2008թ. մարտի 1-ի հանրահավաքը կանխվեց փոփոխությունները սաստելու նպատակով. Մարուքյան
Մարտի 1-ի պատասխանատուներին հայտնաբերելը եւ օրենքի առջեւ կանգնեցնելը հնարավոր է միայն համակարգային փոփոխությունների դեպքում: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Բոլոր նմանատիպ մեծ հնչեղություն ունեցող զանգվածային մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը ինչ-որ մի օր բացահայտվում են, եւ ինչ-որ մի օր այդ մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվում, իսկ դա հնարավոր է համակարգային փոփոխությունների արդյունքում»,-նշեց անկախ պատգամավորը:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հենց համակարգային փոփոխությունների դեպքում են անցումային արդարադատության հարցեր բարձրացվում:
«Իսկ այդ հարցերը կարեւոր են նրանով, որ հասարակությունը կարողանա ճշմարտությունը վերհանել, պատասխանատուներին,մեղավորներին հայտնաբերել, պատժել եւ հաշտվել»,-ասաց նա:
ԱԺ անկախ պատգամավորը հավելեց, որ Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը կարեւոր է, որպեսզի հետագայում նմանատիպ դեպքերը կանխվեն:
«Պետք է բացահայտվի, որպեսզի մենք այս վերքերը կարողանանք շուտ ապաքինել: Մենք բացահայտումով եւ դատապարտումով կարող ենք նմանատիպ դեպքերից խուսափել»,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ 2008թ. Մարտի 1-ի հանրահավաքը կանխվեց «փոփոխությունները սաստելու եւ այդ պահին ուղղակի վերջ դնելու նպատակով»:
Նշենք, որ 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում զոհվեց 8 ցուցարար եւ Ներքին զորքերի 2 ծառայող: Նրանց մահվան համար մինչեւ օրս ոչ ոք չի պատժվել:
Աղբյուր՝ news.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ