Էդմոն Մարուքյան. «Ղազախներին հարցրե՞լ եք, որ Իրանից ուզում եք գազ բերել, կարող է իրենք դեմ են»

08/04/2015

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այսօր ԱԺ-ում խոսելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մասին, նշեց, որ շարունակում են քննարկել Հայաստանը խոպան դարձրած ընկերությունների գործունեությունը: Պատգամավորը հիշեցրեց, թե ինչու էին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծում` անդրադառնալով այն լարված իրավիճակին, երբ խորհրդարանը վավերացնում էր գազային համաձայնագիրը: Ըստ պատգամավորի՝ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր ոլորտը, խնդիրները և դրա արդյունքում գուցե զեկույցի հիման վրա նոր բանակցություններ սկսվեին և գուցե վերանայվեր, նրա բնորոշմամբ՝ «խայտառակ համաձայնագիրը»:

«Սա այս պահին ինձ համար ամենակարևոր հանգամանքն է, որովհետև ինչ եղել է՝ եղել է: Դրա համար երեկ ասում էի` ինչ եղել է, կամ ինչը հիմա ընթացքի մեջ է, հանցագործություններ են: Որ ասում էի` սա հանցագործության մասին հաղորդում է, իմ գործընկերներից ոմանք զարմանում էին»,-ասաց Է. Մարուքյանը և հավելեց, որ որպես իրավաբան ուշադիր լսել է բոլոր ելույթները և կարող է ասել, որ տարիներ շարունակ քրեորեն հետապնդելի արարքներ են տեղի ունեցել:

Նրա կարծիքով՝ այդ եզրակացության հիմքում դրված փաստերը մեծ քրեական գործի նյութ են, որի վրա պետք է աշխատի մի ամբողջ քննչական խումբ: Էդմոն Մարուքյանն ասում է` եթե կա կամք, պետք է գնան այդ ճանապարհով՝ բռնեն դատեն, թալանածը հետ բերեն, պետականացնեն և ժողովրդին էլ ասեն՝ «կներեք, թալանում էին, հիմա էլ հետ ենք բերել»:

Պատգամավորը նշում է, որ Հայաստանը խոպան դարձրած ընկերությունները չեն ավարտվում ո́չ «Հայփոստ», ո́չ էլ «ՀայՌուսգազարդ» ընկերություններով: Նույնը իրականանում է նաև բաշխիչ ցանցերի դեպքում, որի վերաբերյալ առողջացման ծրագիր է իրականացվում: Էդմոն Մարուքյանն ասում է, որ առողջացման ծրագիր իրականացվում է սնանկացման եզրին գտնվող, թալանված ընկերությունների դեպքում: Իսկ այդ ամենը տեղի է ունեցել պետական մարմինների աչքի առաջ, երբ վերին օղակները բարձր աշխատավարձեր են ստացել, իսկ սևագործ աշխատանք կատարողները՝ չնչին՝ 50-60 հազար դրամ: Ըստ պատգամավորի` նույն բանը շարունակվում է «Բիլայն» ընկերությունում:

Է. Մարուքյանը հարց հնչեցրեց, թե հիմա ում պետք է մեղադրել՝ խոպան եկած ընկերությունների՞ն, թե՞ մեր պետական մարմիններին, որտեղ բարձր աշխատավարձեր են ստանում, օգտվում են բարձր կարգավիճակից, անփոփոխելի են, 5-6 տարով են նշանակվում, անձեռնմխելի են, թանկարժեք ավտոմեքենաներ են նրանց սպասարկում և այլն, սակայն իրենց դերը չեն կատարում:

«Ո՞վ է մեղավոր: Պարզ է, որ մենք` որպես պետություն, պետք է մեր ինստիտուտներն այստեղ գործեին, աշխատեին: Ամեն տարի ասում եմ՝ Հարավկովկասյան երկաթուղուն ամեն տարի պետական բյուջեից սուբսիդավորում եք, այս տարի` կես միլիարդ դրամ, 500 մլն դրամ իր վնասները տալիս ենք, չենք նայու՞մ, թե այդ մարդիկ ոնց են այդ վնասները կրում, որոնք են այն պետական մարմիները, որոնք պետք է հետևեն այդ վնասներին»,-նշում է Մարուքյանը:

Պատգամավորը զարմացավ, որ 20 մլն դոլարի գազ է կորել: Ըստ նրա` գազը չի կորում, գնում է որոշ գազալցակայաններ, այնտեղ վաճառվում դառնում է «cash» փող, որն էլ գնում է համապատասխան տեղեր:

Անդրադառնալով Իրանից գազի ներկրման հնարավորություններին` Էդմոն Մարուքյանը պատգամավորներին հիշեցրեց գազային համաձայնագրերի մասին, ինչպես նաև այն, որ արդեն ԵՏՄ անդամ ենք: «Ղազախներին հարցրե՞լ եք, որ Իրանից ուզում եք գազ բերել, կարող է իրենք դեմ են»,-ասաց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ պետք է ժամանակին խորը մտածեինք, թե ուր ենք գնում:

 

Աղբյուր՝ hetq.am

Բաժին: Մամուլ