Այսօր տեղի ունեցավ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի գործով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստը.

22/02/2016

Այսօր տեղի ունեցավ «Վեգա» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի առնչությամբ փետրվարի 3-ին իմ կողմից ՏՄՊՊՀ-ին ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ նիստը։ ՏՄՊՊՀ աշխատակազմի ներկայացուցիչը մասնավորապես հաղորդեց, որ «Վեգա»-ն որպես ինքնարժեքով վաճառք է ներկայացրել ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, բեռնաթափման, պահեստավորման, մարկետինգային, վարչական և բոլոր այլ ընթացիկ ծախսերի ամբողջությունը։ Մինչդեռ ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներով դրանց մի մասը իքնարժեք հասկացության մեջ չեն կարող ներառվել։ Ուսումնասիրության ժամանակ պարզ է դարձել, որ առաջարկվող գինը ակնհայտորեն ավելին է եղել, քան ապրանքի ինքնարժեքը։ Ընկերության ներկայացրած փաստաթղթերի վերլուծությունից պարզ է դարձել, որ գինը ակցիայի ընթացքում եղել է ավելի բարձր, քան դա կլիներ ինքնարժեքով վաճառքի դեպքում։ Ավելին, կազմակերպությունը, «ակցիան» ներկայացնելով վաճառք ինքնարժեքով՝ զեղջեր կիրառելու մասին համապատասխան տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարություն չի ներկայացրել։
Հարց ու պատասխանի ընթացքում «Վեգայի» ներկայացուցիչն ընդունեց, որ իրենք իրականացված «ակցիան» որպես գովազդի տեսակ են ընկալել, ընդունեց, որ «ինքնարժեքով վաճառք» արտահայտությունը կարող էր լինել թյուրըմբռնման, մոլորության պատճառ, ընդունեց, որ գինն ավելին է եղել քան բառի տնտեսագիտական, հաշվապահական իմաստով ինքնարժեքը։
Եզրափակելով՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովը կքննարկի և կկայացնի համապատասխան որոշում։

Բաժին: featured