Էդմոն Մարուքյանը բացահայտել է խայտառակ կողոպուտը

16/06/2015

Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների հանդեպ կայացվող վարչական ակտերի առատության խնդիրը: Պատգամավորի ներկայացրած վիճակագրության համաձայն, Հայաստանի քաղաքացիների հանդեպ նշանակված զանազան տուգանքները հասնում են մոտ 2 միլիոնի: Հայաստանի մոտ 3 միլիոն բնակչության հանդեպ տարեկան կայացվում է տուգանքի մոտ 2 միլիոն որոշում:«Սա խայտառակության խայտառակությունն է: Նման ելույթներ, գիտեք, ես փորձում եմ չունենալ, բայց չափ ու սահմանն անցել է: Տարեկան 2 մլն վարչական ակտ, սա խայտառակություն է, ինչի՞ համար, ինչ է թե մեկը մի գի՞ծ է տրորել, ո՞վ է տեսել մի գիծ տրորելու համար հինգ հազար տուգանել, մի անգամ զգուշացրեք, երկրորդ անգամ խիստ զգուշացրեք, չափ կա, սահման կա: Նայեք սոցիալական վիճակին բնակչության, ինչքան վիճակը գնում է ներքև, ծայրահեղ է դառնում մարդկանց օրվա ապրելակերպը, այնքան վարչական ակտերը շատանում են», հայտարարել է պատգամավորը:Խայտառակությունն իհարկե երեւույթի մեղմ բնորոշումն է, քանի որ ամբողջական իմաստով խոսքը վերաբերում է բնակչության կողոպուտին: Թեեւ, դա իհարկե խայտառակություն է, երբ իշխանությունը վարչական ակտերով կողոպտում է սեփական բնակչությանը: Ընդ որում, այդ ակտերից ստացվող փողերի մի մասը գնում է մասնավոր ընկերությունների գրպանը, որը ստեղծել են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ կամ նրանց հարազատներ, բարեկամներ, մանկության ընկերներ եւ այլն: Փողերի մյուս մասն էլ համալրում է պետական գանձարանը, որը դատարկ է տնտեսական ապաշնորհ քաղաքականության հետեւանքով:Կարող է թվալ, թե վարչական ակտերը կատարում են բնակչության վարքը կանոնակարգելու, օրինապաշտության, կարգապահության բարձր մշակույթ ձեւավորելու նպատակով, այն նկատառումով, որ մարդը չի անի որեւէ անկարգություն, որպեսզի չվճարի տուգանք:Բայց, եթե համեմատում ենք տուգանքների, վարչական ակտերի վիճակագրությունը հանրային վարքի հետ կապված վիճակագրական տվյալների հետ, ապա նկատելի է, որ տուգանքները ավելանում են, բազմապատկվում, իսկ ահա հանրային օրինապաշտության եւ կարգուկանոնի մշակույթը կամ դրա բացակայությունը չի փոխվում: Այլապես տուգանքների վիճակագրությունը պետք է նվազեր:Հետեւաբար, դրանք չեն օգնում հանրային համակեցության տիրույթում օրինապաշտության ու կարգապահության մշակույթի հաստատմանը: Դրա համար անհրաժեշտ է մոտեցումների եւ փիլիսոփայության վերանայում: Իրավիճակի վառ վկայությունը ճանապարհային երթեւեկությունն է, որտեղ արագաչափերն ու տեսախցիկները ավելանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն դրան զուգահեռ ավելանում են նաեւ վթարները, այն էլ մահվան ելքով:Ճանապարհային ոստիկանությունն ու տեսախցիկները «դարանակալ» սպասում են, թե որ վարորդին կհայտնաբերեն մի փոքր գիծ տրորելիս, կամ մի քանի րոպե անթույլատրելի վայրում կայանելիս, կամ նախատեսված արագությունը մեկ-երկու նիշով գերազանցելիս, կամ համանման այլ ոչ վտանգավոր խախտումներ անելիս, որպեսզի անմիջապես նրանից կորզեն տուգանքը:Բառացիորեն մի քանի օր առաջ, Երեւան Սեւան ավտոճանապարհին, որը հանգստյան սեզոնին զուգահեռ դառնում է ամենավտանգավոր ավտոճանապարհը Հայաստանում, ինչ որ մի վարորդի պատճառով տեղի էր ունեցել վթար, որին զոհ է գնացել երեք երիտասարդ: Դեպքը տեղի է ունեցել գիշերը: Նույն օրը, Երեւանի փողոցներից մեկում, որ Նոր Նորքը միացնում է Էրեբունի համայնքին, հերթապահում էին միանգամից 4-5 ՃՈ անձնակազմեր, կամ ֆորմալ, կամ ոչ ֆորմալ հերթապահությամբ: Ընդամենը 7-8 կմ հատվածում միանգամից մի քանի ՃՈ անձնակազմ, էլ չասած 3-4 արագաչափի մասին:Իսկ այդ ընթացքում, հանրապետական նշանակության վտանգավոր, անվտանգության որեւէ չափանիշի չհամապատասխանող մայրուղիներում հերթապահության ոչ մի այդօրինակ խտություն եւ ինտենսիվություն:Որովհետեւ, հանրապետական նշանակության մայրուղիները եկամտաբեր չեն, ֆինանսական գրավչություն չունեն, ի տարբերություն Երեւանի փողոցների: Իսկ քանի որ Հայաստանի ՃՈ-ն, չնայած տեղի ունեցող բարեփոխումներին, այդուհանդերձ որպես կառույց եւ ինստիտուտ շարունակում է գործել «փող աշխատելու» փիլիսոփայության եւ մտածողության շրջանակում, ռեսուրսների զգալի մասը բնականաբար բաշխվում են Երեւանում, ոչ թե հանրապետական նշանակության վտանգավոր ճանապարհներին:Որովհետեւ, ճանապարհներին վարչական ակտերի վիճակագրությունը կնվազի էապես, մինչդեռ Հայաստանի ամբողջ պետությունն է կառավարվում «փող աշխատելու» տրամաբանությամբ եւ փիլիսոփայությամբ:Այդպես է բոլոր ոլորտներում, որոնք ապահովում են վարչական ակտերի առատությունը Հայաստանում:Էդմոն Մարուքյանը բարձրացնում է ոչ միայն սոցիալական, այլ նաեւ քաղաքական, նույնիսկ քաղաքակրթական նշանակության կարեւորագույն խնդիր՝ պետական կառավարման փիլիսոփայության փոփոխության խնդիր, «փող աշխատելու» տրամաբանությունից դուրս գալու, պետական կառավարումը այդ մտածողությունից դուրս բերելու խնդիրը:Միեւնույն ժամանակ, այստեղ արդյունավետությունը կախված է նաեւ այն բանից, թե ինչ կկատարվի փայտի հակառակ ծայրից, այսինքն հանրային դաշտից: Խոսքն այն մասին է, որ հանրությանը պետք է առաջարկվի լայն աջակցություն վարչական ակտերի դատական վիճարկման գործընթացում, քանի որ այդ ակտերի ահռելի մասը կազմված են թե ուղղագրական, թե առավել եւս իրավական աղաղակող անգրագիտությամբ:Դրանց մի զգալի մասը պարզապես անհիմն «թխված» ակտեր են, Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնահարող ակտեր, որոնք կազմվում են հույսով, որ քաղաքացիները պարզապես կուրորեն, իներցիայով, դատական քաշքշուկների մեջ միայնակ չմնալու վախով կտանեն ու կվճարեն:Եթե այդ մասով Հայաստանի քաղաքացիներին առաջարկվի հանգամանալից եւ մասշտաբային օժանդակության ծրագիր, ապա պատկերն ու վիճակագրությունը կփոխվեն էապես:Փող աշխատելը վատ բան չէ, սակայն այստեղ արժեքը թերեւս պետք է լինի աշխատանքը, իսկ փող ընդամենը վարձատրության ձեւ ու նոր արժեքի ստեղծման միջոց: Հայաստանի իշխող փիլիսոփայության մեջ փողն արժեքները ոչնչացնելու միջոց է, ընդհուպ մարդկային կյանքը:

 

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Մամուլ