«Լուսավոր Հայաստանը» մարտահրավեր է նետելու բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են եվրոպական մոդելի պետությանը

12/12/2015

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսում էիր երկար քայլերթը՝ դեպի լուսավոր Հայաստան»,- քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ կուսակցությունը հիմնել է հենց ինքը՝ Էդոն Մարուքյանը, և այն գործելու է ընդդիմադիր դաշտում:

Ներկայացնելով, թե ինչ է իրենից ներկայացնելու «Լուսավոր Հայաստանը»՝ Է. Մարուքյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ մեր հայրերը, ազատամարտիկները, անկախության շարժման առաջամարտիկներն ունեցել են երկու երազանք՝ անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության ստեղծումը և Արցախի ստեղծումը: Մենք կարող ենք ասել, որ հաջողվել է այդ առաջին երկու երազանքներն իրականացնել: Բայց ո՞րն է դրա շարունակությունը, ո՞րը պետք է լիներ այդ երրորդ երազանքը, որ կարողանանք առաջ շարժվել: Դա այն է, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում մենք կառուցել, ու «Լուսավոր Հայաստանը» միտված է այդ երրորդ երազանքի իրականացմանը և առաջին երկուսի պահպանմանը»:

Նա հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանի» գործունեությունը շատ բաց և թափանցիկ է լինելու, շատ հստակ ու պարզ ներկայացվելու են իրենց մոտեցումները: Նրա խոսքով՝ իրենց կարևորագույն նպատակներից է Հայաստանի քաղաքական համակարգի առողջացումը: «Մեր բոլոր խնդիրների շան գլուխը թաղված է Հայաստանի քաղաքական համակարգում»,- ասաց նա:

«Մինչև քաղաքական ուժերում չլինի վերադասավորություն, մենք չենք կարող խոսել ամբողջական առողջացման մասին: «Լուսավոր Հայաստանի» առաջնային թիրախներից է կառավարման մեր անարդյունավետ, շատ ծախսատար համակարգը: Կարծում ենք՝ ՀՀ-ն պետք է ունենա փոքր, բայց արդյունավետ կառավարություն: «Լուսավոր Հայաստանի» առաջնային թիրախներից մեկը լինելու է կոռուպցիայի դեմ պայքարը»,- հայտարարեց Է. Մարուքյանը:

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում կամ յուրաքանչյուր հարցում մենք չենք կարող հայանպաստ լուծումներ ունենալ, եթե չունենանք զարգացող տնտեսություն. «Մենք գտնում ենք, որ ուժեղ տնտեսությունը կարող է բերել ուժեղ պետության: Առանց ուժեղ Հայաստանի՝ չի կարող լինել համահայկական խնդիրների լուծում»:

Պատգամավորը նաև հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ առկա պետական շինարարություններում կարևոր է եվրոպական մոդելի ձևավորումը. «Մենք ունենք ձևը, բայց ոչ՝ բովանդակությունը: Մենք գտնում ենք, որ ՀՀ-ն պետք է վերսկսի իր կասեցրած Եվրոպական ինտեգրացիան, վերանայի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ պայմանագիրը, հասնի եվրոպական մոդելի պետության: Եվրոպական մոդելի պետությունն այն պետությունն է, որտեղ անիմաստ վարչարարության ընթացքում անիմաստ մարդկանցից փողեր չեն գանձվում, երբ հարգում են մարդու իրավունքները: Եվրոպական մոդելի պետությունն այն պետությունն է, որտեղ կան հակակշիռների և զսպումների մեխանիզմներ: Մենք մարտահրավեր ենք նետելու բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են եվրոպական մոդելի պետությանը»:

 Աղբյուր՝ 168.am

Բաժին: featured, Մամուլ