Քիմպրոմի ողջ պարտքերը կմարվեն մինչ դեմտեմբերի 15-ը. սնանկ ճանաչված գործարանի ճակատագիրը՝ անհայտ
ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական անգամ բարձրացրեց Վանաձորի քիմիական հսկայի՝ Քիմպրոմի աշխատակիցների կուտակված աշխատավարձի ու գործարանի հետագա ճակատագրի հարցը:
Այս մասին պատգամավորը գրավոր հարցադրմամբ էր դիմել Կառավարությանը, սակայն բանավոր ևս հարցեր հնչեցրեց՝ նկատելով, որ հարցադրումից հետո նախագահի մոտ Լոռու մարզպետի մասնակցությամբ խորհրդակցություն է եղել, որտեղ հանձնարարվել է աշխատակիցների կուտակված պարտքերը վճարել. «Հանձնարարականից հետո 2 ամսվա աշխատավարձը վճարվել է, ե՞րբ է ողջ կուտակված պարտքը վճարվելու, ինչպես նաև մարդկանց հետաքրքրում է Քիմպրոմի ապագայի հարցը, մարդիկ ուզում են իմանալ, թե վերջիվերջո գործարանը վերագործարկվելո՞ւ է թե՞ ոչ, տեղեկություններ կան, որ սնանկ է ճանաչվելու գործարանը ու չի գործելու»,-ասաց Մարուքյանը:
Հարցին պատասխանեց Էներգետիկայի ու բնա կան պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ ևս մեկ անգամ փաստելով նախագահի մոտ կայացած խորհրդակցության ու հանձնարարության մասին. «Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանը հանձնարարական է հնչեցվել ուսումնասիրություններ կատարելու և միջոցներ ձեռնարկել աշխատավարձերի վճարման համար, ինչպես նաև ուսումնասիրություններ՝ Քիմպրոմի հետագա կարգավիճակի վերաբերյալ. երկու ամսվա աշխատավարձ արդեն վճարվել է, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը ողջ պարտքը կմարվի»,-վստահեցրեց նախարարը:
Ինչ վերաբերում է Քիմպրոմի հետագա ճակատագրին, ապա նախարարը նկատեց, որ ուսումնասիրություններ են կատարվում, որի ավարտից հետո համապատասխան եզրակացությունները կներկայացվեն կառավարությանը ու նախագահին՝ գործարանի հետագա կարգավիճակը քննարկելու համար. «Սնանկացման վերաբերյալ եղել է դատական հայց, դատարանը հայցը բավարարել է ու ճանաչել Քիմպրոմը սնանկ, բայց վիճարկվել է վճիռը ու քննարկումների փուլում է»,-ասաց Զախարյանը:
Աղբյուր՝ Irakan.info