Մեռելոցի և ոչ աշխատանքային օրերին վերաբերող օրինագծեր՝ ԱԺ-ում
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի պատգամավորԷդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել օրինագծերի փաթեթներ` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»: Դրանց ընդունմամբ, ըստ նրա, կարիք չի լինի տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանել ոչ աշխատանքային և տեղափոխել շաբաթ օր:
«Մասնավորապես, առաջարկվում է աշխատողներին տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին աշխատանքից 3 ժամով բացակայելու իրավունք վերապահել՝ ննջեցյալ հարազատների գերեզմաններ այցելելու համար», – ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը և նշել նաև, որ խտրականություն թույլ չտալու համար, նախատեսել է հատուկ դրույթ այլ կրոնական ուղղություներին դավանող անձանց համար, ովքեր կարող են օգտվել նշված իրավունքից իրենց կրոնական տոմարով համապատասխան օրերին գերեզմաններ այցելելու համար:
Մարուքյանն ընդգծել է, որ երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատանքային սահմանելով բանկերն ու համանման կառույցները չաշխատելով երկուշաբթի և աշխատելով շաբաթ օրը՝ փաստացի 2 օրն էլ չեն կարողանում որոշակի փոխանցումներ և այլ գործառնություններ կատարել: Մյուս կողմից, բաց է մնում շաբաթական 6 օր աշխատողների հարցը, քանի որ բազմաթիվ գործատուներ, հաշվի չառնելով աշխատանքային օրենսգրքի պահանջները, չաշխատած երկուշաբթի օրվա փոխարեն կիրակի օրն են աշխատանքի կանչում աշխատողներին, ովքեր փաստորեն այդպիսով աշխատում են 12 օր անընդմեջ:
Այսպիսով նախագծերի փաթեթը քաղաքացիների համար իրավական հիմք է ստեղծում համապատասխան օրն այցելելու գերեզմաններ՝ առանց ոչ աշխատանքային օր հայտարարելու անհրաժեշտության:
Ապրիլի 2-ի նիստին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ մեռելոցի օրերը ոչ աշխատանքային սահամանելու հարցում հասարակությունում կան տարբեր կարծիքներ. մի մասը համարում է, որ դա խաթարում է տնտեսական ակտիվությունը, և վարչապետը հանձնարարել է Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ ուսումնասիրել խնդիր՝ հիմնավոր որոշում կայացնելու համար:
Աղբյուր՝ panarmenian.net
Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ