«Պատգամավորները նվաստացած, նսեմացված եւ ընդհանրապես հաշվի չառնված վիճակում են». Մարուքյանը բողոքում է

03/04/2015

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում պատգամավոր Էդմոն Մարուքյանը պոռթկաց: Նա ասաց, որ իր օգնականի հետ վիճել է եւ երդվել, որ այլեւս որեւէ օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացնելու: Նախաձեռնությամբ հանդես կգա միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ լրջագույն հարցերով. «Իմ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ 2 տարի առաջ ներկայացրած, որոնք դրական եզրակացությամբ մտել են օրակարգ, դեռեւս չեն դրվել քննարկման: Իմ սահմանադրական իրավունքը խախտվում է ամեն օր: Կառավարությունը իր նախագծերը բերում է ընդունելու, պատգամավորներն էլ նվաստացած, նսեմացված եւ ընդհանրապես հաշվի չառնված վիճակում են: ՀՀ-ում 95 տոկոս օրենքները ընդունվում են կառավարության կողմից, եթե տենց է, ինչի՞ ենք գրում մենք»: Գագիկ Ջհանգիրյանը հանգստացրեց Մարուքյանին, որովհետեւ այդ «դարդը» միայն իրենը չէ, բոլոր պատգամավորներն են այդ օրի: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ Մարուքյանին նետեց. «Ընդդիմադիր դաշտը ազատվել ա, սաղ ընդդիմադիր են դառել: Դուք անկախ պատգամավոր եք, եւ մեծամասնությունը միշտ պետք է ունենա առավելություն: Թե օրենսդրական նախաձեռնությունները , թե՛ հաջողությունները գրանցում ենք մենք»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ