Նոր մշակույթի մարդիկ գալու են եւ սրբելու են դաշտը

25/02/2015

Մեր զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, ԱԺում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկումը բավական թեժ էր: Դուք թե իշխանությանը, թե ընդդիմությանը տուն եք ուղարկում: Ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալու համար ի՞նչն է պակասում: Մի՞թե ընդդիմությանը տուն ուղարկելով ավտոմատ ի հայտ կգա այն ընդդիմությունը, որի ակնկալիքն ունեք։Սկսեմ այնտեղից, որ ելույթս շատ տեղերում սխալ է ներկայացվել, խոսքը չի վերաբերվում ընդդիմության, ըստ էության, տուն գնալուն։ Խոսքը հետևյալի մասին է. այն ընդդիմությունը, կամ այն ընդդիմադիրները, որոնք ոչնչով չեն տարբերվում իրենց քննադատած, իրենց «սիրելի» իշխանություններից, այդ նույն իշխանությունների հեռանալու հետ պետք է իրենք էլ հեռանան, որ դաշտը մաքրվի։ Իմ ասածը սա է եղել, ես չեմ ասում ընդդիմությունը թող հեռանա, իշխանությունը միայն մնա։ Խոսքը նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մասին է։ Տեսեք՝ որն է եղել այս քսան տարիների քաղաքական մշակույթը՝ մի քաղաքական ուժը մյուսին ասում է՝ դուք հանցագործներ եք, դուք թալանչիներ, գողեր և ավազակներ եք, իր հռետորաբանության մեջ օգտագործում է  ամենավատ բառերը, ատելություն է քարոզում քաղաքական ուժի նկատմամբ, և այդ քաղաքական ուժը, որի նկատմամբ ատելություն են քարոզում, նա էլ քարոզում է հակառակ ատելությունը այդ մյուս ուժի նկատմամբ, և էական չէ՝ նրանք ընդդիմություն են, թե իշխանություն։ Անգամ տեղերը փոխելով, որովհետև այդ մարդկանցից շատերը և այստեղ են եղել, և այնտեղ, մեկը մյուսին հիշեցնում է վերջին քսան տարիների ընթացքում մյուսի կատարված հանցագործությունների, թալանի մասին ինչ-որ պատմություններ։ Սա քաղաքական մշակույթի ձև չէ, սա որևէ կերպ մեր քաղաքական դաշտը զարգացման չի տանում, և դրա արդյունքում մեր պետությանը որևէ այլընտրանք չի ներկայացնում։ Այսինքն՝ եթե դու նույն ձևով անհանդուրժող ես քեզ քննադատողների հանդեպ, չունենալով լծակներ, բացի մի քանի մամուլի միջոց ունենալուց՝ ոչնչացնում ես քեզ քննադատող ցանկացած մեկին, ամեն մի առողջ միտք ասողին, ամենավերջին խոսքերով, որ գաս իշխանության՝ ի՞նչ կանես, երբ ունենաս այդ լծակները։ Արդյոք ավելի հրեշ չես լինի, քան այն իշխանությունը, որին դու հրեշ ես անվանում գործող ժամանակահատվածում։ Հետևաբար, ես ասում եմ, որ այլընտրանքային գաղափարախոսություն, այլընտրանքային զարգացման ուղղություն չներկայացնող ընդդիմությունը պետք է հեռանա այն իշխանության հետ, որի հրաժարականն ինքը պահանջում է, որովհետև երկուսի տեսլականն էլ ես չեմ կիսում, դրա համար երկուսին էլ ուղղում եմ։Ինչ վերաբերվում է նրան, թե ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմանն ինչն է խանգարում, տեսեք այս քսան տարիների ընթացքում տեղի է ունեցել այն, ինչ նշեցի, բայց հիմա այնպիսի ժամանակներ են, որ 21-րդ դարում այլևս հնարավոր չէ այդ ատելության քաղաքական հարթության վրա մնալ։ Նոր մշակույթի մարդիկ, բնականաբար, գալու են և սրբելու են դաշտը, տանելու են առաջ, հաղթելու են բոլոր նմանատիպ մարդկանց, ինչպես ես դա արել եմ կոնկրետ իմ ընտրատարածքում։ Քարոզարշավի ժամանակ ոչ մի վատ խոսք իմ հակառակորդ թեկնածուների հասցեին չեմ ասել, հինգ թեկնածու ենք եղել։ Այն, ինչ ես արել եմ, նույնը ես պատկերացնում եմ մեծ առումով այսօրվա քաղաքական դաշտում՝ ներկայացնելով երկրի զարգացման տեսլական։ Մարդիկ եկել են քաղաքական դաշտ, տեսլական չունեն, պահանջում են, որ իշխանությունը հեռանա։ Ասենք վաղը իշխանությունը հեռացավ, դո՞ւք ինչ եք անելու,  երկիրն ի՞նչ զարգացման ուղղությամբ է գնալու։ Քննադատվում է գործող իշխանության արտաքին նախաձեռնողական քաղաքականությունն այն դեպքում, որ հենց այդ նույն արտաքին նախաձեռնողական քաղաքականության մասն են եղել, իրենք են ԵՏՄ-ին կողմ աջակցել, կողմ քվեարկել, ցույցերի ժամանակ հայհոյանքներ տեղացել ԵՄ ինտեգրացիայի կողմնակից մարդկանց հասցեին։ Այսինքն՝ դաշտն ամեն կերպ մարգինալացրել են և ամեն կերպ այնպես են արել, որ որևէ առողջ միտք չգա դաշտ։ Խոսքը սրա մասին է, ոչ թե որ ընդդիմությունը գնա տուն, իսկ իշխանությունն՝ իր գործին։Ինչո՞ւ Ձեր ասած այդ ընդդիմությունը չի գալիս և չի նվաճում դաշտը։Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ես վստահ եմ, որ մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները լինելու են այդ ուժերը, գալու են և դաշտը մաքրելու են, որովհետև ժողովրդին կարելի է խաբել ինչ-որ ժամանակ, բայց ժողովրդին չի կարելի խաբել տարիներ շարունակ։ Ինչքան կարելի է հայհոյանք լսել ելույթների  ժամանակ, տարբերություն չկա՝ իշխանությունն է հայհոյում, թե ընդդիմությունը։ Այդ մշակույթը պետք է վերանա, և դրա կրողները պետք է հեռանան քաղաքական դաշտից։ Մարդկանց համար ինչ տարբերություն՝ ով է իրենց տանում ԵՏՄ՝ ՀԱԿ-ը, թե ՀՀԿ-ն, առաջին նախագահը թե երրորդ նախագահը, առաջին նախագահն ավելի լավ է հիմնավորում, թե ինչու է պետք գնալ ԵՏՄ, քան երրորդ նախագահը, ո՞րն է տարբերությունը։Իսկ հասարակությունը ձևավորո՞ւմ է նոր մշակույթով ընդդիմության պահանջ։ Ինչո՞ւ դա չի նյութականանում։ Գուցե մեղավորը հասարակությունն է, որ ամեն անգամ փրկիչ է փնտրում։Ես՝ որպես հասարակության անդամ, որպես Վանաձորի բնակիչ, չեմ էլ ասում որպես պատգամավոր, ունեմ այդպիսի պահանջարկ, ես ուզում եմ ունենալ այդպիսի ընդդիմություն, ես չեմ ուզում, որ իմ հարկատուի գումարներից մեկ լումա անգամ գնա խորհրդարանական այն ընդդիմությանը, որը տեսլական չունի։ Վստահ եմ, որ հազարավոր մարդիկ այս նույն պահանջարկը ունեն ու ձևավորում են։ Իմ երեկվա ելույթի արձագանքներին հետևելով՝ ես ուղղակի կարող եմ ասել, որ ես ասել եմ բաներ, որոնք հազարավոր մարդիկ մտածում էին, բայց մինչև օրս չէին ասում ինչ-ինչ պատճառներով։ Հիմա մեկն ասել է, մյուսներն արդեն դա տիրաժավորում են, բայց որևէ խնդիր չկա, պահանջարկն այլևս ձևավորված է։Ձեր կարծիքով, ԲՀԿի տեղը դատա՞րկ կմնա, թե արագ այն կլցնեն այլ ուժեր։ ԲՀԿն իրեն միշտ այլընտրանք էր որակում՝ խուսափելով ընդդիմադիր բառից։Նույն բանը վերաբերվում է ԲՀԿ-ին այլընտրանքի առումով, որովհետև էլի մրցակցություն էր Մոսկվա գնալու մեջ, ՀՀԿ-ն շուտ կգնա Մոսկվա՞, թե ԲՀԿ-ն։ Այս առումով էլ չի եղել այլընտրանքային զարգացման տեսլական, և այդ տեղն ազատ մնալու առումով, դժվարանում եմ ասել, թե ինչ տեղի մասին է խոսքը։ Եվ մի փոքր վաղ է հիմա ընդհանրապես ԲՀԿ-ի հետ կապված պրոցեսները մեկնաբանել, որովհետև դեռ որևէ բան պարզ չէ, կարծում եմ պետք է սպասենք, տեսնենք ինչ է լինում, դեռ մարդիկ են դուրս գալիս, դեռ ինչ-որ համագումար պետք է լինի։ Ըստ էության՝ դեռ որևէ բան պարզ չէ։Հայաստանում ԵՏՄի անդամակցությանը դեմ հանդես եկող քաղաքական ուժերը թույլ են կամ քիչ։ Իսկապե՞ս դա արտահայտում է հասարակական տրամադրությունները, թե հասարակությունում այնուամենայնիվ տրամադրությունները տարբերվում են քաղաքական դաշտում գործող ուժերի դիրքորոշումներից։ Այս մասով քաղաքական գործիչներն ի՞նչ աշխատանք պետք էտանեն։Քաղաքական էլիտաներն իրենք պետք է առաջնորդեն հասարակությանը՝ տարբեր գաղափարներ դնելով շրջանառության մեջ և դրանք հիմնավորելով։ Մեր քաղաքական տիրույթում մինչ օրս, ըստ էության, նման բան չկա, և քաղաքական էլիտաները, քաղաքական ուժերի առաջնորդները, որոնք այսօր ունենք, այդ այլընտրանքը չեն առաջարկել։ Երկրորդ՝ քաղաքացիներին չեն բացատրել (այսինքն իրենք այդ տեսլականը ի սկզբանե չեն ունեցել), թե ինչ պետք է լինի, ինչ կտա դա իրենց։ Եվ հիմա եթե մենք մարդկանց չենք բացատրում, թե ԵՄ ասոցացման համաձայնագիրը չվավերացնելով մենք ինչ ենք կորցրել և ինչ ենք շահում ԵՏՄ-ին միանալով, մարդիկ ինչպես իմանան ինչ ուղղությամբ գնան, ինչպես վարվեն, ում կողքը կանգնեն, ում կողքը չկանգնեն, այսինքն այդ էլիտաները պետք է առաջնորդեն։Շատ բարդ է ասել՝ այդ հասարակական պահանջարկը ձևավորված է, թե ոչ։ Իսկ ո՞վ է մատուցել հասարակությանը, թե ինչ պրոցեսներ են ընթանում և որքանով է այդ մատուցումը եղել օբյեկտիվ և հիմնավոր, չկան մեզ մոտ նման պրոցեսներ։ Հետևաբար, էլի այդ հարցը մենք, ըստ էության, այսօրվա եղած քաղաքական համակարգում, քաղաքական մշակույթի շրջանակում չենք կարող քննարկել։ Մեզ մոտ հասարակական տրամադրությունները միայն «ջարդել, փշրել, վառել, վերացնել»՝ այդ բաների մասին են, քանի որ քաղաքական էլիտաները դա են քարոզել քսան և ավելի տարիների: Քսան տարի օրվա իշխանությունը հանցագործ է, քսան տարի քարոզում են, որ օրվա իշխանությունն իրենց թալանում է, քսան տարի քարոզում են, որ այդ օրվա իշխանությանը իրենք չորս շաբաթից հեռացնելու են ու չորս շաբաթից չեն հեռացնում։ Իսկ քաղաքացիները, որոնք հասնում են այդ կուլմինացիային, հիասթափվում են, դեպրեսիայի մեջ են ընկնում: Հետո այդ քաղաքացիների աչքերին ինչպե՞ս ենք նայելու, այդ մարդկանց հետ ինչպես ենք հարաբերվելու, այսինքն կարելի՞ է այնքան խաբել, որ որևէ առողջ միտք հնարավոր չլինի դնել շրջանառության մեջ: Ես սա եմ քննադատել, այս հարցերն եմ բարձրացրել, որ ժամանակն է այս ամենից ազատվել, այս ամենը մի կողմ դնել։ Բնականաբար, կա առողջ ուժերի պահանջարկ, և այդ առողջ ուժերը կգան, իրենց տեղերը կզբաղեցնեն։ Տուն գնալու պահանջարկը միանշանակ կյանքի կկոչվի համապատասխան պրոցեսների արդյունքում։Պարոն Մարուքյան, Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում խոսել է այն մասին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, ինտելեկտուալները և այլն։ Արդյոք այսօրվա իշխանությունն այդքան կամք կունենա։Քաղաքականության մեջ ես ոչ մի բան չեմ բացառում, բայց այն, որ այդ պահանջը պետք է վերաբերվի բոլոր ուժերին, դա միանշանակ է։ Եթե դա չլինի բոլորի համար, այդ ամենն արժեզրկվելու է, այսինքն՝ քաղաքականությամբ զբաղվելու այսօրվա հիմնական մոտեցումները մեր քաղաքական մշակույթի արդյունքում ուղղակի կոռոզիայի են ենթարկված: Մարդիկ մտածում են՝ քաղաքականությամբ զբաղվելը հացի փուռ աշխատեցնելն է, ընտրություններին փող բաժանելը և ընտրվելն է: Մարդիկ պետք է հասկանան՝ ով է քաղաքական գործիչ, իսկ ով է փուռ աշխատեցնող։ Սխալ պրոպագանդա կա ընդդեմ գործարարների։ Որովհետև մեր երկրում գործարարները արժեք ստեղծող մարդիկ են, և աշխարհի բոլոր երկրներում մենք պետք է աջակցենք և պաշտպանենք ցանկացած գործարարի Հայաստանում։ Հիմա հանկարծ կուալաթափություն չսկսվի։ Մարդիկ հոգնել են հին դեմքերից, որոնք քսան տարիներին նույն բանն են ասում։ Այս արատավոր պրակտիկան պետք է վերանա։

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ