Էդմոն Մարուքյանը չի բացառում ընդդիմադիր դաշտի միավորումը, բայց հիշեցնում է նախկին դաշինքների վատ փորձը
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք երբևէ չենք բացառել, որ ընդդիմադիր դաշտում հնարավոր է համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ ընդդիմությանը միավորելու կոչին:
«Մենք չենք բացառում դա, բայց առաջին հերթին մենք մեր գործով ենք զբաղված: Մենք գիշեր- ցերեկ մարզերում հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, որը, կարծում եմ, լուրջ տեղաշարժ է, և մյուս քաղաքական ուժերն էլ յուրաքանչյուրն իր հնարավորություններ է փորձում ուժեղացնել: Բայց ինչ վերաբերում է դաշինքին կամ համագործակցություններ կազմելուն ընդդիմադիր ուժերի միջև, դեռևս վաղ է դրա մասին խոսել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե համակարծի՞ք է Բագրատյանի հետ, որ միայն այդ ձևով է հնարավոր հասնել հաջողության խորհրդարանական ընտրություններին, Մարուքյանը պատասխանեց. «Գիտեք, մենք դաշինքների վատ փորձն ունենք, մտավախությունը, բոլորի մոտ սա է: Այսինքն, եթե այդ վատ փորձով պետք է լինի դաշինքի ձևավորումը, ավելի լավ է չլինի: Եթե դաշինքը պետք է լինի ուղղակի մանդատներ ստանալը, մի քանի հոգով խորհրդարան մտնելը, կարծում եմ՝ չի արդարացնի այդ դաշինքի նպատակն ու իմաստը: Դրա համար պետք է հասկանալ, թե դաշինքը ինչի համար է ստեղծվում»:
Իսկ նույն գաղափարական ուժերի համախմբումը նպատակային կհամարի՞, ինչպես օրինակ արևմտամետ գաղափարախոսների միջև համագործակցությունը, Մարուքյանը նշեց՝ հնարավոր է, բայց քննարկման հարց է:
«Պետք է հասկանալ՝ ո՞ւմ հետ, ո՞նց, նպատակը ո՞րն է, լուրջ խնդիր է: Հետո քաղաքական ուժերը բավական անցած ճանապարհ ունեն այն առումով, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր դաշինքների մեջ են եղել ու այդ դաշինքները հաջողություն չեն ունեցել, եթե նոր անհաջող բան պետք է ձևավորվի, ավելի լավ է չձևավորվի»,-ասաց նա։
Աղբյուր՝ tert.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ