Է. Մարուքյանի օրինագծի ընդունվելու դեպքում այսուհետ հնարավոր չի լինի արտադատական կարգով բռնագանձել մարդկանց գույքը

30/09/2015

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել, որոնց ընդունվելու պարագայում այսուհետ արտադատական կարգով հնարավոր չի լինի մարդկանց սեփականություն հանդիսացող գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները բռնագանձման ենթարկել։

Պատգամավորի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր շրջանառության մեջ եմ դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով կշտկվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում վերջին մի քանի տարիների ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:
Խնդիրն այն է, որ ներկա խմբագրությամբ վարչական մարմինների կայացրած ակտերի հիման վրա քաղաքացիները սեփականազրկվում են՝ առանց իրացնելու լսված լինելու իրավունքն ու հնարավորությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության և ՄԻԵԿ մակարդակով: Անհամաձայնության դեպքում քաղաքացին ինքը պետք է դիմի վարչական դատարան՝ բողոքարկելով վարչական մարմնի կայացրած ակտը, այնինչ վարչական դատավարության օրենսգիրքը հայցադիմումի կազմման այնպիսի պայմաններ է առաջադրել, որ իրավաբանական կրթություն չունեցող միջին վիճակագրական քաղաքացու կողմից այն կազմվելու դեպքում հնարավոր է, որ անգամ վարույթ ընդունվելու փուլը չհաղթահարի:
Փաստորեն վարչական մարմնի բեռը դրվում է քաղաքացու վրա, այնինչ քաղաքացին վճարում է հարկ, որպեսզի վարչական մարմիններն իրեն համապատասխան ծառայություններ մատուցեն:
Արդեն մի քանի տարի է, ինչ արդարադատության նախարարությունն իր առջև գերխնդիր է դրել բեռնաթափելու դատարանները, սակայն կիրառված մեթոդը բոլորովին չի արդարացվում այդ նպատակով, քանի որ դատարանների բեռնաթափման հաշվին զանգվածային ոտնահարման են ենթարկվում հատկապես իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիների իրավունքները, և նրանց հաշվին լցվում է պետական բյուջեն, հարկադիր ծառայության արտաբյուջետային հաշիվը, ինչպես նաև սնվում են ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման համար գանձվող տուգանքներից բաժին ստացող մասնավոր և այլ կառույցներ:
Նախագծերի փաթեթով վարչական օրենսդրությունը վերադարձվում է նախկին՝ իրավաչափ խմբագրությանը, որով տուգանքի դիմաց գույքի բռնագրավում և/կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների իրավունքները վերացվում են»:

 

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ