Լկտի քարոզչություն է, ես նման անունով հորեղբոր որդի չունեմ. Էդմոն Մարուքյան

09/08/2016

Այսօր լրատվամիջոցներից մեկը «Էդմոն Մարուքյանի հորեղբոր որդին ընտրակեղծարա՞ր. նրան դատարան կհրավիրեն» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը ընտրախախտում կատարած մի անձի՝ Դավիթ Մարուքյանի դատավարությանը։ Ըստ գործի նախապատմության՝ 4/20 տեղամասում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին (հանրաքվեին) կեղծիք է տեղի ունեցել, 500-ից ավելի քվեաթերթիկ է լցոնվել և 300 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են եղել «ոչ», ոչնչացվել են: Այդ արարքի համար դատապարտվել է հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը, բայց կեղծ արձանագրությունը ստորագրած են եղել նույն հանձնաժողովի անդամներ Դավիթ Մարուքյանը, Ռուզաննա Ալեյանն ու Ադա Ասարյանը: Կայքը, հղում անելով ոմն Ալիտա Սարդարյանի, գրել է, որ «Դավիթ Մարուքյանը՝ այդ կեղծարարներից մեկը, Էդմոն Մարուքյանի (ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր) հարազատ հորեղբոր տղան է»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Դավիթ Մարուքյան անունով հարազատ հորեղբոր որդի չունի։ «Նախ ասեմ, որ նման հրապարակում մեկ անգամ եղել է հանրաքվեից անմիջապես հետո, որի հետ կապված ես պարզաբանել եմ, որ մենք նման հորեղբոր տղա չունենք։ Ես երեք հորեղբայր ունեմ, մեկը մահացել է և իմ հորեղբոր որդիների անուններն են Մանվել, Արման, Վահրամ և Արտակ։ Բայց հիմա նորից այս կայքն է տարածում այդ տեղեկությունը, որն արդեն հստակ կազմակերպված քարոզարշավ է»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այդ հրապարակումից առաջ որևէ լրագրող այդ կայքից չի զանգահարել իրեն և չի ճշտել այդ տեղեկությունը՝ ճիշտ է, թե սխալ, ինչը պատգամավորը լրագրողական էթիկայի լուրջ խախտում է որակում։

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ