4+4+4 ձևաչափով բանակցություններից դրական ելք չեմ սպասում
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումների հետ իրենք առանձնապես հույսեր չեն կապում, «քանի որ այն դրույթները, որոնք մեզ համար վիճահարույց են, իշխանությունները քննարկումների ժամանակ հայտարարել են, որ դրանք չեն փոխվելու: Ուստի այդ դեպքում գնալ էնտեղ, նստել նկարվել իշխանությունների հետ ու ասել, թե ինչ-որ բան ենք քննարկում՝ անիմաստ ենք համարում»:
Էդմոն Մարուքյանը տարակուսելի է համարում այն հանգամանքը, որ իրենք սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումներին մասնակցելու համար պիտակավորվում էին ընդդիմության կողմից, իսկ այժմ նրանք են մասնակցում այս քննարկումներին:
Պատգամավորի խոսքով՝ իրենք, ի տարբերություն իրենց գործընկերների, վստահում են ընդդիմադիր գործիչներին, «և եթե նրանք իրենց վրա բոլորի փոխարեն բանակցելու բեռ են վերցրել՝ առանց նաև մեզ հարցնելու, թող գնան բանակցեն: Մենք որևէ հույս չենք կապում այդ բանակցությունների հետ»:
Էդմոն Մարուքյանը ընտրական ներկայիս փաստաթուղթը համարում է առնվազն 10 քայլով հետընթաց, որի արդյունքում ստեղծվում են ծայրահեղ անհավասար մրցակցային պայմաններ:
Բաժին: featured, Հարցազրույցներ, Տեսանյութեր