ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. Մենք ցույց ենք տալու, որ նոր որակի քաղաքական ուժ ենք ձևավորում
Հայաստանում կուսակցություններից շատերը լուծարվում կամ միանում են այլ քաղաքական միավորների: Այս պայմաններում նոր կուսակցության հիմնումը, մի տեսակ, արկածախնդրության պես բան է դառնում: Քաղաքական դաշտի ո՞ր բաց “նիշան” եք մտադրված լրացնել:
Երկար ժամանակ է` Հայաստանում կուսակցություններից շատերն արհեստականորեն են ստեղծվում, և բնական է, որ նրանք ինչ-որ պահի կամ պետք է լուծարվեն կամ ինտեգրվեն մեկ այլ կուսակցության մեջ, ինչը մենք տեսնում ենք ամեն ընտրությունից առաջ: Մենք այդ խնդիրը հանգամանորեն ուսումնասիրել ենք: Եվ այսօր կարող ենք փաստել, որ Լուսավոր Հայաստանի հիմնադրման գործընթացն ընթանում է բնականոն ճանապարհով: Որպես ԱԺ պատգամավոր, երեք տարի, քաղաքական տարբեր ուժերից բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, սակայն որևէ ուժի չեմ միացել: Այն գաղափարները, արժեքները, որոնք ներկայացվել են, իմ տեսլականին չեն համապատասխանել, հակառակ դեպքում, ես և իմ ընկերները, որոնց հետ հիմանադրում ենք կուսակցությունը, կմիանայինք որևէ գործող քաղաքական միավորի: Այսօր մեծ պատասխանատվությամբ, համոզմունքով և հավատով օր ու գիշեր լծված ենք կուսակցաշինության աշխատանքներին` տարածքային թիմեր ենք ձևավորում, պլատֆորմ ենք մշակում և այլն: Արկածախնդրություն, թերևս, կարող է ընկալվել այն առումով, որ այս հիվանդ քաղաքական համակարգում մի առողջ բան է ծնվում: Գիտեք, ես երբեք հեշտ բաների հետևից չեմ գնացել, փորձել եմ բարդ խնդիրներ լուծել և իրավիճակներ հաղթահարել, երբեմն նույնիսկ անհնարին թվացող: Ժամանակին իմ ընտրվելն էլ նման մի բան է եղել: Իրադարձություններից առաջ չընկնելով ասեմ` մենք ցույց ենք տալու, որ նոր որակի քաղաքական ուժ ենք ձևավորում:
Արդեն ուրվագծվե՞լ է քաղաքական ուժերի այն շրջանակը, որոնց հետ համագործակցության հեռանկարներ եք տեսնում:
Մենք ասել և ասում ենք` բոլոր այն քաղաքացիները և ուժերը, որոնք կիսում են մեր գաղափարները, որոնք, ըստ էության, մեր տեսլականից չտարբերվող տեսլական կունենան Հայաստանի ապագայի վերաբերյալ, բաց ենք համագործակցության համար: Եթե անգամ տեսլականները չհամընկնեն, համագործակցություն կարող է լինել` օրինակ ընտրական գործընթացների մոնիթորինգի իրականացման առումով: Երկու հազարից ավելի ընտրատեղամասում վստահված անձ որևէ ընդդիմադիր ուժ կարող է չունենա, մի քանի ընդդիմադիր ուժերով մենք կարող ենք ծածկել այդ տեղամասերը և վերջնական արձանագրություններն իրար փոխանցել: Սա համագործակցության մեկ պարզ օրինակ է և նմանատիպ օրինակները շատ են: Բայց քանի դեռ ձևավորման փուլում ենք, համագործակցության մասին առարկայական խոսելը դեռևս վաղ է: Մի բան հստակ կարող ենք ասել` որպես նոր սերնդի քաղաքական գործիչներ, պատրաստ ու բաց ենք համագործակցության համար:
Այսօր մեր քաղաքական կուսակցությունների հիմնական խնդիրներից մեկը ներքին ժողովրդավարություն ապահովելն է: Գրեթե բոլոր կուսակցություններում “առաջին ատյանի” որոշումները կայացնում է հիմնականում մեկը« “մարդ կուսակցության” սինդրոմը ինչպե՞ս եք հաղթահարելու, ինչպես եք կուսակցությունում շատերին մասնակից դարձնելու որոշումների կայացման գործընթացին:
Մեր թիմում չկա այնպիսի մարդ, ինքս էլ ինձ այդպիսին չեմ համարում, որ այնքան կտրված լինի մյուսներից, որ, ըստ էության, այդ “մարդ կուսակցության” իրավիճակը ստեղծվի: Սա առաջին հանգամանքն է: Երկրորդը` մենք փորձում ենք մեր քաղաքական “կորիզում”, նախաձեռնող խմբում այնպիսի մարդկանց ներգրավվել, որոնք իրենց ոլորտներում, գրեթե, հավասար կամ նույն մակարդակի փորձառություն կամ ճանաչվածություն ունեն: Այս առումով, նույնպես բացառում եմ, որ դառնանք “մարդ-կուսակցություն”: Ներքին ժոովրդավարական պրոցեսների առումով հարկ է նշել, որ երկար տարիներ Հայաստանում զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով, նախկին փաստաբան եմ, շատ ակտիվ ներգրավված եմ եղել իրավապաշտպանության ոլորտում, և շատ լավ պատկերացնում եմ ինչ ասել է` մասնակցային մշակույթ, կոլեգիալություն, բազմակարծություն և այլն: Բնականաբար, ես, և նույնը կարող եմ ասել իմ ընկերների մասին` այդ արժեքների կրողն ենք: Այս առումով միանշանակ է` մեր ներքին որոշումների կայացման ընթացակարգերում սկզբունքորեն բացառված են միանձնյա որոշումներն և, առհասարակ, կուսակցական “բռնատիրական” մոտեցումները:
Կուսակցություններից շատերը պարզ բիզնես-նախագծեր են, իսկ դրանցով զբաղվող անհատներն ավելի շատ բռնակալին բնորոշ սկզբունքներով են կառավարում: Ի՞նչ կասեք այս մասին:
Մենթալիտետի հարց է, անձակենտրոնությունը, իրոք, առկա է: Դրա հետ կապված մենք տեքստ ունենք, տեսանյութ, որտեղ ներկայացնում ենք մեր գաղափարական հենքերը: Մենք ասում ենք` եկեք անձերից վերանանք, ինստիտուտները զարգացնենք, որպեսզի որ անձն էլ կառավարող դառնա, չկարողանա սուբյեկտիվ ազդեցություն ունենալ ինստիտուտների վրա: Նույնը վերաբերում է քաղաքական միավորներին, որովհետև նրանք էլ են ինստիտուտներ և, այս առումով, մենք գտնում ենք, որ պետք է համակարգը զարգացնենք, որպեսզի անձը որքան էլ խարիզմատիկ, բոլորի կողմից ընդունելի լինի, որևէ պարագայում չկարողանա անել այն ամենը, ինչ ցանկանում է, այլ փոխզսպվածության և հակակշիռների մեխանիզմների միջոցով հնարավոր լինի նրան պահել վերահսկողության տիրութում: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե անվերահսկելի իրավիճակում նա ինչ կանի: Ցանկացած իշխանություն իր մեջ փչացնելու գայթակղություն ունի, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակ կերպով: Սա շատ կարևոր սկզբունք է և բոլորիս համար շատ լավ դաս է:
Իսկ բիզնես ծրագիր են, թե ոչ, մենք մեզ, այդպիսին չենք համարում, որովհետև, ևս մեկ անգամ շեշտեմ, բնական ճանապարհով ենք ձևավորվում, այսինքն` ինչ-որ մեկի պատվերով ստեղծվող քաղաքական ուժ չի, ներքին, բնական ցանկությունից ձևավորվող կուսակցություն է: Եթե մենք չգանք, չփորձենք անել այն ամենը, ինչ ծրագրում ենք` այն սերնդափոխությունը, որը պատկերացնում ենք` որևէ պարագայում տեղի չի ունենա և գալու են մարդիկ, որոնք կարող է շատ ավելի վատը լինել, քան այսօրվա քաղաքական համակարգի դերակատարներն են, ընդհանրապես, խոսքը քաղաքական բոլոր ուժերի մասին է: Ոչ միայն իշխանության, նույնը վերաբերվում է նաև ընդդիմությանը: Ինչ վերաբերվում է բռնակալներին` Սովետական միությունից մնացած նոստալջիկ բաներ են: Բացարձակ չեմ ընդունում “մեզ Ստալին է պետք” տիպի դատողությունները: Այո, մարդիկ կարգուկանոն են ուզում: Այն, որ կարգուկանոն չկա, դա նրանից չի, որ մեզ մոտ բռնատիրական համակարգ չէ, ցավոք, մեր ինստիտուտները զարգացած չեն. ամեն անձ, ոը իշխանության է հասնում, իր ցանկություններով է առաջնորդվում և որոշումների կայացման գործընթացներում ժողովրդավարական նորմերը, մի տեսակ երկրորդ պլան են մղված: Ես կասեմ հակառակը` ոչ թե, այսպես ասած, “ուժեղ ձեռք” է պետք, այլ ժողովրդավարական պրոցեսներ են անհրաժեշտ, ժողովրդավարական ճանապահրով ձևավորված ինստիտուտներ են պետք, որ կարգուկանոն լինի:
Ըստ Ձեզ, կարծրատիպերը կոտրվո՞ւմ են:
Ես նկատում եմ, որ կոտրվում են: Այն կարծրատիպերը, որոնք կային, ավագ սերնդի մոտ էին, ովքեր ապրել են այդ ժամանակաշրջանում: Հիմա մենք անկախության սերունդ ունենք, որը Հայաստանի եռագույնի դրոշի տակ ծնվել ու մեծացել, որևէ այլ տարբերակ չի էլ պատկերացնում: Մեր հիմնական թիրախը հենց այդ սերունդն է: Ամեն օրվա 18 տարեկան դարձողը, մեր ընտրողն է լինելու, որովհետև արժեքային առումով, Հայաստանի ապագայի առումով, մենք հասկանում ենք, որ այդ սերունդը կիսում է մեր գաղափարները, և այդ սերունդը չունի այն կարծրատիպը, որ մեզ Ստալին է պետք:
“Լուսավոր Հայաստանը” ավելի շատ կադրային, թե՞ զանգվածային կուսակցություն է: Առհասարակ, նման դասակարգում մեր քաղաքական դաշտում կա՞, թե մեզ համար այն մնում է քաղաքագիտական տեսություն` և ոչ ավելին:
Շատ լավ հարց եք տալիս: Մի քանի հարցազրույցներում ես և իմ գործընկերները շեշտել ենք, որ մենք զանգվածային քաղաքական ուժ չենք, որովհետև նմանատիպ նպատակ չունենք մեր առջև դրված: Ռեալ ենք գնահատում իրավիճակը և հասկանում, որ այն գաղափարները, որոնք մենք ներկայացնում ենք, Հայաստանում այս պահին, մեր հաշվարկներով, 30 տոկոս ընտրողների աջակցությունը կարող է ստանալ: Այս առումով զանգվածային քաղաքական ուժ դառնալու հնարավորություն և հավակնություն այս պահին չունենք, բայց ժամանակի ընթացքում միանգամայն հնարավոր է, գուցե մյուս խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բավականին մեծ ընտրազանգված ունենանք: Այս առումով մենք հասկանում ենք, որ առաջիկա մեր թիրախն այդ երեսուն տոկոսն է: Մենք նաև լավ պատկերացնում ենք, որ այն մարդիկ, որոնք կոնկրետ ինչ-որ կուսակցության ընտրողներն են` այս պահին ո՛չ ռեսուրս ունենք աշխատելու նրանց մեր շարքերն ընդգրկելու համար և, ո՛չ էլ, առանձնապես, իմաստ ենք տեսնում:
Տարբեր սոցիոլոգիական կենտրոնների հարցումները կուսակցությունների գործունեությունը խիստ ցածր են գնահատում: Վստահության ընդգծված պակաս կա: Ինչպե՞ս եք պատրաստվում այն վերականգնել: Ասում են` ավելի հեշտ է հասարակական կարծիք ստեղծել, քան արդեն եղած կարծիքը փոխելը:
Ես կիսում եմ այդ կարծիքը: Մենք մեր գործունեությամբ, մեր սկզբունքային մոտեցումներով պետք է դա ցույց տանք: Ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ հիասթափվել կուսակցություններից և կորցրել նրանց նկատմամբ վստահությունը: Ի դեպ, ինձ թվում է` վստահություն չի էլ եղել, պետք էր դա վաստակել, բայց այդ ուղղությամբ փորձ չի արվել: Ինչ է տեղի ունեցել` կուսակցությունները, երբ ժամանակին խոսել են, օրինակ, ժողովրդավարության մասին, կոռուպցիայի դեմ, բայց ընտրություններին գումար են բաժանել, ի՞նչ վստահություն էին ակնկալում: Այսինքն` դու քո գործով պետք է ցույց տաս, որ խոսքերդ համապատասխանում են գործերիդ և մարդիկ կվստահեն քեզ: Սա ես իմ երեք տարվա պատգամավորական փորձից կարող եմ ասել: Մարդիկ հասկանում են, որ որոշումների կայացման ընթացակարգ գոյություն չունի:
Լավ գաղափարներ ու ծրագրեր ունենալը դեռ չի նշանակում, որ մարդիկ պետք է անվերապահորեն ընդունեն դրանք: Այդ գաղափարները պետք է համապատասխանեն նրանց սպասելիքներին: Այս առումով, ի՞նչ մոտեցում ունեք:
Մենք առաջին ու երկրորդ տեսանյութերից հետո, ստացել ենք, այսպես կոչված, “ֆիթբեքը”, որ որոշակի առումով մատչելի չեն մեր ներկայացրած գաղափարները: Մենք աշխատում ենք մեզ վրա, որ ավելի պարզեցնենք մեր գաղափարների ներկայացման ձևերը և հիմա շեշտը դրել ենք անհատական և խմբային աշխատանքի վրա, հանդիպումներ ենք ունենում, ներկայացնում ենք այդ գաղափարները, արդեն ավելի մատչելի, այսպես ասած` ժողովրդի լեզվով: Բայց տեսանյութերն իրենց գործն արել են, ստեղծել են գաղափարական այն հենքը, որը մենք առաջ ենք մղելու: Դրանք ուղղված են այն ընտրազանգվածին, որը մինչ օրս այդ առաջարկությունը չի ունեցել կամ չի ստացել: Եթե չլիներ “Լուսավոր Հայաստանը”, մյուս ընտրություններին ես չգիտեմ` թե ո՞ւմ էի ընտրելու: Ինչո՞ւ, որովհետև այն քաղաքական առաջարկը, որը ես և իմ նման հազարավոր մարդիկ կպաշտպանեն և կտան իրենց ձայնը, այսօրվա քաղաքական ներկապնակում չկա, դա ևս այն պատճառներից մեկն է, որով հիմանավորվում է “Լուսավոր Հայաստանի” ստեղծումը: Մենք գնում ենք հենց այդ մարդկանց պահանջարկը բավարարելու ճանապարհով:
Աղբյուր՝ barometer.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ