Պետք է դիմել ՄԱԿ-ի ԱԽ. Էդմոն Մարուքյան
«Աշխարհում որևէ այլ երկիր չգիտեմ, որ իր ռազմավարական գործընկեր պետության հակառակորդ պետությանը զենք վաճառի, այն էլ ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Ղարաբաղյան թեժացում. հետևություններ և անելիքներ» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ասաց պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ գրավոր նամակներով դիմել է ՌԴ, Իսրայելի գործընկերներին, որպեսզի այլևս զենք չսպասարկեն Ադրբեջանին, չեղարկեն Ադրբեջանի հետ ունեցած ռազմական համագործակցության պայմանագրերը. «Գոնե այսօրվանից հետո Ադրբեջանին այլևս զենք չսպասարկեն, քանի որ այդ զենքով նա թույլ է տվել ռազմական ագրեսիայի ակտ, պատերազմական հանցագործություն: Ելնելով այս հանգամանքից, նաև տարածաշրջանում խաղաղություն, կայունություն պահպանելու միջազգային պարտավորություններից, պետք է դադարեցնեն Ադրբեջանին զենքի սպասարկումը»,- ասաց Է. Մարուքյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ հայկական կողմն իրավական հարթակում անելիքներ ունի:
«Տեղի է ունեցել ագրեսիայի ակտ, պատերազմական հանցագործություն: Պետք է փաթեթ պատրաստել ու ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի վերջինս դիմի Միջազգային քրեական դատարան: Կարևոր չէ, թե Անվտանգության խորհուրդը կմերժի Հայաստանին կամ կդիմի դատարան, կարևորն այն է, որ այն կդառնա քննարկման առարկա: Անվտանգության խորհուրդը պարտավոր է քննարկել, ինչի արդյունքում կլինի բավականին մեծ հնչեղություն, դիվանագիտական մեծ արձագանք, հնարավոր է նաև նոր պատժամիջոցների հիմք հանդիսանա»,- ասաց Է.Մարուքյանը:
Նա նաև նշեց, որ պետք է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ԱԺ պատգամավորն իր խոսքում նշեց, որ այսօրվա կրակի դադարումը թշնամուն պարտադրված է հայկական բանակի շնորիվ. «Թող որևէ մեկը չփորձի ծախել մեր ժողովրդի վրա, թե իբր համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում»:
Աղբյուր՝ panorama.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ