Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել իր ազգային դրամից և ընդունել ռուբլի կամ եվրո կամ էլ այլ արժույթ. Էդմոն Մարուքյան

12/03/2015

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր Facebook-ի էջումանդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարկանին` ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել իր ազգային դրամից և ընդունել ռուբլի կամ եվրո կամ էլ այլ արժույթ.

Ինչպես գիտեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանն ու կենտրոնական բանկին հանձնարարել է աշխատանք սկսել ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ: Բնականաբար Հայաստանում մարդիկ կգտնվեն, որ կսկսեն ելույթներ ունենալ առ այն, որ դա շատ կարևոր է և մեզ պետք է օր առաջ ազատվել ազգային դրամից:

 
Մինչ այդ մարդկանց ելույթները լսելը, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել իր հայկական դրամից, քանի որ ազգային դրամ ունենալու պարտադիր հանգամանքն ամրագրված է ՀՀ սահմանադրության 83.3 հոդվածում, որտեղ ամրագրված է, որ Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։


Բնական է, որ այդ մարդիկ կպնդեն թե կարող ենք փոփոխություն կատարել ՀՀ սահմանադրության մեջ և նշել, որ տնտեսական միությունում կարող ենք ունենալ միասնական արժույթ, բայց այստեղ երկրորդ անբեկանելի փաստարկը կա առ այն, որ հայկական դրամից չենք կարող հրաժարվել նաև այն պատճառով, որ Հայաստանի անկախության հռչակագրի 8-րդ կետում հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնում է սեփական դրամ:


Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել իր ազգային դրամից և ընդունել ռուբլի կամ եվրո կամ էլ այլ արժույթ: Ավելի լավ է մտածել թե ինչպե՞ս անել, որ եղած դրամը իր իրական գինն ունենա, դառնա մեր քաղաքացիների համար խնայողությունները պահելու հուսալի ու վստահելի արժույթ և բանկերը հնարավորություն ունենան վերսկսելու իրենց բնականոն գործունեությունը ոչ թե արհեստական միջոցառումներ ձեռնարկելով ստեղծել անորոշ և անկանխատեսելի վիճակ` ինչը հարվածում է ողջ տնտեսությանը:

Աղբյուր՝ analitik.am

Բաժին: featured, Մամուլ