից:

Նյութի աղբյուր՝ tert.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ