Էդմոն Մարուքյան. ռեսուրսների բաշխման գործընթացը դարձյալ անարդար է լինելու

18/11/2015

2016 թվականի բյուջեով Հայաստանի մարզերին ու համայնքներին ռեսուրսների բաշխման գործընթացը դարձյալ անարդար է լինելու: Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ահազանգեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Երևանի ու մարզերի միջև սարերի ու ձորերի տարբերություն կա, իսկ կառավարությունը շարունակում է կենտրոնացված քաղաքականությունը:«Եթե մարդն ուզում է լավ կրթություն կամ բուժօգնություն ստանալ, պետք է գա Երևան, և այդ գումարները մարզից գալիս են Երևան: Հետո այդ գումարները հետ բաշխելուց թողնում ենք այստեղ: Հայաստանը վերածվել է մի քաղաքի, դա Երևանն է: Անգամ երբ հյուրեր են ժամանում Հայաստան, ասում են՝ ողջունում ենք ձեզ այստեղ՝ Երևանում: Բայց այդ մարդը եկել է Հայաստան, Երևանն ընդամենը մայրաքաղաք է:
Մարզերում այսօր ծայրահեղ աղքատության մեջ են գտնվում մարդիկ, որևէ որակյալ պետական ծրագրից չեն օգտվում»,- հայտարարեց  պատգամավորը:Նա նշեց, որ այս ֆոնին բազմաթիվ պետական ապարատներ ուռճացվել են, բայց պետությունը չի կրճատում այդ ծախսերը, ասում է՝ մեր հարևան պետություններից լավ վիճակում ենք գտնվում: Կապիտալ վերանորոգումները, որի արդյունքում կառավարությունում ոսկեզօծ դահլիճներն են կառուցվում, նրա խոսքով, նույնպես չեն կրճատվում: Փոխարենն ամեն օր պատգամավորները պետական հիմնարկներից զանգեր են ստանում այն մասին, որ հավելավճարներ են կրճատվել, որոնք մարդկանց սպասվող ու պլանավորված եկամուտներն էին:«Այսինքն՝ մենք ուղերձ ենք տալիս, որ հաջորդ տարի ավելի վատ է լինելու, բայց ստացվում է, որ վատ է լինելու հասարակ քաղաքացիների համար: Իսկ այդ անարդարությունը բերում է նրան, որ մարդիկ իրենց դժգոհությունը արտահայտում են երկիրը լքելով»,- ասաց նա:

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Մամուլ