ՀՀ-ում փաստաբանական համայնքը շատ կայացած է` որեւէ մեկս թույլ չենք տա, որ գրոհ տեղի ունենա մեր նկատմամբ. Էդմոն Մարուքյան

19/09/2015
ՀՀ-ում փաստաբանների նկատմամբ հարուցվող քրեական գործերը կարծես թե գնալով ավելի հաճախակի եւ սովորական բնույթ են սկսում կրել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փաստաբանների դպրոցի նախկին տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Հերթական քրեական գործի հետ կապված՝Orer.am-ը զրուցեց նախկինում փաստաբանական գործունեություն ծավալած ԱԺ անկախ պատգամավոր, Էդմոն Մարուքյանի հետ, ով, վերհիշելով փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամաբ հարուցված քրգործը, ասաց, որ այդ գործի հետ կապված՝ հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ. «Պահանջել եմ, որ գործը կարճվի: Իրավապաշտպան կառույցների անդամներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ միացան կոչիս, որից հետո գործը կարճվեց, ինչն էլ ըստ էության ողջունելի է»,- նշեց Էդմոն Մարուքյանը հավելելով, թե փաստաբանների նկատմամբ գործեր հարուցելը, նրանց կողմից կիրառվող մեխանիզմները քրեական հետապնդման առարկա դարձնելը չի վկայում իրավական պետության գործելաոճի մասին. «Նման գործելաոճը դատապարտելի է: Կարծում եմ, որ որեւէ փաստաբանի դեմ նման հոդվածներով (կապված փաստաբանի իրավապաշտպան գործունեության հետ) հարուցվող գործերը ապագա չունեն: Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված գործը եւս ապագա չի ունենալու: Ես կոչ եմ անում եւ պահանջում իրավապահ մարմիններից դադարեցնել այդ գործելաոճը»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ իրավապաշպանները պետք է լինեն պաշտպանված, եւ պետությունն իր հերթին պարտավոր է ապահովել իրավապաշտպանների ու փաստաբանների համար անվտանգ աշխատանքային միջավայր, քանզի դա բխում է մեր պետության շահերից: «Շատ կարեւոր է, որ ժողովրդավար հասարակությունում իրավապաշտպանները, իսկ փաստաբանը պրոֆեսիոնալ իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձ է, լինեն պաշտպանված: Պետությունը պետք է ապահովվի իրավապաշտպանների ու փաստաբանների համար անվտանգ աշխատանքային միջավայր, այլապես ՀՀ քաղաքացիները եւ մեր երկրում բնակվող մարդիկ կկարծեն, որ եթե անգամ փաստաբանը պաշտպանված չէ, ապա ինչ երաշխիքներ կան, որ նա կարող է մարդկանց պաշտպանել դատարաններում: Այս առումով շատ կարեւոր է, որ մենք յուրաքանչյուր դեպքում կանգնենք փաստաբանի, իրավապաշտպանի կողքին, երբ նա անիրավական ձեւով քրեական հետապնդման զոհ է դառնում: Ես դատապարտում եմ բոլոր նմանօրինակ դեպքերը եւ կրկին պահանջում եմ, որ դադարեցվի Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Նման դեպքերը պարզապես պետք է բացառվեն, հնարավոր բոլոր բարենպաստ պայմանները պետք է ստեղծվեն իրավապաշտպան գործունեության համար, ինչը, ըստ էության, միտված է մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչն էլ ասում է ՀՀ Սահմանադրությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե արդյո՞ք փաստաբանների նկատմամբ հարուցվող գործերի շարանը կարելի է գրոհ համարել փաստաբանական ինստիտուտի դեմ, պատգամավորը պատասխանեց, որ մեկ-երկու հարուցված քրեական գործի պատճառով ասել, որ դա գրոհ է, ճիշտ չի լինի. «Չեմ կարծում, որ կարող է գրոհ տեղի ունենալ փաստաբանական համայնքի նկատմամբ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական համայնքը շատ կայացած է եւ որեւէ մեկս թույլ չենք տա, որ գրոհ տեղի ունենա մեր նկատմամբ: Այդ գրոհները նույն ուժով հետ կմղվեն: Պարզապես պետք է ամեն մի դեպքով շատ հստակ ուղիղ ու բաց դիրքորոշում ունենալ եւ դատապարտել տեղի ունեցածը՝ բոլորս կանգնելով տվյալ մարդու ու կողքին պաշտպանելով նրան: Փաստաբանական իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ հարյուրավոր փաստաբաններ ստանձնել են նրա պաշտպանությունը դատական ատյաններում, իսկ նախաքննության մարմինները հայտնվել են հիմար վիճակում: Այս առումով ես կոչ կանեի, որ իրավապահ մարմինները նույն իրավիճակի մեջ չհայտնվեն ու ձեռնպահ մնան անիրավական գործողություններից՝ ուղղված իրավապաշտպանների դեմ: Փաստաբանական համայնքը պետք է զարգանա: Դա միայն Հայաստանի Հանրապետության շահերից է բխում»,- խոսքը եզրափակեց Է. Մարուքյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվել են Ն. Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանելու հետ կապված հարցերը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ ՓՊ-ից ներկայացուցիչ կնշանակվի Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:

Սոսե Չանդոյան

Աղբյուր՝ orer.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ