«էս նեղ մաջալին ի՞նչ կարիք կար այդ թանկացումներին». Էդմոն Մարուքյանը՝ բենզինի, օղու և ծխախոտի թանկացման մասին
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ծխախոտի, օղու և վառելիքի ակցիզային հարկի բարձրացման մասին օրինագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց, թե սպառողների համար բենզինի գինը կբարձանա՞, թե՞ ոչ: Բաբայանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հարցրեց նաև, թե ինչո՞ւ Վրաստանում գործող հայտնի բրենդները՝ ռուսական «Լուկօյլ», «Ռոսնվեթ», արևմտյան «Բիրիտիշ Պետրոլիում», «Շել», Հայաստանում չունեն իրենց բենզալցակայանների համակարգը:
Վ.Միրումյանը նշեց, որ բենզինի մեկ տոննայի համար ընդամենը 8000 դրամ է բարձրանում, այսինքն՝ մեկ լիտրի համար՝ 6 դրամ: Ըստ նրա՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ դա այն բարձրացումը չէ, որ գների վրա ազդեցություն ունենա: Առաջավոր բրենդների համար, Միրումյանի վստահեցմամբ, որևէ սահմանափակում չկա, կարող են ներմուծումներ կատարել և իրացնել, եթե իհարկե նախապատվություն կտան հայկական շուկային՝ պայմանավորված նաև մրցակցության խնդրով: Նրա խոսքով՝ վառելիքի գնանկումը՝ 15-20%, հենց ԵՏՄ անդամակցության արդյունքն է:
Վ.Միրումյանը մանրամասնեց, որ բազմաթիվ գործոններ կան, հատկապես՝ շուկայի փոքրությունը բավականին լուրջ հանգամանք է, որ նման գիգանտ կազմակերպությունները, որ բավակաին խոշոր ցանց ունեն աշխարհում, պարզապես տնտեսական արդյունավետության առումով չնախընտրեն գործել ՀՀ-ում:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանն արտահայտեց իր տարակուսանքը, թե «էս նեղ մաջալին ի՞նչ կարիք կար այդ թանկացումներին»: Նա նշեց, որ ՌԴ-ից էժան օղի է ներմուծվում, իսկ տեղական արտադրողի ակցիզն էլ բաձրացնելու դեպքում հնարավոր է փակեն արտադրությունը, մարդկանց աշխատանքից ազատեն:
Վ.Միրումյանը հայտնեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2016թ. հունվաի 1-ից: Նա հավաստեց, որ ազդեցությունների գնահատումը վերլուծել են՝ ներմուծվող օղին ավելի թանկ է, իսկ օրինագծով միաժամանակ բարձրացվում են և՛ սպեցիֆիկ, և՛ արժեքային դրույքաչափը, և տեղական արտադրողին ներմուծողի համեմատ դնում են շահեկան վիճակում: Նա բացառեց, որ կվնասեն տեղական արտադրությունը և կհանգեցնեն աշխատատեղերի կրճատման:
«Մարդիկ սարսափած են, առանց այդ էլ շրջանառությունն ընկել է: Բազմաթիվ խնդիրներ ունեն ու էս նեղ մաջալին բերել եք, բարձրացնում եք»,- չհամաձայնեց Է.Մարուքյանը:
Նշենք, որ օղու և ծխախոտի ակցիզը բարձրացվում է 10%-ով, բենզինի գինը՝ 6 դրամով:
Աղբյուր՝ 168.am