Վաղը Վանաձորի ավագանին կքննարկի Երևանում կիրառվող «կարմիր գծերի» պրակտիկան Վանաձոր բերելու հարցը
Գայանե Սարգսյան
Վաղը կայանալիք Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է 2016թ. տեղական տուրքերն ու դրույքաչափերը սահմանելուն, որում, ի թիվս մի շարք այլ տուրքերի, ներառված է նաև ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվող կամ բոլորին քաջածանոթ «կարմիր գծերի» տուրքը՝ հետևյալ դրույքաչափերով.
– յուրաքանչյուր 1 ժամվա համար- 100 դրամ
– 1 օրվա համար-500 դրամ
– մեկ շաբաթվա համար -1.000դ.,
– մեկ ամսվա համար-2.200 դ.,
– մեկ տարվա համար-12.000 դ.:
Այս հարցն ամիսներ առաջ ընդգրկվել էր մայիսի 7-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգ: Այն ժամանակ լրատվամիջոցների, բնակչության, ավագանու անդամներից ոմանց ու Վանաձորից ընտրված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի արձագանքն այնքան բուռն էր, որ մինչ նիստի օրը հարցը հանվեց օրակարգից:
Ավագանու նիստից օրեր առաջ հարցն օրակարգից հանելուց հետո Վանաձորի քաղաքապետարանը տարածել էր հետևյալ հաղորդագրությունը. «Վանաձորի քաղաքապետի նախաձեռնությամբ լրացուցիչ ուսումնասիրության ու քննարկումներ կազմակերպելու նպատակով նիստի օրակարգից հանվել է թիվ 9 որոշման նախագիծը», այն է՝ քաղաքի կենտրոնական փողոցներում վճարովի ավտոկայանատեղեր սահմանելու մասին հարցը:
Այժմ հարցը կրկին ավագանու նիստի օրակարգ մտցնելը դժգոհության տեղիք է տվել ու բողոքի պատճառ հանդիսացել վանաձորցիների շրջանում, ովքեր այդ մասին իրենց գժգոհությունն արտահայտում են ոչ միայն Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այլև տարբեր լրատվամիջոցների կողմից անցկացվող հարցումների ժամանակ:
Այս անգամ Վանաձորի քաղաքապետարանն այլ մոտեցում է ցուցաբերել նախագիծն ավագանուն ներկայացնելու հարցում. անհաջող փորձը հաշվի առնելով՝ հարցը ներկայացվել է ոչ թե առանձին, այլ տեղական տուրքերի ամբողջական փաթեթում:
Հարցն ընդհանուր փաթեթով ներկայացնելը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեկնաբանում է այսպես. «Ընդհանուր փաթեթով ներկայացնելը պայմանավորված է խնդիրը քողարկելու և այսպես կոչված թաքուն անցկացնելու մոլուցքով»։
Պատգամավորը հույս ունի, որ ավագանին դեմ կքվեարկի և թույլ չի տա նման կարգավորումների ներդնումը Վանաձորում։
Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը դեմ է այս տուրքին և հարցն ընդհանուր փաթեթով ներկայացնելուն ընդհանրապես:
«Այն տեղական տուրքերը, որոնք առաջարկվում է փոփոխել, պետք է ներկայացվեն առանձին-առանձին: Իսկ որոնք չեն փոխվել, կարող ենք մեկ ընդհանուր փաթեթով քվեարկել,- ասում է ավագանու անդամն ու իր դեմ լինելը հիմնավորում այսպես,- նման սոցիալական ծանր պայմաններում, երբ քանի գնում ավելի է մարդկանց վիճակը վատանում, մարդիկ ուղղակի վճարունակ չեն»:
«Ասում են, որ կառավարությունը որոշումով սահմանել է, որ համայնքները կարող են ավտոմեքենաների կայանման տուրք սահմանել, բայց եթե ըստ օրենքի է, թող մյուս համայնքները սահմանեն, ինչո՞ւ պետք է Վանաձորը չեմպիոն լինի տուրք սահմանելու հարցում: Ոչ մի համայնք այս տուրքը չի դրել, պետք է հենց մենք դնե՞նք: Երևանում է միայն դրված, Հայաստանի ոչ մի համայնքում նման բան չկա: Մյուս տեղական տուրքերի դրույքաչափերը բարձր են դրված, դա քիչէ, հիմա էլ սա: Նախագծով նույն Երևանի գներն են»,-դժգոհում է ավագանու անդամ Արմեն Մատինյանը:
Ավագանու անդամն առաջարկում է նոր տուրքեր ավելացնելու փոխարեն բյուջեի ծախսերն օպտիմալացնել ու խնայողաբար ծախսել:
Ա. Խաչատրյանի կարծիքով՝ եթե ավագանու մեծամասնության կողմից նախագիծն, այնուամենայնիվ, ընդունվի, հետևանքները կարող են ցավոտ լինել:
«Կյանքն էլ ավելի կդժվարանա, մարդիկ չեն կարողանա վճարել, տույժ-տուգանքներ կգան, ԴԱՀԿ, մարդիկ խնդիրների մեջ կներքաշվեն»,- վստահ է ավագանու անդամը:
Պատգամավոր Է. Մարուքյանի կանխատեսումներն ավելի վատատեսական են: Վերջինս այս առումով մի շարք ռիսկեր է տեսնում. «Առաջինը կոռուպցիոն ռիսկն է, որը վատ կառավարման արդյունքում միշտ ի հայտ է գալիս: Աղքատ քաղաքում ամեն օր նոր տուրքեր սահմանելու ու տուգանելու մասին մտածելը լրջագույն ռիսկ է՝ միտված արտագաղթին»,- նշում է պատգամավորը:
Ավագանու անդամներն այս տեղական տուրքի հետ կապված մի շարք հարցեր ունեն, որոնց պատասխանները, սակայն, նախագծում ներկայացված չեն:
Որքա՞ն մուտքեր է ակնկալում քաղաքապետարանն այս տուրքի կիրառման արդյունքում, որքա՞նը կգնա մասնավորի, որքա՞նը՝ համայքայի բյուջե. այս հարցերը հուզում են նաև դեմ քվեարկելու պատրաստ ավագանու անդամներին:
Երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակայնորեն հայտնելով հարցի վերաբերյալ իր տեսակետը՝ Է. Մարուքյանը նշել էր. «Ես վերահաստատում եմ իմ շուրջ մեկ տարի առաջ հնչեցրած այն պնդումը, որ եթե Վանաձորում փորձ է արվելու կարմիր գծեր քաշել և դրանով նույնպես գումարներ հավաքել քաղաքացիներից, ապա ի սկզբանե հայտարարում եմ, որ որպես Վանաձորրի բնակիչ և Վանաձորից ընտրված պատգմավոր ես ԴԵՄ ԵՄ այդ նախաձեռնությանը: Այն չի արդարացրել իրեն Երևանում և միանշանակ չի կարող արդարացնել աղքատ Վանաձորում:
Իմ և իմ ընտրողների անունից պահանջում եմ հրաժարվել նշված նախաձեռնությունից, հավելյալ առիթներ չտալով Վանաձորից արտագաղթող բնակչությանը և կենտրոնանալ քաղաքի բազմաթիվ խնդիրների լուծման վրա»:
Այսօր վերահաստատելով իր տեսակետը՝ նա խոստացավ. «Ամեն բան անելու եմ, որ Վանաձորում նման արատավոր պրակտիկա չներդրվի։ Եթե այդպիսի որոշում կայացվի, անգամ պատրաստ եմ դատական կարգով վիճարկելու այդ որոշումը»:
Աղբյուր՝ hetq.am