Բացակա պատգամավորները կողմ էին, իսկ Մարուքյանը` դեմ. կառավարության ծրագրի քվեարկության հետքերով
ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրը, տեղի ունեցավ «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քվեարկությունը: Արդյունքում՝ 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կառավարության ծրագիրն ընդունվեց: Ինչպես սովորաբար է լինում, ԱԺ-ում եղան բացակա պատգամավորների երկու տեսակ` իրական բացականեր եւ բացակա-ներկաներ: «Ժողովուրդ»-ն արձանագրեց, որ երեկ ԱԺ արտահերթ նիստին, ինչպես եւ նախորդ օրերին, բացակայում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Սեդրակյանը եւ Սեյրան Սարոյանը: Բայց պարզվում է, որ այս պատգամավորներն անգամ իրենց բացակայության ժամանակ կարողանում են քվեարկել, բնականաբար՝ կողմ: Ինչեւէ: Կառավարության ծրագրին իրենց դեմ քվեարկությամբ անհամաձայնություն էին հայտնել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, դե յուրե նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դե յուրե նույն խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Քվեարկության արդյունքներից ամենահատկանշականը Էդմոն Մարուքյանինն էր: Ինչո՞ւ, որովհետեւ նա իր պատգամավորական գործունեության չորսուկես տարիների ընթացքում առաջին անգամ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին: Արդյո՞ք Կարեն Կարապետյանի ծրագիրն ավելի վատն էր նախորդներից. փորձեցինք հետաքրքրվել Էդմոն Մարուքյանից: -Պարո՛ն Մարուքյան, Ձեր պատգամավորական գործունեության չորսուկես տարվա ընթացքում առաջին անգամ դեմ քվեարկեցիք կառավարության ծրագրին: Ինչո՞վ էր դա պայմանավորված: -Բազմաթիվ հանգամանքներ կան: Նախ կաշկանդված էի կուսակցության որոշումով: Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` ես չորսուկես տարիների ընթացքում առաջին անգամ եմ որպես կուսակցության ներկայացուցիչ քվեարկում, մինչ այդ եղել եմ անկախ քվեարկող եւ ինչպես ցանկացել, այդպես քվեարկել եմ: Հիմա նախ վարչապետը չէր հանդիպել, չէր քննարկել ծրագիրը, սա էլ լուրջ դեր ունեցավ, քանի որ մենք մեր առաջարկները հնարավորություն չենք ունեցել տալ նախապես, մասնավորապես, ծրագրի հակակոռուպցիոն գլխի հետ կապված, որի մասին ես հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեցի, նաեւ այն, որ փոստ ֆակտում բերված ծրագրի վրա որեւէ ազդեցություն չունենք, ըստ էության: Հիմա դեմ քվեարկեցինք, եթե ընթացքում ծրագիրը լավագույնս կիրականացվի կամ մեր առաջարկները հաշվի կառնվեն ընթացքում, որը որ մենք պատրաստվում ենք ներկայացնել, այդ ժամանակ էլ կարող ենք առանձին բերված նախագծերին էլ աջակցել: -Արդյո՞ք Ձեր քվեարկությունը ենթադրում է, որ Կարեն Կարապետյանի ծրագիրը ավելի վատն է, քան Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների ծրագրերը: -Ո՛չ, ծրագրերը բոլորն էլ միշտ լավն են եղել, բոլոր ծրագրերում էլ շատ լավ բաներ են գրված, ուղղակի Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ծրագրերի վրա ես անձամբ ազդեցություն ունեցել եմ: Օրինակ՝ Տիգրան Սարգսյանը, ծրագիրը մինչեւ խորհրդարան ուղարկելը, առանձին հանդիպել է, յուրաքանչյուր պատգամավորի հետ քննարկել եւ առաջարկներն ընդունել է, այսինքն՝ այստեղ բազմաթիվ տարբերություններ կան: Միանշանակ չենք կարող ասել, որ այն մեկի ծրագիրը լավն էր, մյուսինը՝ վատ, բոլորի ծրագրերն էլ ընտիր ծրագրեր են եղել, իրականացնելու ընթացք է սա: -Փաստորեն, որեւէ առաջարկություն չի եղել համատեղ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ: -Ասվեց, որ միայն ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հետ է քննարկվել, դե, ուրեմն հիմա էլ թող իրենք էլ կողմ քվեարկեն, ինչ խնդիր: -Պարո՛ն Մարուքյան, մտավախություն չունե՞ք, որ Ձեր ընտրատարածքում չեք կարող պետական ֆինանսավորման միջոցով ծրագրեր իրականացնել: -Դա բյուջեի ժամանակ է ներկայացվում, այդ ժամանակ ես էլի կներկայացնեմ, եթե կընդունեն, համապատասխան վերաբերմունք կլինի, չեն ընդունի, էլի համապատասխան վերաբերմունք կլինի: -Գիտեք՝ ինչու եմ հարցնում, որովհետեւ Դուք նախկին ծրագրերին կողմ քվեարկելու փաստը պարզաբանել եք մի հանգամանքով. կողմ եք քվեարկում, որ կառավարությունը աջակցի Ձեզ Ձեր ընտրատարածքում ծրագրեր իրականացնելու համար: -Այո՛, բայց եթե հիմա չեն քննարկել, եթե չեն հարցրել՝ ինչ առաջարկ ունեք, օրինակ, Վանաձորի վերաբերյալ, էլ ինչ աջակցի, չի եղել նման քննարկում, ինչի մասին է խոսքը: Երբ որ կողմ եմ քվեարկել, դրա համար եղել են կոնկրետ հիմնավորումներ նախապայմանների բավարարում, եթե դեմ, ուրեմն չի եղել, շատ տրամաբանական է, ես որեւէ քվեարկություն անտրամաբանական երբեւէ չեմ արել: Իմ քվեարկությունները պարզ են եւ հստակ:
Վահագն Հակոբյան
Աղբյուր՝ armlur.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ