Էդմոն Մարուքյանի մարտահրավերը քաղաքական կուսակցություններին եւ նրանց «հնացած» կադրերին
ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, մարտահրավեր նետելով դաշտում գործող կուսակցություններին, օրերս հայտարարեց, որ հարկավոր է քաղաքական սերնդափոխություն իրականացնել:
Թե որքանով է իրատեսական երիտասարդների ինտեգրումը ներքաղաքական կյանքին, Orer.am-ը զրույցի ընթացքում ճշտեց պատգամավորից:
-Խոսքը ոչ միայն երիտասարդների ինտեգրման, այլեւ քաղաքական սերնդափոխության մասին է, ինչը վերաբերում է բոլոր դաշտերին: Եթե նայենք թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերին, ապա կտեսնենք, որ վերջին 20-25 տարիների ընթացքում դաշտում նույն մարդիկ են: Նրանք արդեն ծերացել են, նրանց հարկավոր է կրեդիտ տալ՝ մաղթելով ամենալավն ու բարին:
Պարզապես տվյալ անձանց պետք է շնորհակալություն հայտնել այսքան տարի պետությանն ու երկրին ծառայելու եւ նրանց կատարած աշխատանքի համար՝ թույլ տալով երիտասարդներին իրագործել մինչ օրս կյանքի չկոչված քայլերը: Այդ մարդիկ պետք է տեղ ազատեն նոր սերնդի համար. այլ կերպ զարգացում հնարավոր չէ ապահովել:
Ներկայիս քաղաքական սերունդն իր բոլոր հնարավոր գաղափարները, որոնք ուներ կամ կարող էր ունենալ, արդեն կյանքի է կոչել, այդ իսկ պատճառով մենք խոսում ենք քաղաքական սերնդափոխության մասին, որն անկասելի է:
-Արդյո՞ք քաղաքական սերնդափոխությունը որակի երաշխիք կդառնա:
-Պետք է ամեն ինչ անել, որ սերնդափոխությունը նաեւ լինի արժեքային, որովհետեւ հնարավոր է սերնդափոխություն իրականացնել՝ դաշտ բերելով տարբեր կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչների, որոնք որոշ դեպքերում ավելի վատն են, քան եղած կադրերը:
Փոխարինելու պետք է գան մարդուն որպես բարձրագույն արժեք դիտարկողները, մարդու իրավունքների ջատագովները, որոնք իրենց գաղափարներով եւ նոր տեխնոլոգիաներով կկարողանան խնդիրներ լուծել: Այդ երիտասարդներն այսօրվա մարտահրավերների լուծման բանալին են: Մերօրյա մարտահրավերները չեն կարող լուծվել 20-30 տարվա նախկին մոտեցումներով:
-Քաղաքականություն մտնելը ռիսկեր է պահանջում, ըստ Ձեզ՝ ի՞նչն է մարդկանց հետ պահում հստակ քայլեր իրականացնելուց:
-Մենք հնարավոր տարբեր տեղերում՝ տանը, բուհերում, ընկերական շրջապատում քննարկում ենք առաջացած խնդիրները, ամեն ինչի նկատմամբ հայտնում ենք փորձագիտական մեր մոտեցումները, որ եթե այսպես արվի, շատ ավելի ճիշտ կլինի, սակայն երբ պահը գալիս է, որ մարդիկ մտնեն քաղաքականություն, խուսափում են: Մարդիկ փախչում են քաղաքականությունից, քանի որ այն շատ գորշ, անհետաքրքիր ու ապականված է մեր երկրում:
Մտնելով քաղաքականություն՝ մարդիկ արժանանում են քննադատությունների եւ դառնում ավելի խոցելի, սակայն երբ անձը գիտակցում է, թե ինչ պետք է անի, նաեւ պետք է գործի: Արդար չէ, երբ մարդիկ կողքից խոսում են եւ չեն մտնում դաշտ. այս պարագայում ավելի լավ կլինի, որ նրանք լռեն:
Կողքից խոսողները պրակտիկայում գործելու ռիսկ ու քաջություն էլ չունեն, հետեւաբար, մենք մարտահրավեր ենք նետում այդ մարդկանց՝ ասելով՝ եկեք գործենք:
-Քաղաքական սերնդափոխության ձեր մարտահրավերն ինչպե՞ս կընդունվի ՀՀԿ-ի եւ մնացած քաղաքական կուսակցությունների կողմից:
-Ինձ հետաքրքիր չէ, թե ՀՀԿ-ը եւ մնացած քաղաքական ուժերը մեր այս առաջարկն ինչպես կընդունեն: Երբ իմ նշած մարդիկ, ովքեր սիրում են կողքից խոսել, ներգրավվեն գործի մեջ, այդ ժամանակ մնացած կուսակցությունները կսկսեն իրենց կոնտինգենտը լավացնել, որ կարողանան մրցունակ լինել, այլապես նրանք անմրցունակ են, հետեւաբար, կպարտվեն այդ դաշտում:
Սոսե Չանդոյան
Աղբյուր՝ orer.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ