«Չեմ հետաձգելու, թող գնա ու տապալվի». Մարուքյանի նախագիծը մերժվեց

06/11/2015

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով պատգամավորն առաջարկում է անցնել վարչարարության հիմունքների նախկին եղանակին, երբ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով:

 

Հիշեցնենք, որ ներկայումս այն գործում է Հարկադիր ակտերի կատարման ծառայության շրջանակներում, որի միջոցով էլ տուգանվում է քաղաքացին: Նախագծի արձանագրության մեջ շեշտվում է, որ նշված փոփոխությունների հետեւանքով հոդվածը ներկա խմբագրությամբ կիրառման արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որտեղ անձը, կատարելով ենթադրյալ վարչական իրավախախտում, վարչական մարմնի կողմից ծանուցվում է, որ պարտավոր է վճարել տուգանք, ինչի հետ նա մասամբ կամ ամբողջությամբ հնարավոր է, որ համաձայն չէ, սակայն չունի բավարար գիտելիքներ իրավական տեսանկյունից հիմնավորելու իր դիրքորոշումն ու բողոքարկելու այդ ակտը, ոչ էլ փաստաբան վարձելու կամ իրավախորհրդատվություն ստանալու հնարավորություն և ավելի մեծ ծախսերից խուսափելու համար ստիպված է վճարել վարչական տուգանքը:

 

Այսպիսով, խախտված է քաղաքացիների իրավաունքը. «Մարդիկ արտագաղթում են սրա համար, տաքսու վարորդներ գիտեմ, որ էս պրոբլեմի պատճառով չգիտեն` ինչ անեն, մարդու իրավունքների կարգավորման ամենարդյունավետ եղանակը դատարանն է, այն չի կարող չծանուցել ու քաղաքացու նկատմամբ ինչ-որ վճիռ կայացնել»,-ասաց Մարուքյանը՝ նկատելով, որ կառավարությունն այս խնդիրը չի լուծում:

 

Պատգամավորը նկատեց, որ դեմ չէ պատգամավորների մատնանշած միջազգային փորձին, սակայն «փորձը փորձ, բայց պետք է երկրի աղքատության տվյալները նայել». «Նախագիծը չեմ հետաձգելու, Կառավարությունը երկու տարի փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, չեմ հետաձգելու, թող գնա ու տապալվի, մարդիկ տեսնեն, որ քաղաքական կամք չկա այն իրագործելու»,-ասաց Մարուքյանը՝ առաջարկելով նախագիծը դրական եզրակացությամբ ներառել օրակարգ, քանի որ. «Կառավարությունն էս հարցը չի լուծելու»,-շեշտեց նա:

 

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պոպուլիստական բնորոշեց Մարուքյանի ելույթը՝ հեգնելով, որ պատգամավորն առաջարկեց չտուգանել քաղաքացիներին 10.000 դրամով՝ սոցիալական վիճակը հաշվի առնելով. «Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկում էր «Ավելացված արժեքի հարկը հանել»,-հիշեցրեց Սահակյանը: «Դե շատ լավ ասեց, արեք»,-արաձագանքեց Մարուքյանը:

 

Նախագծի հարակից զեկուցող ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանն առաջակեց նախագծի հեղինակին այն հանել, սակայն վերջինս չհամաձայնեց: Նախագիծը դրվեց քվեակության. այն մերժվեց 5 դեմ, 3 կողմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին Գագիկ Ջհանգիրյանը, Էդմոն Մարուքյանը և Հովհաննես Մարգարյանը, դեմ՝ ՀՀԿ-ականներ Վահրամ Մկրտչյանը, Լևոն Մարտիրոսյանը, Գագիկ Մելիքյանը, Հրանտ Գրիգորյանը և Հովհաննես Սահակյանը:

 

Աղբյուր՝ Irakan.info

 

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ