Իշխանությունից ոչ մի բանով չեք տարբերվում. Էդմոն Մարուքյանը՝ ՀԱԿ-ին
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացնում էր «Կառավարման ճգնաժամի» վերաբերյալ նախագիծ: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խիստ քննադատության ենթարկեց ՀԱԿ-ին` բերելով մի շարք հիմնավորումներ: Նա կարծիք հայտնեց, որ ոչ միայն իշխանությունը պետք է հեռանա, այլ նաև ՀԱԿ-ը, որպեսզի նոր մարդիկ մտնեն ընդդիմադիր դաշտ և կառուցեն ճիշտ քաղաքականություն: Նախ` պատգամավորը նշեց, որ երկրում, իհարկե, կա վատ կառավարում, սակայն կառավարման ճգնաժամ, ըստ էության, չկա, որովհետև պետական կառավարման ապարատն աշխատում է: Պատգամավորը համաձայեց, որ երկրում կա կոռուպցիա, մոնոպոլիաներ, վատ տնտեսական վիճակ: Նա նշեց, որ ՀԱԿ-ը չի ներկայացնում երկրի զարգացման այլ տեսլական, որովհետև չունի այդ տեսլականը: «Ինձ համար ամենամեծ հիասթափությունն այն էր, երբ դուք քվեարկեցիք ԵՏՄ-ին միանալու օգտին: Դուք ոչ մի բանով չեք տարբերվում իշխանություններից, բայց ուզում եք, որ ձեր ներկայացրած որոշումներն աջակցություն ստանան»,- ասաց Մարուքյանը: Նա քննադատեց Լևոն Զուրաբյանի` Հայաստանին Գերմանիայի և եվրոպական այլ երկրների հետ համեմատելը, այնինչ, ըստ նրա, Հայաստանը արդեն պետք է համեմատել Ղազախստանի ու Բելառուսի հետ, որովհետև հենց ՀԱԿ-ն է քվեարկել ԵՏՄ-ին միանալու օգտին: «Ձեր կուսակցության նախագահը գործող իշխանություններից ավելի լավ հիմնավորեց, թե ինչու է պետք միանալ ԵՏՄ-ին: Հա, ամեն ինչ շատ վատ ա, բայց դուք ի՞նչ եք առաջարկել: Ավելին` դուք քարկոծեցիք այն մարդկանց, ովքեր դեմ էին ԵՏՄ-ին Հայաստանի միացմանը` էլ ջղաձգվողներ, էլ չգիտեմ ինչ ասես՝ ասացիք»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանը քննադատեց ՀԱԿ-ին, որ հայտարարում է կարճ ժամանակում իշխանափոխության մասին, ձևավորում է ակնկալիքներ ու սպասումներ, բայց չի անում: «Հենց մի քիչ առաջ իմպիչմենտի նախագիծ կար, բա քվեարկեիք»,- դիմեց պատգամավորը Լևոն Զուրաբյանին՝ հավելելով, որ մեղքերի մի զգալի մասը բաժին է հասնում ՀԱԿ-ին: Էդմոն Մարուքյանը նշեց, որ ընդդիմությունը քանի տարի է` ժամ է դնում, որ իշխանափոխություն պետք է անի, բայց այդպես էլ չի անում, ու մարդիկ հիասթափված արտագաղթում են:
Աղբյուր՝ yerkir.am
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժին: featured, Ելույթներ ԱԺ-ում, Մամուլ, Տեսանյութեր