Հեռու ժողովրդի գրպանից. Մարուքյանին վրդովեցրել է Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը (տեսանյութ)

10/07/2015

Սեպտեմբերին մեկնարկելիք Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին ընդառաջ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթևեկության տուգանքներին վերաբերող օրինագիծ: Դրանով պատգամավորն առաջարկում է փոխել արտադատական ընթացակարգերով մարդկանց հաշվեհամարների վրա արգելանք դնելու միջոցով վարչական պատասխանատվության ենթարկելը և նվազեցնել տուգանքների չափերը:

Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան էջում գրել է, որ գրեթե բոլոր խմբակցություններից պատգամավորներ են մոտեցել իրեն ու հայտնել իրենց աջակցությունը` օրինագիծը պաշտպանելու հարցում։

Panorama.am-ի հետ զրույցում Մարուքյանը հավելեց, որ Հանրապետական խմբակցությունից մի խումբ պատգամավորներ ասել են, որ կմիանան նախագծին: «Բոլոր խմբակցություններից ասել են, որ կմիանան»,- փոխանցեց Մարուքյանը:

Իր Facebook-յան գրառման մեջ Մարուքյանը նաև անդրադարձել է Ճանապարհային ոստիկանության նոր նախաձեռնությանը, երբ առաջին անգամ Վարդավառի տոնին շարժական լուսանկարահանող-արագաչափեր սարքեր գործի կդրվեն:

«Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է: Այս ոլորտը պետք է կարգավորվի օրենքի ուժով: Հեռու` ժողովրդի գրպանից »,- գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ նույն թեմայի շուրջ Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովումվիճակագրություն էր ներկայացրել, ըստ որի, 1 տարվա ընթացքում Հայաստանում տարբեր տեսչությունների կողմից կազմվել է 1.5 մլն վարչական ակտ: «Դրան գումարվել է, այ Դուք երևի մտածում եք, որ ճանապարհատրանսպորտային խախտումների ակտերը այս 1.5 մլնի մեջ է, ո՛չ, հարգարժա՛ն գործընկերներ, ո՛չ: Դրան գումարվել են ՃՈ կողմից կազմված 345 հազար վարչական ակտերը: Այսինքն՝ մեկ տարում 1 մլն 845 հազար վարչական ակտ է կազմվել, որոշում, տուգանք՝ մարդկանց նկատմամբ, բայց դատարանները այս գործերը չեն քննում, մարդկանց լսված լինելու իրավունքը ոտնահարված է, մարդկանց սեփականության իրավունքը խախտվում է»,- հայտարարել էր նա ու նշել, որ պատրաստվում է օրինագիծ մշակել.

«Եկեք խորհրդարանում մի բան անենք, որը կարող է չհամընկնել մեր սիրելի կառավարության կարծիքի հետ, ես նախագիծը կկազմեմ, մոտենալու եմ բոլորին և կխնդրեմ միանաք, պետք է խորհրդարանով մեկ այդ որոշումն ի կատար ածենք»:

 

Աղբյուր՝ panorama.am

Բաժին: Մամուլ, Տեսանյութեր