Էդմոն Մարուքյանը շուրջ 30 տոկոսանոց ազատ ընտրազանգված է տեսնում իր նոր կուսակցության համար

17/06/2015

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Հայաստանում շուրջ 30 տոկոսանոց ընտրազանգված է տեսնում նոր ստեղծվելիք կուսակցության համար:

 

«Պահանջարկ միանշանակ կա, մեր հաշվարկներով՝ շուրջ 30 տոկոսանոց էլեկտորատ կա կոնկրետ այն ուղղությամբ, որը ցանկանում ենք սպասարկել և այդ հատվածի շահերը պաշտպանել»,-Tert.am-ին ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ սա ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ որևէ ընդդիմադիր կուսակցության ընտրազանգված է. այն միայն իրենցն է լինելու։
Արդեն տեղեկացրել էինք, որ նոր կուսակցությունը պետք է լինի նոր մշակույթով ու դեմքերով, նոր խոսքով և մեթոդներով։ Հիմնական շեշտադրումն էլ դրվելու է մարդկանց վրա, որոնք այսօր բիզնեսում են, ակադեմիական միջավայրում և հասարակական սեկտորում:
Կոնկրետ հնչել էր ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի անունը, բայց Էդմոն Մարուքյանն այսօր էլ չշտապեց հաստատել դա՝ ասելով. «Քննարկումների մեջ ենք, ու որևէ նորություն չենք կարող ասել մարդկանց ու անունների վերաբերյալ։ Երբ կլինի ինֆորմացիա, թե ովքեր են ներգրավված և հիմնական թիմը ինչ անձանցից է բաղկացած՝ հայտնի, անհայտ, քաղաքական գործիչներ կամ քաղաքացիական, բիզնեսի ներկայացուցիչներ… հիմա որևէ անվան հետ կապված ես այդ թիմի կողմից որևէ բան հայտարարելու լիազորություն չունեմ»,-ասաց էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում իրականում կա ոչ թե 6 կուսակցություն, այլ 20՝ Թևան Պողոսյանի ու Էդմոն Մարուքյանի կուսակցությունը հաշված։
«Մեր կուսակցությունը չի ստեղծվել, չգիտեմ՝ ինչու է Անդրեաս Ղուկասյանը նման հայտարարություն արել, երևի կարողանում է կանխատեսում անել և կանխատեսում է, որ ստեղծելու ենք, բայց այս պահին դեռ նման բան չկա»,-ի պատասխան ասաց պատգամավորը:
Հարցին, թե այսպես կոչված՝ ինստիտուցիոնալ ընդդիմությո՞ւն է լինելու այս կուսակցությունը, պատգամավորը պատասխանեց. «Այն չի կրկնելու որևէ եղած, անցած փորձ: Հիմա դրա անունը հասարակությունը կդնի ինտիտուցիոնա՞լ, թե՞ այլ, դա արդեն գնահատման խնդիր է»։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կուսակցության անունը որոշված չէ, որոշված չէ նաև հիմնադիր համագումարի ժամկետը։

 

Աղբյուր՝ tert.am

 

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ