Ես իր հետ քննարկման դաշտ չեմ մտնի, նա ինձ համար այդ մակարդակում գոյություն չունի. Մարուքյանը՝ Նիկողոսյանի մասին

12/08/2015

Եթե Անդրանիկ Նիկողոսյանն իմ ընտրվելու հարցն է քննարկում, ինքը ազատ է, կարող է այն վիճարկել, եթե իհարկե նման հնարավորություններ ունի: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով վերջինիս այն հայտարարությանը, թե Էդմոն Մարուքյանը ԱԺ պատգամավոր է դարձել ոստիկանության կեղծ տեղեկանքի հիման վրա:

Հիշեցնենք, որ Մարուքյանը պահանջում է Նիկողոսյանից հետ վերցնել ԱԺ-ի շնորհած բարձրագույն պարգեւը՝ ԱԺ պատվո մեդալը, Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար:

Նա նշեց, որ Անդրանիկ Նիկողոսյանի այդ հայտարարությունը իրեն չի ուղղված, այլ ուղղված է վերջինիս բարձր պարգեւներ տվողներին: «Ես իր հետ քննարկման դաշտ չեմ մտնի, նա ինձ համար այդ մակարդակում գոյություն չունի, սա արդեն լկտիության մյուս մակարդակն է, իր հետ կապված արդեն ամեն ինչ ասված է, մինչեւ վերջ պետք է գնանք ու նրան զրկենք պարգեւներից, երեւի այդպես փորձում է շեղել իր մեդալների պատմությունից, չի հաջողվի: Իր նման մարդիկ չեն կարող սպառնալ կամ հարցականի տակ դնել ժողովրդի կողմից ընտրված առաջնային մանդատ ունեցողներին, դա ծիծաղելի է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ ոստիկանական կեղծ տեղեկանքի մասին է խոսում Նիկողոսյանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե Անդրանիկ Նիկողոսյանը տվյալներ ունի, կարող է դիմել դատարան, դատախազություն կամ պետդումա:

Նշենք, որ ժամանակին լրատվամիջոցները գրել էին, թե Էդմոն Մարուքյանը 1 տարուց ավելի բացակայել է երկրից, սակայն նրան տրվել է կեղծ տեղեկանք այն մասին, որ վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում:  Պատգամավորը հայտարարել էր, որ ինքը մշտական չի բացակայել, այլ գնացել-եկել է, ոստիկանությունը եւս հերքել էր տեղեկությունները:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի պահանջին՝ Նիկողոսյանից հետ վերցնել ԱԺ-ի շնորհած բարձրագույն պարգեւը ԱԺ պատվո մեդալը Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար, Նիկոդոսյանն ասել է, թե ավելի հեշտ է Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան իրենից իր ստացած պարգեւները: «Ի դեպ, ես էլ տեղյակ եմ, որ Մարուքյանը ոստիկանության կողմից տրված կեղծ տեղականքի հիման վրա է ընտրվել ԱԺ պատգամավոր, ու նրա կեղծիքը համառորեն կոծկեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ հայտնի պատճառներով»,-ասել է Նիկողոսյանը:

Աղբյուր՝ news.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ