Զինվորը պետք է իմանա, որ պետությունը բոլոր իրավիճակներում իր թիկունքին կանգնած է. Է. Մարուքյան
ԱԺ-ում հատուկ ռեժիմով քննարկման է ներկայացվել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
Տեղեկացնենք, որ համաձայն առաջարկվող փոփոխության՝ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս, երբ ստանում են վնասվածք, խեղում, կամ դրանց հետևանքով ծագում է ինչ-որ հիվանդություն, որն ունի արտերկրում բուժման կարիք, այդ բուժման ծախսերը ամբողջությամբ հոգալու է պետությունը:
Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է կոնկրետ դեպքով, երբ մարտական հերթապահությունն իրականացնելու ժամանակ զինծառայող Գևորգ Եղիազարյանի մոտ առողջական խնդիրներ էին առաջացել և արտերկրում բուժման համար դրամահավաք էր սկսվել:
«ՊՆ-ն իր հնարավորությունների սահմանում աջակցություն էր ցուցաբերել՝ 70 հազար դոլար, բայց ևս 50 հազար դոլար էր պետք, որպեսզի նա շարունակի իր բուժումն արտերկրում, և բանավեճի արդյունքում պարզվեց, որ ՀՀ օրենսդրությունը չունի նման նորմ, որ ՀՀ պարտավորություն կկրի նման դեպքերի համար»,-ասաց Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով՝ այդ պարտականությունը մինչ օրս իրականացվել է բարերարների և դրամահավաքների շրջանակում. «Ինչը նշանակում է, որ առաջին գծում կանգնած զինվորի բարոյահոգեբանական վիճակի, նրա մարտական բարձր ոգու առումով թերացում է եղել մինչ օրս, որովհետև զինվորը պետք է իմանա, որ պետությունը բոլոր իրավիճակներում իր թիկունքին կանգնած է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս նախագծով առաջարկում են մարտական հերթապահության ժամանակ ստացված վնասվածների, խեղման և այլ դեպքերի՝ ՀՀ-ում անհնարինության բուժման համար բուժումը կշարունակվի արտերկրում՝ բուժաման, կեցության և ճանապարհածախսն ամբողջությամբ կլինի պետբյուջեի հաշվին:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախագծի կարևորությունը նաև նրանում է, որ այս խնդիրներով բարեգործությունը նսեմացնում է բանակի ու պետական համակարգի դերը. «Պետությունը պետք է առաջին տեղում լինի, հետո բարեգործությունը գա լրացնի»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ նախագծի ընդունումը խիստ հրատապ է, քանի որ ամառվա ամիսների ընթացքում սահմանում սրացումներ են լինում. «Որքան շուտ ունենանք նման օրենք, այնքան լավ»,-եզրափակեց նա:
Աղբյուր՝ Irakan.info
Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ