«Լուսավոր Հայաստան»-ը կմասնակցի հաջորդ խորհրդարանական ընտրություններին
Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ ձգտելու են Հայաստանի եվրաինտեգրմանը, անողոք պայքար են մղելու կոռուպցիայի դեմ։
Ամիսներ առաջ հիմնադրված «Լուսավոր Հայաստան»-ը այսօրվա հիմնադիր համագումարում հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու և հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Կուսակցության խորհրդի նախագահ, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ ձգտելու են Հայաստանի եվրաինտեգրմանը, անողոք պայքար են մղելու կոռուպցիայի դեմ, ձևավորելու են լիբերալ տնտեսական համակարգ, գործուն քայլեր են ձեռնարկելու արտագաղթի դեմ:
«Այս բոլոր քայլերն ուղղված են Հայաստանի քաղաքական համակարգը բալանսի բերելուն և Հայաստանի քաղաքական համակարգում չներկայացված մարդկանց, այն արժեհամակարգը կիսող մարդկանց, ովքեր ներկայացված չեն, ներկայացնելու։ Եվ դա ոչ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին է միտված, 2016-ին ՏԻՄ ընտրություններ կան, որոնցից հետո կխոսենք խորհրդարանականի մասին»,- ասաց Մարուքյանը։
Քննադատելով ստեղծված իրավիճակը՝ նորաստեղծ կուսակցությունը պնդում է՝ դրան նպաստել են նաև քաղաքական դաշտում ձևավորված ծայրահեղական մոտեցումներն ու ներկապնակը միայն սև ու սպիտակի բաժանելու փորձերը: Պնդում են՝ իրենք ունեն հստակ տեսլական համակարգն առողջացնելու համար:
«Մենք կարծում ենք, որ քաղաքական համակարգում գույները բազմազան են, և սև ու սպիտակի բաժանելը ուղղակի այնպիսի մի երևույթ է, որ ամեն բան տանում է դեպի ձախողման»,- ասաց Մարուքյանը։
Կուսակցությանն առայժմ անդամագրվել են հիմնականում երիտասարդներ, որոնցից շատերը հայտնի դարձան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակցիաների ժամանակ։ Կուսակցության խորհրդի անդամ, ժամանակին «Դ!եմ եմ» նախաձեռնությունը ներկայացնող Դավիթ Խաժակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այն ժամանակ պայքարում էին մեկ կոնկրետ խնդրի դեմ, այսօրվանից ընդլայնում են իրենց պայքարը:
«Ու մենք տեսնում ենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը մեր այն հնարավորությունն է, որով մենք կկարողանանք խնդիրներին տալ ոչ թե հատվածական լուծումներ, ինչպես կուտակայինի դեպքում էր, այլ համակարգային լուծում, որը հնարավոր է միայն քաղաքական դաշտում աշխատանք տանելով։ Դա էր պատճառը, որ «Լուսավոր Հայաստան»-ը դարձավ մեզ համար հարթակ մեր քաղաքացիական պոտենցիալը ներդնելու և քաղաքական դաշտում աշխատանք տանելու համար»,- ասաց Խաժակյանը։
Ամիսներ առաջ պարտադիր կուտակայինի դեմ պայքարող, այժմ «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Գորգիսյանն էլ վստահ է, որ կկարողանան քաղաքական դաշտ նոր մշակույթ բերել, որ հիմնված կլինի հրապարակային գործունեության ու քաղաքակիրթ բանավեճերի վրա։ Հարցին՝ արդյոք ներկայիս քաղաքական իրավիճակն այդպիսի փոփոխությունների հնարավորություն ստեղծո՞ւմ է, Գորգիսյանն արձագանքեց՝ թելադրողն իրենք են լինելու: «Եթե իրավիճակին նայենք, երբեք ոչ մեկի կյանքում ոչինչ չի լինի։ Մարդ չպիտի իրավիճակին նայի, մարդ ինքը իր կյանքում ստեղծում է իրավիճակ։ Կան իրավիճակ ստեղծողներ, կան իրավիճակին յոլա գնացողներ։ Մենք ստեղծելու ենք իրավիճակ, փոխելու ենք իրավիճակը»,- ասաց Գորգիսյանը։
«Փաստորեն չկար այդպիսի ուժ, որին կարող էինք միանալ, շատ փնտրեցինք, շատ մտորեցինք, վերջում հանգեցինք այս մտքին, որ պետք է մենք ինքներս մերը անենք։ «Լուսավոր Հայաստան»-ը փոխելու է գրեթե ամեն ինչ՝ չափանիշներ, նշաձողեր, մոտեցումներ։ Մենք շատ բան փոխեցինք նաև «Դ!եմ եմ»-ով, շատ բան ցույց տվեցինք՝ ինչպես կազմակերպված կարող է լինել նաև փողոցային և հասարակական պայքարը։ Ուղղակի անելու ենք մեր գործը՝ Հայաստանում օր օրի ինչ-որ բան դեպի լավը փոխելով»,- հավելեց «Լուսավոր Հայաստան»-ի երիտասարդ անդամը։
Նոր ձևավորված կուսակցության հիմնադիր համագումարն անցավ Երևանի ամենաշքեղ ու թանկ հյուրանոցներից մեկի սրահում: Չբացահայտելով ֆինանսավորման աղբյուրները՝ «Լուսավոր Հայաստան»-ի խորհրդի նախագահ Մարուքյանը բամբասանք որակեց լուրերը, թե կուսակցությունը ձևավորվել է իշխանության հրահանգով և ֆինանսավորմամբ։
«Նորաստեղծ ցանկացած միավորման մասին նման լուրեր տարածվում են։ Դրանք տարածողները մի միտում ունեն՝ նրանք հասկանում են, որ իրենց ամենօրյա հացը պետք է կտրեն ընդդիմադիր դաշտ նոր եկող քաղաքական ուժերը, որովհետև նոր եկողները ավելի ուժեղ են։ Մենք չենք որդեգրելու այն մոտեցումը, որ մեզ անընդհատ ասեն՝ «դուք ուղտ եք», մենք էլ ասենք՝ «չէ՛, մենք ուղտ չենք»։ Դա աբսուրդ է։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար պետք չեն միլիարդներ։ Մենք գտնում ենք, որ նորարարական տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս մեր խոսքը հասցնել այնտեղ, որտեղ որ պետք է»,- ասաց Մարուքյանը։
Աղբյուր՝ azatutyun.am
Բաժին: Մամուլ