Ռուս պաշտոնյաներն են Հայաստանում հակառուսական տրամադրություններ հարուցողները. Էդմոն Մարուքյան
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սադրիչ է համարում ՌԴ պաշտոնյա Կոնստանտին Կոսաչևի՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև համեմատությունը և«վտանգների» մասին խոսելը, ինչպես նաև` Հայաստանի ՀԿ-ների եվրոպական ուղղվածությունը անընդունելի համարելը: Tert.am –ի հետ զրույցում նա ավելացրեց, որ դա ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ է: Իսկ Ադրբեջանին զենք վաճառելու` ՌԴ-ից հնչող արդարացումներին, թե` միևնույն է , նրանք այն գնելու էին այլ երկրից, Մարուքյանը պատասխանեց Աստվածաշնչից մեջբերումով` գայթակղությունը գալու է, բայց վա’յ նրան, ում միջոցով եկավ:
-Պարո’ն Մարուքյան, ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը անընդունելի է համարում Հայաստանում մոտ 350 հասարակական կազմակերպության աշխատանքը, «որոնք գործում են եվրասիական ինտեգրացիայի դեմ և Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման օգտին», ինչի մասին հաղորդում է «Ազատություն»ռադիոկայանը: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, արդյո՞ք այլ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ չէ սա:
-Կարծում եմ, որ նշված պաշտոնյայի հայտարությունը դիվանագիտական առումով ոչ կոռեկտ արտահայտություն է և մեր երկրի ներքին գործերին խառնվելու փորձ: Ավելին՝ եթե վտանգավորության մասին խոսենք, Ռուսաստանի որևէ պաշտոնյա չպետք է խոսի ինչ-որ վտանգավորության մասին: Ավելի լավ է՝ իրենց երկրի վտանգավորության մասին խոսեն:
-Վտանգավորություն ասելով՝ նկատի ունեք այն, որ նա համեմատականնե՞ր է տարել Հայաստանի ու Ուկրաինայի միջև՝ ասելով. «Կա’մ մեզ հետ եք, կա’մ նրանց, նման դիրքորոշումն արդեն իսկ ավերել է կամ գրեթե ավերել է Ուկրաինան և կարող է ավերել նաև ցանկացած այլ երկիր, եթե հարցը դրվի հետևողականորեն ու ճակատային»:
– Այո’, և կրկնում եմ՝ ավելի լավ է՝ մտածեն իրենց ներքին խնդիրների, իրենց հասարակական կազմակերպությունները հետապնդելու ու այլ բաների մասին: Ուղղակի խայտառակություն է` փորձել այդ փորձը Ռուսաստանից Հայաստան արտահանել: Ու դա ավելի շատ ջուր կլցնի Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանելու վրա: Այսինքն՝ նման մարդիկ ՝ ռուս պաշտոնյաները, Հայաստանում հակառուսական տրամադրություններ հարուցողներն են: Նրանք հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական եղբայրության, ռազմավարական դաշնակցության հետ որևէ կապ չունեն: Եվ դա պրովոկացիոն հայտարարություն է, ըստ էության: Եվ կրկնում եմ՝ որևէ մեկն իրավունք չունի իր քիթը խոթել հայաստանյան ներքին ՝ հասարակական- քաղաքական գործընթացների մեջ: Հայաստանում գործող բոլոր հասարակական կազմակերպությունները գրանցված են արդարադատության նախարարությունում և գործում են ՀՀ օրենսդրության համաձայն: Կան մարդիկ, ովքեր ջատագովներն են Եվրոպական միության ինտեգրացիայի, այդ թվում նաև` ես, ու կան մարդիկ, ովքեր ջատագովներն են ավելի սերտ հարաբերություններ ունենալուն ԵվրԱզեսի, ԵԱՏՄ-ի հետ: Երկուսն էլ կարծիքներ են, ուղղություններ են, որոնք կյանքի իրավունք ունեն:Եվ որևէ մեկը չի կարող ասել՝ որն է վտանգավոր, որը՝ ոչ: Եվ, առհասարակ, ի՞նչ կարիք կար` համեմատելու Հայաստանը Ուկրաինայի հետ:
-Այստեղ ինչ որ թաքնված սպառնալիք տեսնու՞մ եք:
-Պրիմիտիվ շանտաժի լեզու է Հայաստանն ուկրաինայի հետ համեմատելը, արվում է, որ մարդկանց մեջ վախ սերմանեն, որոնք որոշակի ուղղվածություն ունեն դեպի ԵՄ, Հայաստանի ապագան այդ կերպ են տեսնում: Դրա նման շանտաժ է նաև միշտ Թուրքիայի առումով, կրկին՝ռուսական կողմից մղված շանտաժը, որ եթե մեզ հետ չլինեք, թուրքերը ձեզ կկոտորեն: Դրանք տարրական շանտաժի ձևեր են՝ ուղղված մեր հասարակության վրա ազդեցություն գործելուն:
-Ի դեպ, իր նույն հարցազրույցում նա հիշատակել է նաև Ռուսաստան – Ադրբեջան հարաբերությունները, ավելացրել, որ կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանը Ռուսաստանի «կարևորագույն առևտրատնտեսական և քաղաքական գործընկերն է», իսկ Հայաստանը, նրա բնորոշմամբ, Ռուսաստանի «մերձավորագույն» գործընկերը: Արդյո՞ք այստեղ պատահական եք համարում Ադրբեջանի հիշատակումը:
– Ես կարծում եմ, որ այդտեղ որևէ պատահական բան չկա. դա նաև հերթական հենքն է ստեղծում , որ հերթական զենքի խմբաքանակը վաճառեն Ադրբեջանին և դրանով իսկ հակադրության մեջ դնեն Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունը: Ես միշտ բերում եմ հետևյալ օրինակը. որևէ մեկը չի կարող ցույց տալ որևէ երկիր, որը Իսրայելի թշնամի երկիրն է և ԱՄՆ-ից զենք է գնում: Նման բան անհնար է: Այ` ռազմավարական գործընկերության դասական օրինակը դա է: Բայց մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում մեր թշամի երկրին, որը այդ զենքով մեզ վրա կրակում է և մեզ ասում են, որ «դա բիզնես է, ոչ մի անձնական բան»:
-Բայց նաև իրենք ասում են, ոչ պաշտոնական մակարդակով, իհա’րկե, որ միևնույն է՝ այդ զենքը Ադրբեջանը գնելու էր այլ երկրից, և, ավելին, իրենք վաճառում են՝ իմանալով այդ զենքի հնարավորություններն ու բոլոր «կոճակները»:
-Դրանք անիմաստ հիմնավորումներ են, որ այսպես թե այնպես զենքը գնելու էին:Աստվածաշնչում էլ դրա մասին խոսք կա, ասում է՝ գայթակղությունը գալու է, բայց վա’յ նրան, ում միջոցով եկավ: Հիմա զենքը կգներ, թող գներ, բայց ո’չ մեր ռազմավարական գործընկերոջից: Օրինակ` ԵՄ երկրները Ադրբեջանին զենք չեն վաճառում: Նույնը ԱՄՆ-ը, որը չի ասում՝ կներե’ք, միևնույն է` ուրիշից է գնելու: Սա տարածաշրջանում կրքերը չսրելու, բալանսը չխախտելու սկզբունք է, որը միջազգային հանրությունն ընդունել է: Ռուսաստանը հենց ինքը այդ սկզբունքը խախտում է՝ լինելով Մինսկի խմբի համանախագահ երկիր:
-Մոսկվայում սպանվել է Բորիս Նեմցովը, սրան ՀՀ հասարակությունը ինչպե՞ս կարձագանքի:
-Ռուսաստանում սա ո’չ առաջին, ո’չ վերջին քաղաքական սպանությունն է վերջին տարիներին: Ինքս շոկի մեջ եմ՝ ծանոթանալով լրահոսին: Ցավակցում եմ հարազատներին, հետևորդներին, իրապես դեմոկրատական հայացքներ, Ռուսաստանի ապագայի մասին շատ ճիշտ ձևավորված պատկերացումներ ունեցող մարդ էր: Եվ նման դեպքերը՝ ցանկացած քաղաքական գործչի սպանությունը, անկախ նրանից՝ դա ինչ պայմաններում է տեղի ունեցել, իր երկրի խայտառակությունն է:
Աղբյուր՝ tert.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ