Վանաձորի բյուջեի միջոցները գնում են շատ կոնկրետ մարդկանց հասցեներով
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը արձանագրում է, որ Վանաձորը տարիներ շարունակ վատ է կառավարվել ու շարունակում է վատ կառավարվել: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պատասխանելով Էդմոն Մարուքյանի՝ քաղաքի լուսավորության նախկին ռեժիմը վերականգնելու առաջարկին, ասել է, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի և ինքը շատ լավ գիտի ինչպես կառավարել քաղաքը:Նշենք, որ Վանաձորի քաղաքապետի կարգադրությամբ հոկտեմբերի 1-ից Վանաձորը լուսավորվելու է 18:00-19:00-ից մինչև 23:00-ն՝ նախկին 01:00-ի փոխարեն: Էդմոն Մարուքյանն առաջարկում է վերականգնել լուսավորության նախկին ռեժիմը, Վանաձորի քաղաքապետն էլ պնդում է, որ համայնքի ֆինանսական միջոցները սուղ են, ունեն պարտքեր:Խնդրի վերաբերյալ Lragir.am-ը զրուցեց Էդմոն Մարուքյանի հետ:Պարոն Մարուքյան, ըստ էության քաղաքապետը մտադիր չէ ընդունել ձեր առաջարկը: Դուք խոսել եք Վանաձորի անհարկի ծախսերի կրճատման մասին, որո՞նք են դրանք:Ես չեմ ցանկանում մտնել լեզվակռվի մեջ: Ես իմ դիրքորոշումն ու պահանջը ձևակերպել և ուղարկել եմ քաղաքապետին:Ինչ վերաբերում է նրա հարցազրույցում բարձրացված այն խնդիրներին, որ վերաբերում են համայնքային բյուջեում առաջացած ճեղքվածքին ու խնդիրներին, ապա նա ինքն իր նկարագրած իրավիճակով ապացուցում է, որ քաղաքը վատ է կառավարվում: Քաղաքը վատ է կառավարվել ու վատ է կառավարվում արդեն 15 տարուց ավելի, ինչի պատճառով մենք ունենք այս հետևանքները: Հետևանքը համայնքային բյուջեի ճեղքվածքն է, այն է, որ Հայաստանի երրորդ քաղաքը՝ երբեմնի կանաչ Վանաձորն այևս կանաչ չէ, քաղաքի մայթերից սկսած ամեն ինչ կամ վաճառել, կամ տվել են վարձով, քաղաքի ճարտարապետական տեսքն ուղղակի այլանդակված է: Այս ամենը խոսում է այն մասին, որ քաղաքը շատ վատ է կառավարվել: Դրա մասին բոլորը գիտեն, գիտեն վանաձորցիները:Նաև բոլորը գիտեն, որ քաղաքապետարանի և նրա ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերը սարսափելի ուռճացված են: Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով ընդունված բազմաթիվ մարդիկ կան, և համայնքի բյուջեի միջոցները գնում են շատ կոնկրետ մարդկանց հասցեներով: Դրա համար պետք է նախ այդ խնամի-ծանոթ-բարեկամներից ազատվել, հնարավորինս օպտիմալացնել համայնքի ադմինիստրացիան և դրա արդյունքում կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարել: Այսինքն՝ պետք է տնտեսումներ անել դրա հաշվին, ոչ թե քաղաքի լուսավորության: Պետք է այնպիսի կառավարում ներդնել քաղաքում, որ ոչ թե խոսենք ճգնաժամային իրավիճակների մասին ու հետևանքը քննարկենք, այլ խոսենք քաղաքի զարգացման մասին: Իսկ քաղաքի զարգացման մասին այսօր խոսակցություն չկա, ինչո՞ւ, որովհետև քաղաքի զարգացման տեսլական ունեցող մարդիկ ներգրավված չեն քաղաքի կառավարման գործում:Հայտնի է, որ խնդիրը միայն Վանաձորը չէ, Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ սկսած Երևանից, այսօր այդ սկզբունքով են կառավարվում: Այսինքն՝ խնդիրը համակարգային է:Ես՝ որպես Վանաձորի պատգամավոր, առաջինը Վանաձորի խնդիրներն եմ բարձրացնում: Իհարկե, խնդիրն ամենուր է: Երբ որ մենք ասում ենք՝ համակարգային խնդիրներ կան երկրում, խոսքը դրա մասին է: Եթե ամեն պատգամավոր, ավագանու անդամ, ամենքն իր համայնքում նշված խնդիրները բարձրաձայնի, անհնար է, որ այդ խնդիրները չլուծվեն: Ես կոնկրետ ձևակերպել ու ներկայացնում եմ Վանաձորի խնդիրները: Համակարգային խնդիրներն էլ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ բարձրացնում:Գուցե այս իրավիճակի պատճառը նաև այն է, որ որոշ քաղաքներում նույն ղեկավարները երկար տարիներ պաշտոնավարում են, այսինքն՝ սերնդափոխություն չի լինում:Հայաստանում ընդհանուր տեղական ինքնակառավարումը չի կայացել: Մարդիկ 15-16 տարի համայնքի ղեկավար են աշխատում, դրա համար էլ մեր համայնքներն այս օրի են: Նոր մարդկանց հնարավորություն չի տրվում, իրենց ծանոթ-բարեկամներին են տեղ տալիս: Եթե նոր մարդկանց հնարավորություն չի տրվում գալ ու իրացնել իրենց գաղափարները, նոր տեսլական բերել, ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք գնալ: Հնարավոր է, նորմալ մարտահրավերներ նետողներ էլ չեն եղել այդ թեկնածուներին: Բայց կոնկրետ մենք՝ որպես թիմ, պատրաստվում ենք բոլոր մակարդակներում մարտահրավերները ձևակերպել:Ես բազմիցս խոսել եմ ապակենտրոնացման մասին, ԱԺ մակարդակում ենք այդ հարցերը բարձրացնում, նկատի ունեմ դոտացիաների բաշխման հետ կապված խնդիրները, և այս հարցերն ըստ էության խորհրդարանի մակարդակով բարձրացնելու հարցեր են: Այդ հարցը միայն Վանաձորում չէ, որ պետք է բարձրացնել: Պետության ռեսուրսները չպետք է բաշխվեն այնպես, որ ընկալում լինի, թե Հայաստանը միայն Երևանն է, կամ Երևանն է Հայաստանը:
Աղբյուր՝ lragir.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ