Ես էլ իմ մազերն եմ կորցրել բանակում. Էդմոն Մարուքյան

10/06/2015

Ազգային Ժողովում քննարկվում է Էդմոն Մարուքյանի և Արփինե Հովհաննիսյանի կողմից առաջարկված «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանին հարց ուղղեց Նաիրա Զուրաբյանը՝ վերջերս մահացած ազգությամբ եզդի զինծառայողի մասին:

Զինվորը բարձրաձայնել էր իր վատառողջ լինելու մասին, սակայն, նրան պատասխանել էին, թե նա սիմուլյանտ է, ու միայն չծառայելու պատճառով է դիմում այդպիսի ձևականությունների: Նաիրա Զուրաբյանը շեշտեց, որ քաղցկեղը ժամանակին վերահսկելու և արտասահման տեղափոխելու դեպքում զինվորը չէր մահանա: Նա նշեց նաև հոգեկան ծանր վնասվածք ստացած զինծառայողի մասին, որը միջոց չունի բուժվելու, իսկ պետությունը ձեռք է քաշել զինվորին բուժման տանելու իր պարտականությունից:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ պետք է ավելի լավ կատարվի տղաների ստուգումը բանակ տանելուց առաջ: Պատգամավորը ներկայացրեց, որ զորակոչվելուց հետո ևս պետք է իրականացնել սքրինինգ ստուգում, պարզելու համար, թե զինծառայության ընթացքում որևէ վնասվածք ստացե՞լ է զինծառայողը: Սակայն, նախագծի քննարկման ժամանակ այս առաջարկությունը չեն քննարկել: «Իմ ծառայության ժամանակ էլ մազերս  է թափել: Հիմա ես ի՞նչ անեմ, մազերով գնացել եմ, առանց մազ՝ հետ եկել: Ես էլ իմ մազերն եմ կորցրել բանակում»,- հայտնեց Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, որ իր առաջարկած սքրինինգը պարզելու է, թե ինչ հնարավոր հիվանդություններ, կամ վնասվածքներ է ձեռք բերել ժամկետային զինծառայողը:

Թե ով է մեղավոր և ով է պետք է պատասխանատվություն կրի երկու զինվորների առողջական վիճակին չհետևելու և մեկի մահի պատճառ դառնալու համար՝ Էդմոն Մարուքյանը չպատասխանեց:

Աղբյուր՝ araratnews.am

Բաժին: Մամուլ