Թվայնացման դեպքում մարդիկ ուղղակի հեռուստացույց չեն նայի

03/04/2015

Մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, երեկ կառավարության նիստում մերժվեց Ձեր ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է թվային հեռուստատեսության անցման ժամկետը հետաձգել մինչև 2017թվականը: Կարծում եք՝ մեզ համար դեռ վա՞ղ է սկսել թվայնացման գործընթացը։Ես կարծում եմ՝ կարող ենք սկսել թվայնացման գործընթացը, բայց դա չի նշանակում, որ հեռուստաընկերությունների եթերի անալոգային հեռարձակումը պետք է արհեստական ձևով դադարեցվի, որ դա ոլորտի զարգացման համար մեծ քայլ է և կարևոր միտումների կբերի։ Նման բան չկա, որովհետև եթե մենք արհեստական ձևով դադարեցնում ենք անալոգային հեռարձակումը, դրանից առաջին հերթին տուժելու է  եթերի բազմազանությունը մարզերում, դաշտում մրցակցություն չի լինելու, ամեն մարզում մնալու է մի հեռուստաընկերություն։ Այս առումով ես պնդում եմ, որ պետք է հետաձգել և թողնել, որ ոլորտի զարգացումն ու կայացումը տեղի ունենա էվոլյուցիոն ճանապարհով։ Թող այդ թվայնացված հեռուստաընկերություններն էլ այնքան լավը լինեն, այնքան շուկայում գերիշխող տեղ ունենան, որ ոչ թե արհեստական ձևով լիցենզիաներից զրկենք անալոգային հեռուստաընկերություններին, այլ նրանք ուղղակի մրցակցությանը չդիմանան։ Իսկ մենք ասում ենք՝ եկեք արհեստականորեն հուլիսի 1-ից դադարեցնենք։ Ես դրան եմ դեմ և ասում եմ, որ պետք է հետաձգել։ Մյուս փաստարկը՝ մոտավորապես մի քանի հարյուր մարդ, որոնք աշխատում են 14 հեռուստաընկերություններում, մարզերում մնալու են անգործ։ Եթե չասենք այն մասին, որ եթերը փլուզվելու է, դրանք աշխատատեղեր են, տասնյակ տարիներով ձևավորված ավանդույթներ են, աշխատանքային կոլեկտիվներ են։Այսինքն՝ ամենից շատ վնաս կկրեն մարզայի՞ն հեռուստաընկերությունները։Այո, այս պահին 14 հեռուստաընկերությունները, որոնք գործում են մարզերում, առաջին հերթին նրանք են փակվելու։ Լոռու մարզի օրինակով ասեմ, այնտեղ ունենք «Լոռի» հեռուստաընկերությունը, «Անկյուն +3»-ը՝ Ալավերդիում, «Լոռիմիգ TV»-ն Վանաձորում, որոնք բոլորն էլ անալոգային հեռարձակմամբ հեռուստաընկերություններ են։ Հիմա դրանք պիտի փակվե՞ն։ Բա այդ կոլեկտիվների աշխատակիցները, իրենց ընտանիքները ի՞նչ անեն։ Չէ որ այդ հեռուստաընկերություններն էլ գովազդ ունեն, հեռուստադիտող ունեն, պահանջարկ ունեն։ Որ չունենային, իրենք իրենց հունով կփակվեին։ Դրա համար ես հետևողական եմ լինելու, որ այդ հետաձգման հարցը լուծվի, և այդ հեռուստաընկերությունները պահպանեն իրենց գոյությունը։Բայց արդյոք սա մեր միջազգային պարտավորությունները չի խախտի։ Եթե չենք հասցնում մինչև ամառ, սա ցույց չի՞ տալիս իշխանությունների ապիկարությունը, որ չկարողացան ճիշտ կազմակերպել աշխատանքն այս ժամանակահատվածում, որ որևէ մեկին այն չվնասի, և կարողանան ճիշտ ավարտին հասցնել։Միջազգային որևէ պարտավորություն դրանով չի խախտվում, որովհետև եթե նայենք ԵԱՀԿ-ի, Human Right Watch-ի 2010 թվականին հղած նամակները, որոնք քննադատել են Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, նրանք այդ մտահոգությունն այն ժամանակ էլ են տեսել։ Ընդհակառակը, պարտավորությունները կխախտվեն, եթե մենք օրենքի ուժով հեռուստաընկերություններ փակենք, լիցենզիաներ դադարեցնենք։Կարելի՞ է պնդել, որ սա ինչ-որ մեկի բիզնես ծրագիրն է, որ այսքան արագ են փորձում անել։Արագ չեն փորձում, օրենքը ժամանակին ընդունվել է, ուղղակի հիմա է ուժի մեջ մտնում, ժամանակ չի մնացել, մի քանի ամիս, և դա է պատճառը, որ հիմա քննարկման առարկա է դարձել։ Երկար ժամանակ է, որ այդ օրենքը կա, որտեղ գրված է, որ 2015-ի հուլիսի 1-ից պիտի դադարեցվի անալոգային հեռարձակումը։Փաստորեն եթե հուլիսի 1-ի ժամկետը հետաձգվի, դա օրենքի խախտո՞ւմ կհամարվի։Ես կարծում եմ, որ եթերի բազմազանության առումով այդ դադարեցումը խախտում է, այսինքն՝ մարզերի հեռուստադիտողների իրավունքները կոտնահարվեն, որովհետև նրանք ցանկանում էին այդ հեռուստաընկերությանը տեսնել եթերում, հաղորդումները դիտել։ Եթե այդ հաղորդումները պահանջարկ չունենային, վաղուց սնանկացած, փակված կլինեին։Կարծեք թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս կողմ է, որ այդ ժամկետը հետաձգվի։Ես անձամբ խոսել եմ վարչապետի հետ, նա դեմ չէ, ուղղակի ասում է խնդրի լուծման համար այնպիսի լուծում գտնենք, որ միայն հետաձգելով չբավարարվենք։ Համակարգային լուծում տանք խնդրին, որ հաջորդ անգամ էլ ժամկետը գա ու էլի ստիպված չլինենք հետաձգել։ Դրա համար աշխատանքային խումբ է ձևավորվելու, որը խնդրի լուծման ելքերի վրա կաշխատի։ Բայց այն, որ պետք է հետաձգվի անալոգային հեռարձակումն արգելող դրույթը, ես կարծում եմ, այդտեղ բոլորը համաձայն են, այլ բան են ժամկետները։Բնակչության մոտ 70 տոկոսը չունի այն հեռուստացույցները կամ սարքերը, որոնցով հնարավորություն կունենա դիտել թվային հեռուստատեսություն։Եթե նկատի ունեք դեկոդերները, դրանք արդեն վաճառվում են։ Իրենք ասում էին, որ անապահով խավին այդ դեկոդերները կտանք անվճար, բայց նախ տվեք, թող մի 6 ամիս օգտագործեն, անցումային շրջան լինի, նոր հայտարարեք, թե անցնում ենք թվայնացման։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես պատրաստ չենք անցնելու թվայնացման։ Վանաձորում մարդը մտնում է խանութ ու ասում 200 դրամի բրինձ տվեք, իսկ մենք այդ մարդուն ասում ենք հեռուստատեսությունը թվայնացնում ենք, պիտի դեկոդեր գնես։ Չի դիտի հեռուստացույց ու վերջ։ Դրանով ի՞նչ խնդիր ենք լուծում։Իսկ հնարավո՞ր է, որ հայաստանյան «ավանդույթով» դեկոդերների ներկրումն էլ ինչ-որ մեկին է տրված՝ հաշվի առնելով, որ տենդեր չի հայտարարվել։Չի բացառվում նման բան։ Ես չգիտեմ՝ ով է դրանք ներմուծում կամ արտադրում։ Մի բան հստակ է, որ մարզերում, մասնավորապես Լոռու մարզում դժգոհությունը շատ մեծ է թե հեռուստաընկերությունների աշխատակիցների, թե ընդհանուր բնակչության շրջանում, որովհետև մեր մարզի ժողովուրդը սիրում է իր մարզում գործող հեռուստաընկերությունները։

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ